Անունս թողել եմ դրսում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աչքովս ընկավ մի նետված ջութակ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Անունս թողել եմ դրսում)

Վարդան Հակոբյան

Իմ թխպամած հավատի պես
***

Անունս թողել եմ դրսում,-
բողբոջը պայթելուց առաջ,
գարունը զարթնելուց առաջ
ի՞նչ են հուշում. -
գուցե մի բա՞ն ասի անունս։

Ձեռքերս թողել եմ դրսում,-
պատերը հառնելուց առաջ,
հունդերը ցանվելուց առաջ
ի՞նչ են հուշում.-
գուցե մի բա՞ն ասեն ձեռքերս։
Երգերս թողել եմ դրսում,-
հերկերը հերկվելուց առաջ,
վերքերը երգվելուց առաջ
ի՞նչ են հուշում.-
գուցե մի բա՞ն ասեն երգերս...