Անուշի ալբոմից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Շնորհավոր...» Անուշի ալբոմից

Հովհաննես Թումանյան

Գրադարանս



ԱՆՈՒՇԻ ԱԼԲՈՄԻՑ


Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ
Պատրանքի մեջ՝ ես մանկուց։

Ես չըգտա ոչ մեկին
Երազներից իմ շըքեղ,
Եվ ոչ մի մարդ, ոչ մի կին՝
Հերոսներից իմ շըքեղ։

Երազեցի շարունակ

Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ՝
Պատրանքի մեջ՝ ես մանկուց։


1917