Աշնան պատկերներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խոտ ու կանաչի Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Աշնան պատկերներ)

Վարդան Հակոբյան

Իր կանաչ արձակ թեւերին
ԱՇՆԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ

                Մի արջ անցավ անտառով,
                Գիրքս էր կարդում, մրթմրթում։
                                         Գ. ՄԱՀԱՐԻ

Հավքը չորացած սաղարթների մեջ
Թեւահարում է. գիշերվա պահ է։
Գիշերացողը, կաթուկը տանձի,
          Մի քանի տերեւ,
Գուցե եւ փետուր
Թմբկահարում են վրանիս վրա։
Ես՝ վրանով մեկ փրկված լույսի մեջ,
          խզբզում եմ լուռ։
Ապա ելնում եմ
Վաղ լուսադեմին
Եվ ներողություն խնդրելով հեռվում
           սպասող արջից,
Վրանս առնում,
Քաշվում, գնում եմ...
Ինձանից հետո արջի քոթոթը
Ոտնահետքերս աշխույժ հոտոտում,
Դառնում է մորը. -
           Ո՞վ էր այս քեռին...
Եվ արջը, որպես հարցի պատասխան,
Թաթով սեղմում է ինձնից մնացած
           Մի թղթի կտոր
Ու քոթոթներին մատչելի լեզվով
Բարձրաձայնում խզբզանքը իմ.
«Ներիր ինձ աշուն, որ չհնարված
           Քո երգերի մեջ
Ես իմ սարքովի բառերն եմ խոթում»։
Եվ մի ժպիտով ողջն ինձ ներում են
Ու շարունակում աշունն անտառում...