Այրած երգեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մուսայիս (Ահա կրկի՛ն ինձ հետ ես, ահա կրկի՛ն) Այրած երգեր

Եղիշե Չարենց

Օվկիանի երգը


Այրած երգեր


Երբ երեկոն իջավ, որպես հոգնած ճամփորդ,
Եվ փոշեպատ նստեց տանիքների վրա,-
Ես սենյակս մտա իմ խոհերի ճամփով
Եվ հանեցի երգերըս մի երեկո գրած:
Ես հանեցի երգերըս ու կարդացի կրկին
Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու,
Եվ խորշեցի ես ինքըս իմ հուսահատ երգից,
Եվ ամոթի թախիծն էր իմ ճակատին չոքում,-
Երբ տողերի միջից իմ երգերի, իմ այդ
Մի երեկո գրած նվագների տակից
Հառնեց հանկարծ, նայեց ու ժպիտով ժլատ
Ինձ ողջունեց նազով արդեն մեռած մի կին:
Ու տողերիս միջից ինձ պարզեցին երկու
Նախատինքի սրեր` երկու աչքեր մեռած,
Հետո սրբեց ճակատըս նա իր նրբին ձեռքով,
Եվ խո՜ր հանգիստ իջավ իմ աչքերի վրա:
Նա ինձ ասաց, այդ կինը, իմ տողերի միջից.
« - Արիացի՛ր, ընկե՛ր իմ, ամրապնդվի՛ր ոգով,
Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին,
Որ վերանա խավարը քո հուշերին չոքող:-
Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա,
Թե ուզում ես, որ հուշըս չխավարի քո մեջ,-
Կրի՛ր պայծառ անունըդ մարտիրոսի նման,
Եղիր ոգով անդու՛լ դու, ու մաքառող, ու մեծ»․․․
Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քու՛յր,
Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին,-
Ահա կրկի՛ն արև է իմ խավարած հոգում
Եվ կենսատու ժպիտ է իմ տարամերժ դեմքին:-
Երբ դադարեց քո ձայնը այն երեկո - հանգիստ
Ես շոյեցի ճակատըս ու վառեցի կրակ,
Եվ հանձնելով իմ կյա՛նքը հերոսական կամքիդ՝
Ես այրեցի երգերըս մի երեկո գրած․․․


1929