Արիս Արսենիի պոեմներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Չափածո երգիծանք
Լռության րոպե
ՊՈԵՄՆԵՐ



Արիս Արսենի

Հայրեններ
Ցնորք

Ց Ն Ո Ր Ք[խմբագրել]

           Ընդամենը երեք ամսվա կյանք ապրած քրոջս` ԱՆԺԵԼԱՅԻ հիշատակին

Ա
Երբ դու հեռացար, քո՜ւյր իմ, մեզանից,
Ինձ համար դարձար
Չբացահայտված մի մութ առասպել,
Մի տխուր լեգենդ...
Եվ ես հասկացա, որ ինչ էլ լինի`
Այլևս չես գա դու մեզ տեսության:

Քո՜ւյր իմ սիրելի,
Դու չկաս թեկուզ,
Սակայն ապրո՜ւմ ես իմ էության մեջ,
Իմ ամեն տողո՜ւմ...

Դու չկա՜ս թեկուզ,
Սակայն, հավատա՜, քանի կա՜մ կյանքում,
Քանի ապրում եմ`
Կապրես նաև դո՜ւ...

Բ

...Ամռան արևի հիասքանչ բույրից
Շնչեց ու ելավ հունիսի յոթը,
Կարծես թե ելավ հնոցի միջից`
Տաք շնչառությամբ լցնելով օդը:

...Այն առավոտյան զեփյուռներ ելան,
Իմ մոտով կամաց սահելով անցան:
Արդյո՞ք ուզեցին ասել նաև ինձ,
Բայց լեզու ունե՞ն, էլ` ինչպե՞ս, և` ի՞նչ...
Դե, լա՜վ, ինչ-որ է, ես դա իմացա:
Այն զեփյուռներից ես լա՜վ հասկացա,
Թե ինչպես գյուղում ինձ քո՜ւյր է ծնվել...
Ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ ես ուշ իմացա...

Գ

Թռչո՜ւմ է սիրտս, թևում դեպի տուն`
Տեսնեմ ժպիտը նորեկ իմ քրոջ:
(Հոգուս մեջ մի լույս կրակ է վառվում,
Եվ այդ կրակից` մարմինս ամբողջ):

...Այնքա՜ն անուշ է լեռնային քամին,
Այնպե՜ս է բուրում իմ Ղարաբաղում,
Պատմելու բան չէ, որ այդ ձեզ պատմեմ,
Զգալու համար նախ պիտի տեսնել...

Ու մինչ կհասնեմ` այնտեղ եմ մտքով,
Իմ կապուտաչյա ծննդավայրում,
Որտեղ կապույտ է երկինքը միշտ էլ,
Որին տենչում եմ ու որին սիրում...

...Ահա, ուր-որ է` դեմս կբացվեն
Իմ սուրբ օրրանի դռները, գիտեմ,
Որ փրփրակապույտ ջրերով վազող
Թարթառի ձայնը շուտով ես լսեմ...

Դ

Այստեղ եմ արդեն` իմ սուրբ օրրանում,
Ուր լուրթ, կապտավուն երկինքն է փայլում:
Արևն է կապույտ, ջրերն են կապույտ,
Դեպ կապտակոհակ Թարթառն են վարգում:

Իսկ շուրջ-բոլորը` անտառ է միայն...
Ու թափառում եմ այդ անտառներում,
Թափառում երկար,
Առանց դադարի:
Ձորից աղմուկն է լսվում Թարթառի,
Թախանձում է, որ իրեն է՜լ նայեմ,
Թշշում է ձորում, աղմկում, լռում`
Այդ զարմանալի «հնազանդ» գետը...

Ու կլանվել եմ ես բնությունո՜վ,
Իմ լեռնաշխարհով, իմ սուրբ օրրանո՜վ,

Ես հմայվե՜լ եմ, ես երջանի՜կ եմ,
Որ պարփակված եմ այս անտառներով...

Ե

Իմ բնաշխարհն է, կարոտել եմ ես,
Դա հասկանում է կյանքում ամեն ոք:
Տեսնել ու փարվել, հայրենի՜ հող, քեզ`
Այդպես տենչում է կյանքում ամեն ոք:

Իմ սո՜ւրբ օրրանը...

...Պայծառ երկնքից ներքև է նայում
Մինչև աստղերը ձգված, բարձրացած
Իմ Մռավ սարը,
Ներքև է նայում, նայում ու ժպտում:

Իմ լեռնաշխա՜րհն է` այդպես վեհացած,
Նայում է նա ինձ աչքերով ծավի,
Ձմռանն` ահել է ասես ճերմակած,
Գարնանը` կայտառ, ինչպես պատանի...

Զ

Ահա՜ մեր գյուղը... Տեսե՜ք դուք նրան,
Հաճելի է շատ այստեղ ինձ համար...
Ամենուր ինձ եմ տեսնում ես կարծես,
Մանկութ օրերն իմ անցել են այստեղ...

Ահա՜ մեր գյուղը... Իր վառ երազով
Նայում է մարդկանց, նայում աշխարհին,
Կարծես իրեն է հասանել բարին,
Որ բաժանում է արդար, բոլորին...
Ահա՜ մեր տունը` աղբյուրի գլխին,
Տնից քիչ ներքև` մեր փոքրիկ այգին,
Հարազատներս են ծառերն էլ ասես,
Ասես տիրել եմ համայն աշխարհին...

...Իսկ գյուղում շա՜տ կան թովիչ աղբյուրներ,
Հիշվո՜ղ, մոռացվա՜ծ, անհաշի՜վ, անհա՜յտ...
Այդպես մեր գյուղի խոր անտառներում
Ապրո՜ւմ են նրանք:
Թեկուզ կիսավեր,
Անանուն հեռվում`
Սակայն ո՜ղջ են դեռ...
Ու հիշվում են միշտ,
Ամեն ժամ, վայրկյան...
Եվ այցելում են մարդիկ միշտ նրանց:

Է

Ահա և` տանն եմ,
Քո կողքին եմ ես, քույրի՜կ իմ, իմ լա՜վ,
Դու ծիծաղում ես, հրճվում ես անվերջ:
Իսկ երբ գրկում ու գուրգուրում եմ քեզ`
Թվում է` իմն է աշխարհը արար,
Իր վայելքներով, իր հրաշքներով...
...Ի՞նչ կա ավելի թանկ ու հաճելի,
Քան կյանքը մարդու:
Քեզ բաժին ընկա՞վ, արդյոք, գոնե` քիչ,
Փոքրի՜կ իմ քույրիկ...

Ը

Ծիծաղի՜ր, իմ լա՜վ, ծիծաղի՜ր անվերջ,
Ոչինչ չե՜մ փոխի քո ծիծաղի հետ
Ես այս աշխարհում:
Թախիծը` մի կողմ,
Դու կյանքը սիրիր կենսուրա՜խ սրտով:
Եվ միշտ հավատա`
Բարի՜ է կյանքը` իր ծով բարությամբ:
Դո՜ւ էլ միշտ բարին սիրիր աշխարհում:
...Եվ միշտ ծիծաղի՜ր: Ու անվերջ հրճվի՜ր:
Ծիծաղն է բացում մարդու ներաշխարհն
Իր հմայքների ո՜ղջ գեղեցկությամբ:
...Ծիծաղի՜ր, քույրիկ, ծիծաղի՜ր անվերջ:

Թ

Ծիծա՜ղն է հնչում փոքրիկ իմ քրոջ,
Զրնգում` ինչպես ձայնը արծաթի,
Ծիծաղը նրա` աշխա՜րհն է լցվել,
Ծիծաղո՜վ է նա աշխարհին տիրել...

Ծիծա՜ղն է հնչում, ծիծա՜ղն է զնգում,
Երկաթե ձգված զսպանակի պես,
Եվ ձայնը նրա`
Երկնի կապույտում կորչում է ասես,
Կրկին հայտնվում
Ու զնգզնգալով աշխարհը լցնում
Երգերով քնքուշ, անկեղծ, սիրելի...
Ծիծա՜ղն է հնչում...
Ծիծա՜ղն է զնգում...
Ծիծա՜ղն է վազում...
Ծիծա՜ղն է թռչում...

Ու երջանկությամբ լցվում է հոգիս,
Եվ բարի՜-բարի մի երանությամբ...

Ժ

...Բայց եկավ պահը մահվան տագնապի,
Կարկամեց քույրս` թեև քիչ առույգ,
Ինչպե՞ս, սուրբ դեմքին ծիծաղը կապտի՞,
Հեռանա` առանց «հրաժեշտ տալո՞ւ»...
Գնա՞: Ու երբեք էլ ետ չի՞ գալու...
-Քո՜ւյր իմ,- ասացի,- այդ ո՞ւր ես գնում...
Չլսե՞ց, լսե՞ց` ժպտաց ու... հանգավ...
Իսկ երբ նայեցի ես նրա դեմքին,
Տեսա, թե ցավը ինչպե՜ս չքացավ:
Ու թեև էլ չէր շնչում արդեն նա,
Բայց փոքրիկ դեմքին թառել էր սառած
Մի քնքո՜ւշ ժպիտ:
Ու ես զգացի,
Որ ծիծաղո՜վ է ընդառաջ վազել
Դեպ մահը դաժան,
Ծիծաղո՜վ միայն...

ԺԱ

Քո գերեզմանին
Չեմ թափել երբեք աղի-արտասուք,
Սակայն, հավատա՜, իմ լա՜վ, իմ փոքրի՜կ,
Սի՜րտս է թախծել քո մահվան համար,
Սի՜րտս է լացել...

...Դե՜հ, մնա՜ս բարով, իմ քնքո՜ւշ քույրիկ,
Պինդ կաց... հողի տակ հանկարծ... չմրսե՜ս...
Դե՜հ, մնա՜ս բարով...
Եվ միշտ... ծիծաղի՜ր քո... գերեզմանում:
Հանկարծ... չտխրե՜ս...
...Եվ դու ապրեցի՞ր,
Դու ի՜նչ կյանք տեսար...

ԺԲ

...Եվ դու հեռացար,
Քո՜ւյր իմ, մեզանից:
Չբացահայտված իմ անհո՜ւյս լեգենդ,
Իմ մո՜ւթ առասպել:
Ու թեև... չկա՜ս,
Թեև չե՜ս գալու այլևս,
Քույրի՜կ,
Սակայն, հավատա՜,
Որ ապրո՜ւմ ես դեռ
Ու կապրե՜ս անվերջ երազներիս մեջ...

1977, Դիլիջան-Կոճողոտ


ՎԵՆԵՐԱ... ՍԻՐՈ ԽՈՐՀՈՒՐԴԸ[խմբագրել]

Հատվածներ չգրված պոեմից

1

Դու այնպե՜ս ես ալեկոծվում, սիրտ, ու այնպե՜ս ես հուզվում,
Երբ որ կորսված սիրո մասին պատմություններ ես լսում,
Քանզի ոչ-ոք չի ցանկանում, որ իր սերը կործանվի,
Ու կարծում է` իր սիրածը միշտ... իրենը կլինի:

...Ա՜խ, դու խոցված ինձ թողեցիր, իմ Վեներա՜, իմ սիրա՜ծ,
Ես մնացի այդ օրվանից ալեկոծված, փոթորկված:
Դու հեռացար, բայց մնացիր իմ հոգու մեջ հավիտյան,
Որովհետև քե՜զ հանդիպել ու սիրել եմ քե՜զ միայն:
Հասկացե՞լ ես քո սխալը, սակայն, ո՜ւշ է, սիրելի՜ս...
Բայց երբ մեկ-մեկ հանդիպում ենք` այնպե՜ս նայում ես դու ինձ,
Ցանկանում ես քո պատկերը գտնել սրտիս հայելո՞ւմ,
Բայց, Վեներա, ավերակ է հիմա սերդ իմ սրտում:
Ավերակված է արդ սիրտս ու մթագնած` հայելին,
Իզո՜ւր ես դու այդպես երկար նայում խոցված իմ սրտին:
Այնտեղ ոչինչ դու չես տեսնի ու չես գտնի նույնիսկ... քե՜զ,
Թե իմ սրտի հայելու մեջ, իրոք, միայն դո՜ւ լինես:

Թեև ուշ է արդեն, բայց ես միշտ կհիշեմ քեզ, իմ լա՜վ,
Դու չտեսնե՜ս քո օրերում ո՜չ կսկիծ, ո՜չ սիրո դավ...

1977, Դիլիջան

2

Նորից գարնան շունչը ցրեց մորմոքները իմ հոգու,
Մտա պարտեզ` այն աղջկա համար վարդեր փնջելու:

Բայց վարդի տեղ սի՜րտս եմ տալու այն աղջկան լուսերես:
Որ միշտ գարնան շունչը ապրի, ապրեցնի նաև մեզ...

Սերը անմար հո՜ւրն է կյանքի, սերը վարդ է ու ծաղիկ,
Սիրած աղջիկն ինչքան անգեղ` միշտ թվում է գեղեցիկ:

Պետք է սիրով ու սրբությամբ պահել սերը անարատ,
Սերը մարդուն թև է տալիս, մարդը սիրով է անհաղթ:

Սերը հույս է միշտ ներշնչում դժվար պահին քո կյանքի,
Սիրով հեշտ ես հաղթահարում կեռմանները քո ճամփի:

Գուցե ծովը ոչ ալիքներ, կամ ոչ էլ ջուր ունենար,
Եթե սիրո հուրը մարեր ու աշխարհից վերանար:

Բայց սերը կա, կա աշխարհը, որ հիմնված է սուրբ սիրով,
Ու աշխարհը ինչքան էլ մեծ` գեղեցիկ է լոկ... ծովով:

...Կյանքը ծով է մեծ ու անհուն, սկիզբ չունի, ոչ էլ` վերջ,
Մարդը անհույս մի տաշեղ է` ընկած ծովը` խոր ու մեծ:

Օրորվում է ծովը հանդարտ, ալիքներով իր խաղում,
Թփրտում է տաշեղը հեզ ու նորից չի... ընկղմվում:

Փոթորկվում է ծովը հանկարծ. ջրերն իրար դեմ կռվում`
Բարձրանում են` ալիք-ալիք իրար խեղդած գլորվում:

Իսկ տաշեղը, խեղճ տաշեղը ջրերի մեջ մեն-մենակ,
Խենթ ջրերի դեմ մղում է կենաց-մահու մենամարտ:

Ու թվում է, թե չի... հաղթի, թե կկորչի ջրերում,
Բայց իր հեռու ափին հանկարծ սեր-հավատ է նշմարում:

Գոտեպնդված իր մեծ սիրով ու հավատով մարդկային`
Հաղթում է գոռ մենամարտում խենթ-խելագար ջրերին:

Հանդարտվում են ալիքները, ծովն է ասես լուռ մեռնում,
Մակույկ դարձրած հավատ ու սեր` ափ է նորից նա տենչում:

Բայց ցանկալի ափ կհասնի նա ոչ թե ոնց հեզ տաշեղ,
Այլ ծովի մեջ, մենամարտում հաղթած գոռ այր մի զորեղ:

Ու թե ծովում դու մոլորվես` մակույկը ափ կհանի,
Կյանքի ծովում սերը միայն ուղիղ ճամփով կտանի:

Կյանքի մակույկը սերն է հենց, համբույրն է սեր-աղջկա,
Ի՜նչ է, արդյոք, կյանքը մարդու, թե սրտի մեջ սեր չկա:

Ինչպե՞ս կապրեր մարդը կյանքում, եթե սերը չլիներ,
Ինչքա՜ն լավ է, որ աշխարհում և՜ արև կա, և՜ մեծ սեր...

...Նորից գարնան շունչը ցրեց մորմոքները իմ հոգու,
Մտա պարտեզ` այն աղջկա համար վարդեր փնջելու:

Բայց վարդի տեղ սի՜րտս եմ տալու այն աղջկան լուսերես:
Որ միշտ գարնան շունչը ապրի, ապրեցնի նաև մեզ...

19.05.82, Մարտակերտ

3

...Ներշնչանքն է սերը կյանքի` տրված սիրող սրտերին,
Սիրո չքնաղ ներաշխարհի երջանկությունն ու... գերին:
Դառն ու դատարկ մեր կիրք-ցավը իսպառ պիտի վերանա,
Հավերժական այս աշխարհում միայն սերը կմնա:
Թե սեր ունես, պիտի սիրես անհունորեն ու անհագ,
Բայց իզուր է կյանքդ հարկավ, թե չես սիրում նրան շատ:
Մերժված սերը դառն է լինում, բայց պիտ ցավին դիմանալ,
Իսկ երբ փակ է... ճանապարհդ` դու ուզում ես հեռանալ:
Բայց սերն ընկած դու չես տեսնի, սերը հպարտ կտեսնես,
Մի՜ վհատվիր, արի՜ եղիր, երբ մերժում է սերդ քեզ:
Վհատությունը քո սրտին վիշտ կբերի կրկնակի,
Թե ապրում ես` ամբողջ հոգով ատիր դավերն աշխարհի:

Ի՞նչ անենք, որ այդ աղջիկը և՜ անսիրտ էր, և՜ անսեր,
(Գեթ մի անգամ, երանի թե, նա այս խոսքերը լսեր),
Որ քեզ մերժեց, սիրտդ վառեց, թողեց` քեզնից հեռացավ,
Գուցեև իր սրտից հանեց, գուցե վաղուց մոռացավ
Քեզ, քո սերը: Ասա՜, ինչո՞ւ սիրտդ խոցեց ու գնաց,
Բայց տխրածոր քո երգերում նրա կարոտը մնաց:

Գուցե նա էլ հիշում է քեզ, գուցե քեզ չի մոռացել,
Հաճախ էլ քեզ համար գուցե նա է աչքերն իր թացել:
Դու մի՜ տանջվիր երբեք վշտից, երբ մերժում է սիրելիդ,
Թեև մերժված, բայց ունեցիր սիրով լցված մի ջե՜րմ սիրտ:
Եվ` հավատա՜, կգա մի օր` դու երջանիկ կլինես,
Ու քեզ համար մի վառ ծաղիկ, սիրող մի սիրտ կգտնես:

...Լսի՜ր դու միշտ խոսքերը իմ, խորհուրդները իմ բարի,
Որոնք ճամփա ցույց կտան քեզ` ճանապարհը մեծ կյանքի,
Եվ միշտ սիրիր անկեղծ սրտով, մինչև կյանքի վերջ սիրիր,
Ու ջինջ հոգով, ջահել հոգով սիրո խոսքեր անրջիր...

1977, Դիլիջան

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ[խմբագրել]

Հեղինակի կողմից

1973 թվական, սեպտեմբերի 13։
Վաղ առավոտվանից մարդիկ զինված կանգնել ու սպասում են։
Նրանք նախագահական «Լա Մոնեդա» պալատի պաշտպաններն են։
Նրանց հետ է նաև ժողովրդական նախագահը՝ Սալվադոր Ալիենդեն՝
նույնպես ավտոմատով։ Ֆաշիստական նողկալի գրոհին
հաշված վայրկյաններ են մնացել...


ՍԿԻԶԲ

Տագնապի իմ ցավը խորն է ու անամոք։
Ափերից ելել եմ, վարար եմ, հորդում եմ։
Ափերից ելել եմ, ինքս ինձ ուտում եմ։

Եվ էլ ո՞նց ես ցավս, մորմոքս ամոքեմ։
Եվ էլ ո՞ւմ հասցնեմ բռունցքված բողոքս։
Եվ ո՞վ է մոտիկս։
Եվ ո՞վ է ոսոխս։

...Սեպտեմբե՛ր, այս ինչքա՜ն անխիղճ ես ու դաժան։
Սեպտեմբե՛ր, ես ինչպե՞ս մոռանամ իմ ցավը։
(Այս ինչքա՜ն անամոթ, անխիղճ է աշխարհը)...

Մեր բաժին Աստվածն էլ քարացել՝ արձա՞ ն է...
Մեր բաժին Աստվածն էլ աստված չէ, վարձկա՛ն է։


ԹԱԽԻԾ

Ես սիրում եմ աշխարհը լույս...
Ես սիրում եմ փոքրիկ ու ցուրտ
Երկիրը իմ...
Պաբլո ՆԵՐՈՒԴԱ

Ապրում է իմ մեջ անունդ վառման՝
Կարո՞ղ եմ, արդյոք, մոռանալ ես քեզ,
Ես՝ որդին քո մեծ՝ Պաբլո Ներուդան,
Կանգնած եմ ահա հասակով իմ վես։

Ու կարոտներով, հավատով իմ լույս
Աշխարհներին եմ անունդ տանում,
Քեզ ո՞նց մոռանամ, Չի՛լի, սրբահույզ
Երկիր այրերի՝ քաջ ու աննկուն։

Քո տագնապները իմ հոգու մեջ են,
Ապրում են ինձ հետ իմ ամեն քայլում,
Դրանի՞ց է, որ տարերքի մեջ եմ,
Հուզմունքից դեմքս ինչպե՜ս է վառվում...

Քո մեծ սիրով եմ ես աշխարհ եկել,
Ապրել իմ կյանքը՝ քո սիրով միայն,
Չի՛լի, քո տրտունջ-տանջանքն եմ կրել,
Քո տառապանքը՝ աշխարհե-աշխարհ։

Եվ թեկուզ փոքր ես եղել, «ցուրտ երկիր»՝
Քո գիրկն եմ դարձել ես ամեն անգամ,
Սեր-հույսդ ինձ միշտ հուշել է՝ երգի՛ր,
Ու երգել եմ ես հավատով պայծառ։

Երգել եմ սերս, հավատս անսպառ
Ու քո քարերի մասին եմ երգել.
«Կծնվեի բյուր անգամ, քեզ համար
Կմարտնչեի, թե հնար լիներ»...

Ես ո՞նց կարող եմ, ես ո՞նց մոռանամ,
Երբ արյունը քո բռունցքված է դեռ,
Երբ որդիներդ քաջ ու անվարան
Բյուր անգամ կուզեն քեզ համար մեռնել։
Իմ հուշերի մեջ ապրում են նրանք,
Քո բյուր զոհերը՝ հերոս, քաջարի,
Որ մինչև վերջին կաթիլը արյան
Չեն զիջել երբեք դիրքը պայքարի։

Ընկել են թեկուզ, բայց չեն կորսվել,
Կանգուն են եղել ընդդեմ հողմերի,
Հավատով, սիրով լուռ մարտիրոսվել
Ու ապրում են դեռ փառքով... քաջերի։

Իմ մեջ ապրում է թախիծդ անհույս,
Թախիծդ՝ անծայր, թախիծդ անհուն...
...Ըմբոստ շարքերով քո որդեկորույս
Մայրերի երթն է ձգվում աննկուն։

Դեռ ողբն է հնչում քո հեգ որբերի,
Եվ շշունջները՝ լուռ, լալահառաչ,
Հոգնած քայլերը քո որդիների՝
Զրկված մայր հողից, զարկված, բզկտված։

Սակայն ապրում են նրանք ու դեռ կան՝
Աննկուն կամքով որդիները քո,
Մի գեղեցիկ օր նրանք դեռ կգան՝
Փրկելու և՛ տուն, և՛ երկիր, և՛ հող։

Ոտքի կելնի դեռ ժողովուրդը քո
Ընդդեմ խունտայի՝ նենգ ու դրուժան,
Ու նրան նորից կհաղթեմ երգով
Ես՝ ավագ որդիդ՝ Պաբլո Ներուդան։


ԱՐՅՈՒՆ

Ես չեմ ուզում, որ արյունը
Նորից ծծվի մեր երգերի
Եվ հացի մեջ...
Պաբլո ՆԵՐՈՒԴԱ

Ես չուզեցի, սակայն այնպես
Եղավ, որ ի՛մ արյունը հենց
Ծծվեց իմ լույս, իմ հուզառատ
Երգերի և ի՛մ հացի մեջ։

Ես չուզեցի... Արյո՛ւն տեղաց,
Հողս վառվեց հրդեհներում,
Խունտան իր կեռ ճանկը խրեց,
Որ ծծի իմ արյունը հուր...

Ու բանտվեցին ազատության
Մարտիկները։ Գլխատեցին
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը անգամ։
Բանտվեց հողս՝ երկիրս ջինջ...

«Ես ծնվել եմ, որ միշտ երգեմ»՝
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ սակայն չկար...
Շղթաների զնգոց էր լոկ՝
Արգելված էր երգս կարդալ։

Ջնջել էին անունս հուր,
Ասելով, որ իբր էլ... չկամ։
Բայց ես կայի, ապրում էի
Ժողովրդիս ցավ ու հոգսում...

Հալածանքնե՜ր, հերյուրանքնե՜ր՝
Ինչե՜ր չարին նրանք իմ դեմ,
Որ մայր հողս անտեր թողած
Լուռ հեռանամ օտար ափեր,
Ուրիշ քամու ընկեր դառնամ
Ու մոռանամ իմ մայրենին,
Հող-հայրենին իմ մոռանամ...
Ինչե՜ր չարին նրանք իմ դեմ...

Բայց ես կայի՛, ապրում էի՝
Ժողովրդիս երազներում։

Թափառեցի ես ամենուր,
Ուր էլ եղա՝ ինձ տանջում էր
Ժողովրդիս ցավը խորունկ,
Ուր էլ եղա՝ ժողովրդիս հետ էի միշտ,
Ժողովրդիս ցավ ու հոգսից,
Հուզումներից միշտ անպակաս։
Ուր էլ եղա՝ մի մեծ հավատ
Ունեի լոկ. մի օր պիտի
Ա՛յգը բացվի երկրիս վրա՝
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ա՛յգը բարի...

Ես չուզեցի՛...
Բայց արյունը մինչև հիմա
Դեռ ծծվում է իմ երգերի
Եվ... հացի մեջ։ Ու ես... եկա։
Եկա՝ տանս հող դառնալու...

«Ես ծնվել եմ,
Որ միշտ երգեմ»։
(Երգի՛ր, Պաբլո,
Երգի՛ր, անգի՜ն)...


ՀԱՎԱՏ

Ես հավատում եմ քեզ, Չիլի, հավատում եմ քո ապագային։
Կլինեն մարդիկ, ովքեր կվերապրեն այս դառն ու մռայլ
ժամանակները, և կգա այն օրը, երբ մարդն ազատ կապրի
ու կկառուցի նոր, լուսավոր կյանք...
Սալվադոր ԱԼԻԵՆԴԵ

Ազատության համար ընկած
Զինվորները չեն մահանում,
Ապրում են հար ժողովրդի
Երազներում, հուշերի մեջ,
Կարոտներում,
Հույզերի մեջ...

Դու՝ զավակդ բազմաչարչար
Ու տառապած ժողովրդիդ,
Քո մեծազնիվ ձգտումներով,
Նվիրական ու մեծ սիրով
Արյունդ հուր՝ կաթիլ-կաթիլ
Տվիր առանց վարանելու՝
Հողի՛դ,
Երկրի՛դ,
Ժողովրդի՛դ։
Տվիր՝ առանց վարանելու,
Միայն ապրեր ժողովուրդդ,
Ծաղկեր հողդ,
Հայրենիքդ։

Այդպես չեղավ կյանքում սակայն։

Հողդ վառվեց հրդեհներում,
Մոխիր դարձավ բախտը դաժան
Քո տարաբախտ ժողովրդի։
Հետո արդեն դու... չկայիր։
Քեզ հետ քանի՜-քանի քաջեր
Հայրենիքի, հողի համար,
Ժողովրդի համար ընկան։
Ընկան՝ առանց վարանելու...
Ընկան, որ միշտ ծաղկուն լինի
Հող-հայրենին և ազատվի
Ժողովուրդը տառապանքից...

Նրանք ընկան...

Քեզ հետ էին ահեղ մարտում
Անհավասար, ու քեզ հետ էլ
Քաջի մահով մարտում ընկան,
Անմահացան՝ քաջի մահով...

Ընկան, որ վիշտ, ցավ չլինի
Չիլիացու ժպիտներում,
Վերք չլինի։

Այդպես չեղավ կյանքում սակայն...
Խունտան վայրի, նենգ ու դաժան
Մեր երկիրը ավերակեց,
Ազատության զինվորներին
Բանտեց, մորթեց...
Քանի՜-քանի
Ազնիվ սրտով,
Մաքուր սրտով չիլիացի
<<Անհետ կորան>>։
(Կորա՞ն, իրոք, թե՞ կորցրին)։

Բայց նրանք կան ու ապրում են,
Ազատության համար ընկած
Զինվորները չեն մահանում,
Երբե՛ք, երբե՛ք...
Ապրում են հար
Ժողովրդի երազներում,
Ինչպես դու ես ապրում ու կաս,
Դու՝ զավակդ՝ բազմաչարչար
Ու տառապյալ ժողովրդիդ...


ԲՌՈՒՆՑՔ

Ես սիրում եմ ազատությունը, բայց բանտից չեմ վախենում,
սիրում եմ կյանքը, բայց չեմ վախենում մահից...
Լուիս ԿՈՐՎԱԼԱՆ

Նահատակվա՛ծ իմ եղբայրներ,
Մեր գործն արդար, վեհ ու բարի՝
Չի՛ մնալու երբեք կիսատ։
Դեռ պայքարը չի վերջացել։
Ցած չեն դրվել դեռ զենքերը
Ու քանի դեռ ապրում ենք մենք՝
Մեր ձեռքերը
Պետք է փրկե՛ն մեր ապագան։
Ու կփրկեն միայն զենքով
Սուրբ հավատի՛, ճշմարտությա՛ն։
Մեր ապագան պետք է փրկենք
Մենք բռունցքված մեր հավատո՛վ։
Արյունակի՛ց իմ եղբայրներ,
Անհավասար, ահեղ մարտում
Ե՛վ զոհվեցինք, և՛ բանտվեցիք։
Մեզ տանջեցի՛ն, բզկտեցի՛ն,
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը սակայն
Մեզնից վանել, մեր մարմնից
Կտրել-զատել չհաջողվեց,
Մեր սրբազան հույս-հավատից
Զտել-հանել չհաջողվեց,
Մեզ հետ բանտամենախցի
Մի անկյունում ապրում էր այդ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը ազնիվ,
Մաքրապայծառ, պայծառամեծ։

...Հիշում եմ ես՝
Քանի՜ անգամ ստիպեցին,
Որ բաժանվես ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատամեծ ու լույս բառից։
Քեզ կբանտե՛ք...
(Վախեցրին)։
Քանի՜ անգամ դահիճներին
Նենգ ու դաժան դու ասացիր.
- Սիրո՛ւմ եմ ես ազատություն,
Բանտից սակայն չե՛մ վախենում,
Չե՛մ վախեցել կյանքում երբեք...
- Քեզ կմորթենք...
- Կյա՛նքն եմ սիրում
Մեծ ու անհուն,- ասացիր դու,-
Մահից սակայն չեմ վախենում...

Քանի՜ անգամ քեզ բանտեցին,
Տանջեցին ու բզկտեցին,
Աննկուն էր ոգիդ սակայն՝
Տառապեցիր բանտախցում,
Բայց ապրեցիր ու հաղթեցիր՝
Բանտախցիդ դուռը բացվեց...
Մի ցավ էր լոկ հոգիդ մաշում՝
Դու փրկվեցիր, ժողովո՛ւրդդ
Սակայն մնաց բանտախցում։
Բանտախցում մնաց հո՛ղդ,
Հայրենի՛քդ, հա՛ցդ, ջո՛ւրդ։

...Պետք էր փրկել ու տուն բերել
Ե՛վ ժողովուրդ, և՛ հայրենիք։


ՆԱԽԱՎԱՐՏ

...Ինչքա՞ն է տևում կյանքը մարդկային,
Ինչո՞ւ են, արդյոք, մարդիկ մահանում,
Ես մեծ տագնապով, զայրույթով նաև
Մահվան ճամփեքին թակարդ եմ լարում։

Թող դարան մտած ինչ-որ քարայրից
Մահը դուրս ելնի դավին անտեղյակ,
Ու իմ թակարդի հպումի ցավից
Նա հանկարծակի ընկնի փակի տակ։

Եվ մահկանացու մարդիկ աշխարհի
Մոռանա՛ն նրան, մոռանա՛ն նրան,
Մարդկային կյանքում շրջադարձ լինի,
Էլ մահվան նշած ճամփով չընթանան։

Սակայն երբ նորից ամպերը գուժկան
Խաղաղ երկնքի կապույտն են ծածկում,
Ու երբ ինչ-որ տեղ մարդը դրուժան
Իր նման մարդու ճամփան է փակում,

Երբ արյան ծովում խեղդվում են մարդիկ
Ու չկա մի ձեռք՝ օգնության համար,
Երբ «վերջը միայն բարին կատարի»
Հույսով են ապրում, հավատով անմար,

Ես ինչպե՜ս ապրեմ հանգիստ, անտարբեր
Ու չարձագանքեմ աղմուկին դարի,
Ինչպե՞ս չտեսնեմ տառապանքն անել
Ու մեղսոտ խիղճը «անմեղ» աշխարհի։

Ինչպե՞ս չկանչեմ քնած աշխարհին,
Որ այս թմբիրից մի կերպ... արթնանա,
Որ պայթյուններից դավադիր ռումբի
Մշտնջենապես քնած չմնա։

Մարդն ապրի կյանքում միշտ հաշտ ու խաղաղ,
Վիետնամ, Լիբանան՝ էլ չկրկնվի,
Եվ Արցախական հայոց աշխարհից
Բռնակալության բռունցքը չքվի։

Չշշմի մարդը՝ հոտից վառոդի
Ու կերտի նորից իր համար նոր կյանք,
Ելնեն շենքերը Ստեփանակերտի,
Հրաշքը կերտվի հողում ավերակ։

Եվ ինչ էլ լինի՝ մարդը մարդ մնա,
Իր նման մարդու ձեռքով չգնա...


ԱՎԱՐՏ

Ամերիկյան մայր-ցամաքի
Կողը խրված սրի նմանվող
Քո քարտեզի առաջ կանգնել
Ու գլխահակ ինչ որ բան եմ
Ես մտմտում
Ազատության մասին նորից,
Խաղաղության,
Երջանիկ ու անհոգ կյանքի,
Քո՛ երազի մասին,
Չի՛լի...

Իմ դիմաց քո հայրենասեր
Կանանց երթն է ձգվում նորից,
Երթն է ձգվում մեր մայրերի,
Մեր քույրերի...
Խաղաղության,
Արդարության ե՛րթն է ձգվում։

Ե՜րթն է ձգվում տառապյալի՝
«ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ԼՈՒԻՍ ԿՈՐՎԱԼԱՆԻՆ»...

Ե՜րթն է ձգվում՝
«ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՅԻՆ»...

Ե՜րթն է ձգվում՝
«ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ԱՐԿԱԴԻ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԻՆ»...

Ե՜րթն է ձգվում՝
«ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ..........................»...

...Ապրի՜ր, Չի՛լի։

Դեռ ուտում է քո մարմինը
Խլուրդը նեռ՝
Ապրի՜ր, Չի՛լի։
Պոկի՛ր գլխիդ կախված մահվան
Դաշույնը կեռ՝
Ապրի՜ր, Չի՛լի։

Դեռ ապրում է քո երազը,
Քո հավատը՝ հեռու մի տեղ,
Ապրի՜ր, Չի՛լի...

...Ամբողջովին բողոք դարձած,
Դարձած բռունցք մեծահզոր,
Հույս-հավատի ահազանգով
Ելել ես մեծ մի պայքարի՝
Ժողովրդո՛վ, հողո՛վ քո հին,
Չի՛լի, Երկիր՝ հայրենասեր քաջ այրերի...

Պիտի կերտես երազը քո,
Ու կիսավեր հողի վրա
Երկնես պիտի Չի՛լի մի նոր,
Նորացնես մի հի՜ն երկիր...

...Ապրի՜ր, Չի՛լի։


Հեղինակի կողմից

1973-ի սեպտեմբերի 28-ին Պաբլո Ներուդան այլևս չկար։
Խունտան չհանդուրժեց մեծ բանաստեղծի գոյությունը։ Ժողովրդի
համար սակայն՝ մեծ կորուստ էր դա։
Հրազենների փողերի տակ, սվինների ցցաշարերի միջով քայլում էին
չիլիացիները՝ նրանք վերջին ճանապարհ էին ուղեկցում սիրված բանաստեղծին։
Ներուդայի հուղարկավորությունը վերածվեց հուզիչ ցույցի՝ չիլիական
հայրենասերների արիության, նրանց կամքի՝ դիմադրության,
պայքարի ու հաղթանակի...

15-19.07.82, 15-20.08.82, Մարտակերտ 23.10-27.11.89, Ստեփանակերտ


1988, ՓԵՏՐՎԱՐ 27-29[խմբագրել]

Սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակին

Ա

Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած ոտքերս նվում են արդեն,
Հոգնած ձեռքերս ճչում են արդեն
-Հերիք է հոգնած օրերդ ճոճե՛ս,
Հերիք է... ննջե՛ս,
Հերիք է դու քեզ քո ձեռքով... ջնջե՛ս,
Տե՛ր կանգնիր ոգուդ, հողիդ ու քարի՛դ,
Տե՛ր կանգնիր հոգնած, հյուծված աշխարհիդ...

Հոգնած բառերս չեն արտաբերվում,
Տառ-տառ գալիս են, կուտակվում, պայթում,
Քարս, անունս, հողս, կարոտս,
Ո՞նց է՝ իրարից էլ չեն տարբերվում։
Արցախ եմ ասում՝ կարոտ է լսվում,
Կարոտ եմ ասում՝ հող է զգացվում,
Իսկ հող ասելիս՝ քար է հասկացվում,
Իսկ քար ասելիս՝ հոգնում է շուրթս,
Շանթվում է շուրթս՝ մնում եմ... թլոր։

Բ

Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած օրերս նվում են արդեն,
Հոգնած ձեռքերս ճչում են արդեն...
...Հոգնած ոտքերս մի կերպ քարշ տալով
Ես հավաքում եմ հուշերս անցած,
Անցած-չկորսված,
Ու ոխերիմին ձգտում այսօր էլ
Ոխով չնայել,
Բայց միշտ ոսոխին՝ արյունով հարբած,
Ճանապարհները իմ տունն են բերել
Ու գրիչ-որդիդ մատյանը թողել՝
Զինվոր է գրվել,
Ու մաճկալ-որդիդ լծկանը թողել՝
Զինվոր է գրվել,
Ու կատաղել է ոսոխն ավելի,
Ու... ավերվել է իմ հողն ավելի,
Ու ավարայրվել-պարտվել է էլի
Երկիրս խուժած խուժանը խուժդուժ,
Հեռացել անուժ։

...Բոլոր դարերում այդպե՛ս է եղել։
Բոլոր դարերում արյո՜ւն է հեղվել։
Բոլոր դարերում՝ կոտորած-եղե՛ռն։
Բոլոր դարերում՝ մահ-թալան-ավե՛ր։

Բոլոր դարերում հրդեհվել-վառվել
Ու ավերվել են քարե՜րը հայոց։
Բոլոր դարերում հրդեհվել-վառվել
Ու ավերվել են... դարե՛րը հայոց։
Բոլոր դարերում հայ շինականը
Զոհել է իրեն՝ գի՜րքը փրկելով,
Որ հարատևեն տառե՛րը հայոց։
Այդպե՜ս է եղել բոլոր դարերում...
Այդպե՜ս ենք ապրել բոլոր դարերում...

Գ

Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած ոտքերս նվում են արդեն,
Հոգնած օրերս ճոճվում են արդեն,
Հոգնած ձեռքերս ճչում են արդեն.
Հայ գլխին կախված դու հի՜ն արհավիրք,
Որ ապրում ես դեռ վայրի մոլուցքո՜վ,
Մեր դարավերջի՝
Դարասկզբյան նորացված չարիք,
Դու՝ հայոց բախտի փլուզում մի նոր,
Դու՝ նորակերպված Համիդ ու Թալեա՜թ։
Ես էլ ի՞նչ սրտով դիմեմ քեզ այսօր,
Դու ի՞նչ երեսով նայես ինձ այսօր,
Եվ ինչպե՞ս ապրենք միասին, այսօր։
Ես հանգիստ խղճով ապրում եմ այսօր,
Եվ հանգիստ նայում սև կերպարանքիդ,
Ու իմ ապրելուց դու... ցա՛վ ես զգում։
Դու ավերում ես, իսկ ես՝ արարում,
Իմ արարումից դու ցա՜վ ես զգում։
Իմ արարումից գայլանում էլի,
Իմ արարումից մոլեգնու՛մ ես դու,
Ու... որոշեցիր սպանել էլի,
Սպանել, որ ես դեռ... հա՜յ եմ այսօր,
Բայց ես չմեռա՛,
Ինչպես չմեռա բոլո՜ր դարերում...

Դ

...Այդպե՜ս է եղել բոլոր դարերում,
Արյո՜ւն է հեղվել բոլոր դարերում,
Կոտորած-եղեռն՝ բոլոր դարերում,
Մահ-թալան-ավե՛ր՝ բոլոր դարերում։
Այդպես ենք ապրել բոլոր դարերում։
Բայց մի նոր ցավով այրվում է հոգիս
Մեր ամենդարյա ցավին լրացում՝
Մեր դարավերջյա՜ն կոտորածներից։
Եվ, այդուհանդերձ,
Հպարտ եմ այսօր, որ հա՜յ եմ այսօր,
Անպարտ եմ այսօր, որ... հա՜յ եմ այսօր,
Ու թող իմ չկամն այսօր իմանա,
Որ ինչ էլ լինի՝ չեմ... գայլանա ես՝
Գա՜յլը մարդանա...

Ե

...Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած ոտքերս նվում են արդեն,
Հոգնած օրերս ճոճվում են արդեն,
Հոգնած ձեռքերս երկինք բռունցքված
Հոգնածությունից ճչում են արդեն.
- ԴՈՒ՝ ՀԱՅՈՑ ՎԵՐՋԻ՜Ն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ,
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻ՜Ն ՈՃԻՐԸ ԼԻՆԵՍ...
Հոգնած բառերս չեն արտաբերվում,
Տառ-տառ գալիս են՝
Կուտակվո՜ւմ, պայթո՜ւմ...

13.03.88, Ստեփանակերտ


ԼՌՈՒԹՅԱՆ ՐՈՊԵ[խմբագրել]

Արցախյան պատերազմի նահատակ համագյուղացիներիս հիշատակին

                              Դուք մեզ մի՜ կոչեք անհայտ կորածներ, 
                                           Խնդրո՛ւմ ենք, մարդի՜կ։ 
                                           Դուք մեզ հիշեցե՛ք։ 
                              Մեր անունը դուք պահեք ձեր սրտում 
                                           Ու սպասեք մեզ՝ 
                                           Մենք մի օր կգա՛նք։ 
                                           Կգա՛նք, 
                              Չէ՛ որ մենք ապրո՛ւմ ենք ու կա՛նք... 


ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Եվ պիրկ ձգվում է լռության րոպեն,
Անլուր ծանրանում հոգուս ծալքերում...
Սիրտ է քրքրում տվայտանքի թե՞-ն,
Որ տառապանքս է անտարբեր քերում։

Տխուր եմ, ցավիս սարերն են փլվել,
Մենակ եմ հիմա, սակայն ոչ անհույս,
Եվ ժամանակի դավին անտարբեր
Նոր շիվ է աճում տապալված կաղնուց։

...Թուրքը եկել է հասել Կոճողոտ,
Մեր օջախին է տիրանալ ուզում,
(Օ՜, ճակատագիր՝ դառն ու անողոք,
Քմահաճորեն ո՜նց ես հանդուրժում...

Ո՜նց ես թողնում, որ սուրբ երազը մեր
Անհույս թպրտա, կրնկահարվի,
Եվ հագուրդ տալով կրքերին իր նեռ՝
Թուրքը լիաթոք հիանա, հրճվի)։

Ու ելան անվախ տղաները մեր,
Հոգում վառ սերը հայրենի հողի,
Որ ավերակեն բերդերն «անառիկ»,
Որջերը՝ մեր շենն ասպատակողի...

Ու ելան... Սակայն արյուն էր, ավեր,
Եվ պատերազմում աշխարհակործան
Ընկան տղերքը՝ սրտերում՝ արև,
Սրտերում՝ գարուն, երազն՝ իրական...

- Արթուր Շուրայի Դանիելյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Գուրգեն Շուրայի Վարդանյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Մերուժան Սուրենի Սարգսյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Աշոտ Ռոբերտի Ավետիսյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Գարիկ Փարավոնի Հայրիյա՛ն...
- Ե՛ս եմ...
Կարոտել եմ, մա՜...

- Հրանտ Յուրայի Խաչատրյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Ռոբերտ Ռաշիդի Շամիրյա՛ն...
- Ե՛ս եմ...
Մայրս հիվանդ էր՝ անկողնուն գամված,
Բայց հայրենիքս թանկ էր ավելի...
Հայրս դիմանալ չկարողացավ...
Մայրս էլ գնաց...

- Մեխակ Զավենի Դանիելյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Բորիս Միշայի Սիմոնյա՛ն...
- Ե՛ս եմ...
Բալե՛քս, ո՞նց եք առանց ինձ...

- Արթուր Ռազմիկի Թադևոսյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Մանվել Արտուշի Վարդանյա՛ն...
- Ե՛ս եմ...
- Ազատ Շահենի Խաչատրյա՛ն...
- Ե՛ս եմ...
Դստրիկս ծնվեց, իսկ ես... չկայի,
Բայց ի՛մ կամքով է նա Ազատուհի...

- Կամո Ալբերտի Ադամյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Արարատ Ալեքսեյի Վանյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Անդրանիկ Արսենի Գրիգորյա՛ն...
- Ե՛ս եմ...
Ներո՞ւմ եք, որ ձեզ «խաբեցի»
Ու էլ ետ չեկա...
Ներո՞ւմ եք, ասե՛ք, թե՞ խռով եք դեռ։

...Ընկան, որ մնան,
Ընկան, որ հիշվեն։
Որ սերունդները մի՜շտ հպարտանան։
...Իսկ երկարում է լռության րոպեն։


ԵՎ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԹՈՒՐԸ ՀԱՆԿԱՐԾ
ԱՌԱՋԻՆՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵԼ ՍԿՍԵՑ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Արթուր Շուրայի Դանիելյանը ծնվել է 1966-ի փետրվարի 11-ին։
Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 11
պրոֆտեխուսումնարանում՝ տիրապետել լուսանկարչական արվեստին։
Այնուհետև զորակոչվել է Խորհրդային բանակ,
ծառայել որպես զենիթահրթիռային կայանքի հրամանատար։
Երբ սկսվել է Արցախյան համազգային շարժումը՝
բոլորանվեր ձուլվել է սրբազան պայքարին։
Զոհվել է 1992-ի մարտի 10-ին, Սրխավենդի անհավասար մարտում։

- Առաջին շարքում ե՛ս պիտի լինեմ,
Ես պիտի լինեմ մարտո՜ւմ առաջին։

Առաջին մարտում, ինչ էլ որ լինի,
Ես պիտի կռվեմ շարքո՜ւմ առաջին։

Իսկ թե առաջին մարտում պիտ ընկնեմ՝
Թող ընկնեմ միայն շարքո՛ւմ առաջին...


ԵՎ ԳՈՒՐԳԵՆՆ ԱՍԱՑ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Գուրգեն Շուրայի Վարդանյանը ծնվել է 1968-ի մայիսի 18-ին,
Մինգեչաուր տեղափոխված կոճողոտցու ընտանիքում։ Ավարտել է Երևանի
մեքենաշինական տեխնիկումը, իսկ 1986-88-ին ծառայել Խորհրդային
բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, ամուսնացել
ու որոշ ժամանակ անց տեղափոխվել Ստեփանակերտ, աշխատանքի անցել
կոնդենսատորների գործարանում։
1991-ից Արցախյան շարժումն իր ալիքների մեջ առավ նաև նրան։
Զոհվել է 1992-ի հունիսի 10-ին, Չարեքտարում։

- Երջանկությունս, իմ Արցա՛խ աշխարհ,
Քո անունն է լույս՝ իմ բախտի սյունը,
Ապրել քեզ համար, կռվել քեզ համար,
Զոհվել քեզ համար՝ երջանկություն է։

Ապրում եմ կյանքում միշտ քո հավատով,
Ու քո՛ սիրով եմ շնչում ես կյանքում,
Քայլում լուսաշող քո՛ ճանապարհով,
Արցախյան երկրի հանրապետություն։

Դժվար է ապրել առանց հավատի,
Հավատը պետք է դրոշ դարձնել,
Հավատով հաղթել նենգին, տմարդին,
Եվ անհավատին հավատքի բերել։

Երջանկությունս հենց այս է, որ կա,
Երջանկությունս ազատ ապրելն է,
Երջանկությունս կյանքն է արևկա
Ու մարդկանց ճամփին միշտ արևելն է։

Դու՛ ես, Արցախ իմ, երջանկությունս,
Սե՛րս, երա՛զս, հավատս դո՛ւ ես,
Ես՝ ի՞նչ՝ նույնիսկ կես ակնթարթ չկամ,
Իսկ դու մի ամբողջ հավերժությո՜ւն ես...


ՄԵՐՈՒԺԱՆՆ ԱՍԱՑ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Մերուժան Սուրենի Սարգսյանը ծնվել է 1966-ի հուլիսի 31-ին։
Միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում,
այնուհետև աշխատանքի անցել Մարտակերտի
թիվ 28 շրջիկ-մեքենայացված շարասյունում։
1990-ից գյուղի ֆիդայական ջոկատի կազմում էր։
Պահակություն է արել սահմանային գոտում, մասնակցել մի շարք մարտերի։
1992-ի հունիսի 10-ին վիրավորվել է Չարեքտարում,
մահացել է Երևանի Նոր-Նորքի 3-րդ զանգվածի հիվանդանոցում՝ հունիսի 21-ին։

- Ես մարտի կելնեմ առավոտ ծեգին,
Իմ ընկերներով կգնամ առաջ,
Իմ ընկերները՝ արծիվներ արի,
Չգիտեն անկում, չգիտեն նահանջ։

...Իսկ թե ինչ որ տեղ ինձ դարանակալ
Մահն է սպասում ժանիքը սրած՝
Թող շատ չշտապի՝ պարտք ունեմ ես դեռ,
Պարտքս կատարեմ՝ թող գա ինձ այցի...

(Կարծում եք՝ պարտքս լա՞վ կատարեցի)։


ԱՇՈՏԸ ՇԵՇՏԵՑ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Աշոտ Ռոբերտի Ավետիսյանը ծնվել է 1967-ի սեպտեմբերի 3-ին, Մարտակերտ քաղաքում։
Սովորել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում,
ծառայել խորհրդային բանակի տանկային զորքերում։
Շարժման սկզբից ընդգրկվել է Մարտակերտի ինքնապաշտպանական ջոկատի կազմում։
Որպես տանկի նշանառու մասնակցել է շրջանի
մի շարք գյուղերի ազատագրման համար մղված մարտերին։
Զոհվել է 1992-ի հուլիսի 15-ին, Մաղավուզի բարձունքներում ծավալված մարտում։

- Մենք մարտերի մեջ կոփված
Եղբայրությո՜ւնն ենք սիրում...

Երբ որ տված ուս-ուսի
Մարտնչում են քաջարի
Ընկերները դիրքային,
Նրանք կարող են հաղթել
Նույնիսկ զորեղ թշնամուն։
...Ու ելնում ենք քաջաբար
Թուրքերի դեմ մոլեգնած։

Թող չկարծեն իմ երկրի
Չարեկամները բոլոր,
Թե քնած ենք մենք այստեղ,
Նրանք թող լավ իմանան՝
Գիշերները չի քնում
Հայրենիքի զինվորը,
Զգոն աչքով հսկում է
Խաղաղությունն Արցախի։
Մենք պայքարով ձեռք բերված
Խաղաղությունն ենք սիրում։

...Այո՛, ապրում եք այսօր
Խաղաղ կյանքով, առանց... մեզ,
Եվ ոչ ոք չի՛ խանգարի
Ձեր այս խաղաղ երթը, ձե՛զ։
Բայց թե հանկարծ թուրքը սև
Բանակներով նորից գա՝
Մենք զինավառ կնետվենք՝
Գոցենք երախը նրա։

Որ արյունով ձեռք բերված
Խաղաղությունը մնա...


ԵՎ ԳԱՐԻԿՆ ԱՍԱՑ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Գարիկ Փարավոնի Հայրիյանը ծնվել է 1971-ի հոկտեմբերի 9-ին։
Միջնակարգն ավարտելուց հետո անմիջապես ընկել է Արցախյան շարժման հորձանուտը,
միաժամանակ՝ սովորել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում։
1989-ին զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը։
Զորացրվելուց հետո գյուղի ֆիդայական ջոկատի կազմում մասնակցել է
Մարտակերտի, Հասանղայայի, Մարաղայի, Բաշ-Գյունեփայայի և Սրխավենդի մարտերին։
Զոհվել է 1992-ի հուլիսի 30-ին, Չափար գյուղի պաշտպանության համար մղված թեժ մարտում։

- Մեր հի՜ն հողի վրա թուրքի հետքե՞ր,
Մեր հի՜ն գյուղում հիմա թո՞ւրքն է նստել,
Մենք քնո՞վ ենք անցել՝ հնչե՛ք, զանգե՜ր,
Թե արթուն ենք՝ ո՞ւր է կռիվը մեր։

Հնչե՛ք, զանգե՜ր, հնչե՛ք, գնանք ի մարտ,
Հնչե՛ք, զանգե՜ր, քանի ջահել ենք մենք,
Հնչե՛ք, զանգե՜ր, էլի թող շատանանք,
Հնչե՛ք, զանգե՜ր, մենք դեռ պետք է կռվենք։

Մեջքը մեր չի ճկվի երբեք մարտում,
Մենք դեռ պետք է կռվե՛նք, պետք է կռվե՛նք,
Ծունկ չե՛նք չոքի երբեք, զանգակատո՜ւն,
Զա՜նգ հնչեցրու, գնանք կռվենք-մեռնե՛նք։

Գնանք կռվենք-մեռնենք, հաղթենք ու գա՛նք,
(Եվ կսազի՞, արդյոք, մեզ պարտություն,
Մենք եղե՛լ ենք անպարտ, եղե՛լ ենք, կա՛նք),
Զա՜նգ հնչեցրու, գնանք, զանգակատո՜ւն...


ԵՎ ՀՐԱՆՏՆ ԱՍԱՑ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Հրանտ Յուրիի Խաչատրյանը ծնվել է 1971-ի փետրվարի 21-ին։
Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել Խորհրդային բանակում,
այնուհետև սովորել Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում։
1992-ից, գյուղի ֆիդայական ջոկատի կազմում,
մասնակցել է մի շարք ռազմագործողությունների
(Աղդաբան, Քելբաջար, Մարտակերտ, Կիչան, Չափար)։
Զոհվել է 1992-ի օգոստոսի 22-ին, Դրմբոն գյուղի մերձակայքում։


- Ինձ ցավ տուր,
Ես ցավը հեշտ եմ տանում։
Տառապանքը, որ ծնվել է սիրուց,
Իմ սիրտն է։
Իսկ առանց սրտի՝
Մեռնելը դժվար է խիստ։
...Ապրե՞լը՝
Անիմաստ ու սին։

...Իսկ տառապանքս՝
Իմ Արցախն է հեգ...


ՌՈԲԵՐՏՆ ԸՆԴՀԱՏԵՑ ՀՐԱՆՏԻՆ,

ԱՍԱՑ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Ռոբերտ Ռաշիդի Շամիրյանը ծնվել է 1967-ի փետրվարի 12-ին։
Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում,
ծառայել Խորհրդային բանակի շարքերում։
Երբ սկսվել է Արցախյան ազգային ազատագրական շարժումը՝
անմիջապես անդամագրվել է գյուղի նոր կազմավորված կամավորական ջոկատին։
Մասնակցել է մի շարք մարտերի։
Զոհվել է 1993-ի հունվարի 20-ին, հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ,
հակառակորդի օդուժի հերթական ռմբակոծության հետևանքով։

- Արցախը հեգ չէ,
Ոսոխին տեգ է,
Ոսոխի սրտին՝ սուր ու դանակ,
Արցախը հուր է,
Թշնամուն՝ սուր է,
Թշնամու մուխը մարող բանակ։

Անհո՛ւն է, խե՛նթ է,
Բռո՛ւնցք է, զե՛նք է,
(Արցախում՝ կռի՞վ, ավեր-ավա՞ր...)։
Եվ նա չի՛ պարտվի,
Ոնց Ավարայրի
Մեր այն հի՜ն կռվում օրհասական։
Ո՛չ, նա չի՛ պարտվի,
Կկանգնի ոտքի՛,
Կկապի որդու՝ Դավթի* գոտին,

Որ գետնի նրան
Մի ակնթարթում՝
«Յոթ-միլիոնանոց» իր ոսոխին...

...Տեսա՞ր, ոնց գետնեց ու չոքեց բկին։
Ասում էի, չէ՞...

______________

 *Հեղինակը նկատի ունի հայկական էպոսի գլխավոր հերոս Սասունցի Դավթին։


ՄԵԽԱԿԸ ԽՈՍԵՑ ՍԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ,

ԱՍԱՑ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Մեխակ Զավենի Դանիելյանը ծնվել է 1960-ի հոկտեմբերի 18-ին։
1978-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը,
իսկ 1980-82-ին՝ ծառայել Խորհրդային բանակի շարքերում։
Զորացրվելուց հետո ավարտել է Մարտակերտի ավտոդպրոցը,
աշխատանքի անցել շրջկենտրոնի շինարարական բրիգադում։
1990-ից նվիրվել է Արցախյան ազատագրական պայքարին,
իր ազատամարտիկ ընկերնեի հետ մասնակցել մի շարք մարտերի։
Զոհվել է 1993-ի փետրվարի 4-ին, հայրենի գյուղի ազատագրման համար մղված մարտում։

- Մեր սարերը վեհ սարեր են,
Հրաշքներ են մեր սարերը,
Մարմնավորված երազներ են,
Մուրազներ են մեր սարերը։

Մեր սարերը վահաններ են,
Մերկ թրեր են մեր սարերը,
Մեզ համար են հավերժ կանգնել
Մեր թև-թիկունք՝ մեր սարերը...

ԲՈՐԻՍԸ ԽՈՍԵՑ ՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ,

ԱՍԱՑ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Բորիս Միշայի Սիմոնյանը ծնվել է 1958-ի դեկտեմբերի 19-ին։
Գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո 1974-77-ին սովորել է Ներքին Հոռաթաղի
թիվ 120 պրոֆտեխուսումնարանի մեխանիզացիայի բաժնում,
1977-79-ին՝ ծառայել Խորհրդային բանակի շարքերում։
Զորացրվելուց հետո ամուսնացել է և անմիջապես
աշխատանքի անցել հայրենի գյուղի տնտեսությունում
ու մինչև Արցախյան շարժման սկիզբը
կատարել տրակտորիստ-կոմբայնավարի պարտականությունները։
Շատերի պես նվիրվել է համաժողովրդական պայքարին։
Զոհվել է 1993-ի ապրիլի 14-ին։

- Քարե՛ր իմ, հայրենի՜ քարեր,
Ինչպե՞ս խոսեմ ձեր հանդեպ ունեցած
Իմ ապրումների, խոհերի մասին։
Բայց ինչպե՞ս լռեմ,
Չասե՞մ, որ առանց ձեզ չեմ կարող ապրել...
Որ ձեր սիրով եմ շնչում, թև առնում,
Իմ լեռնաշխարհը հոգուս հետ կապող
Հայրենի՛ քարեր...


ԻՍԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐԸ ԱՍԱՑ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Արթուր Ռազմիկի Թադևոսյանը ծնվել է 1975-ի մարտի 1-ին,
Մարտակերտ քաղաքում բնակություն հաստատած կոճողոտցու ընտանիքում։
Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
Ընտանիքով Կոճողոտ տեղափոխվելուց հետո՝ 1992-ին ավարտել է գյուղի միջնակարգն
ու անմիջապես էլ զինվորագրվել տեղի կամավորական ջոկատին,
մասնակցել բազում մարտերի։
Զոհվել է 1993-ի ապրիլի 15-ին։

- Եվ հավերժության խորհուրդն է ահա՝
Մեզնից առաջ են լեռներն այս ծնվել
Ու մեզ հետ ապրում, կանգուն են հիմա,
Մեզնից հետո էլ դեռ պիտի ապրեն
Դարերում գալիք՝ հավիտյան անմահ։
...Մենք՝ մահկանացու, բայց անմահացանք
Մահո՜վ իմացյալ...


ԻՍԿ ՄԱՆՎԵԼՆ ԱՍԱՑ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Մանվել Արտուշի Վարդանյանը ծնվել է 1974-ի սեպտեմբերի 23-ին։
1981-ից հաճախել է դպրոց, սովորել մինչև 7-րդ դասարանը։
1992-ից ծառայության է անցել «Միրուք Ռաֆոյի» (Ռաֆիկ Սայիյան),
իսկ այնուհետև՝ «Խալաստոյի» (Արկադի Շիրինյան) գումարտակներում, կատարել բոլոր առաջադրանքները։
Զոհվել է 1993-ի հուլիսի 5-ին, Մաղավուզի բարձունքներում մղված հերթական մարտում։

- Ծերանում են լեռները մեր,
Կծերանանք նաև մենք,
Բայց մնում են լեռները դեռ,
Իսկ մենք կյանքից գնում ենք։

Հրաշք լիներ, այնպես լիներ՝
Մենք էլ հավերժ մնայինք,
Մեր լեռներին թիկն տված
Կյանքում անվերջ ապրեինք։

...Բայց չտրվեց ինձ ծերանալ,
Ընկա մարտի թեժ պահին,
Որ բարի օր, բարի գարուն
Բացվի Արցախ աշխարհին...


ԻՍԿ ԱԶԱՏՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵԼ ՍԿՍԵՑ,
ԴԻՄԵԼՈՎ ԿՆՈՋՆ՝ ԻՐ ԹԵՐԵԶԱՅԻՆ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Ազատ Շահենի Խաչատրյանը ծնվել է 1970-ի փետրվարի 5-ին։
Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ ձեռք բերել վարսավիրի մասնագիտություն։
1988-90-ին ծառայել է Խորհրդային բանակում։
Զորացրվելուց հետո ամուսնացել ու տեղափոխվել է Ստեփանակերտ։
Զինվորագրվել է ռազմական նորոգման-վերականգնման առանձին գումարտակում,
մասնակցել Ղազանչի, Չլդրան, Կիչան և այլ գյուղերի համար մղված մարտերին։
Զոհվել է 1993-ի հոկտեմբերի 17-ին, «Ցեխ-ձորում»։

- Կարծես թե երբեք ինձ չես տեսել,
Չենք սեղմվել իրար երբեք կյանքում,
Բայց... հանդիպում եմ քեզ հետ միշտ էլ
Երազներիդ մեջ՝ քուն, թե արթուն։

Շրջում ենք մեկտեղ գիշեր-ցերեկ
Մեր Կոճողոտում՝ Աստծո թաս,
Ես պատմում եմ քեզ մարտերից թեժ,
Բայց արթնանում ես՝ թախծում՝ «չկա՜ս»։

Իսկ ասում են, թե Ցեխ-ձորում, ես...
Իբր... զոհվել եմ արկից այն կույր,
Մի՞թե ճիշտ է դա, ճի՞շտ է, Թերե՛զ,
Ես չե՛մ հավատա երբեք կյանքում։

Ես ապրո՛ւմ եմ, կա՛մ, ես չե՛մ զոհվել,
(Ստո՛ւմ են նրանք, ստո՛ւմ, անգի՛ն),
Ես հանդիպո՛ւմ եմ քեզ հետ միշտ էլ
Քո երազների ճանապարհին...

...Բայց մոռացա՛ քեզ հիշեցնել,
Որ... լա՜վ նայես մեր երեխային...


ԵՎ ԽՈՍԵՑ ԿԱՄՈՆ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Կամո Ալբերտի Ադամյանը ծնվել է 1959-ի հոկտեմբերի 4-ին։
Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի հաշվապահական բաժինն ու
աշխատանքի անցել հայրենի գյուղի տնտեսությունում։
Արցախյան շարժման զինված պայքարի փուլն սկսվելուն պես նա ևս
հայտնվել է համագյուղացի ազատամարտիկների շարքերում։
Եղել է Վանք գյուղի պաշտպանական դիրքերում, Քելբաջարի շրջանում։
Զոհվել է 1993-ի դեկտեմբերի 27-ին, Մաղավուզի մատույցներում։

- Իմ վիրավոր աչքերի մեջ
Քո պատկերն է, հայրենի՛ք,
Քո անունը իմ շուրթերին
Դարձել է թո՜ւյլ թիթեռնիկ։

Թպրտում է, թևահարում,
Մղձավանջ է, և կարծես,
Մթնում է լուռ աշխարհն իմ դեմ
Ու... փլվում եմ հողին ես։

Բայց՝ մի վայրկյան։ Սթափվում եմ
Եվ հրազենը ձեռքիս՝
Ոտքի ելնում՝ նետվում առաջ՝
Ընկերներիս ետևից...


ԵՎ՝ ԱՐԱՐԱՏԸ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Արարատ Ալեքսեյի Վանյանը ծնվել է 1971-ի փետրվարի 2-ին։
Հայրենի գյուղի միջնակարգն ավարտելուց հետո սովորել է
Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժնում,
1989-91-ին՝ ծառայել Խորհրդային բանակի շարքերում։
Զորացրվելուց հետո գյուղի ֆիդայական ջոկատի տղաների հետ
մասնակցել է շրջանի մի շարք գյուղերի ազատագրմանը։
Զոհվել է 1993-ի դեկտեմբերի 27-ին, Մաղավուզի մերձակայքում, ականի պայթյունից։

- Թեժ մարտերի մեջ կոփված
Տղաներով մենք արի
Կրկին ելնո՛ւմ ենք, ահա,
Թուրքերի դեմ կատաղի։

Կրկին ելնում ենք, ու թող
Լա՛վ իմանա թշնամին,
Որ ինչքան էլ համառի՝
Չի՛ տիրանա Արցախին։

Մինչև շո՛ւնչը մեր վերջին,
Վերջին կաթի՛լը արյան,
Հանուն մեր լույս գալիքի՝
Կմարտնչե՛նք անվարան...


ԻՍԿ ԱՆԴՐԱՆԻԿԸ
ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԻՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ,
ԳՆԱՑ՝ ԱՍԵԼՈՎ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
Անդրանիկ Արսենի Գրիգորյանը ծնվել է 1967-ի հունիսի 8-ին։
Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո
Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում
ստացել էլեկտրաեռակցողի մասնագիտություն,
բայց խաղաղ աշխատանքով զբաղվելու բախտը վիճակված չէր նրան։
Արցախյան շարժման հորձանուտում էր հենց առաջին օրերից։
Տիրապետում էր զենքի բոլոր տեսակներին։
Մասնակցել է Քելբաջարից մինչև Ղուբաթլու մղված ռազմական բոլոր գործողություններին։
Վիրավորվել է բազմաթիվ անգամ։
Զոհվել է 1994-ի ապրիլի 18-ին, Հասանղայայի համար մղված կատաղի մարտում։

- Ընկերներս այնտեղ՝
Մարտադաշտում ահեղ,
Ես չե՛մ կարող մնալ,
Ես գնո՜ւմ եմ, մայրի՛կ։

Չնեղանա՛ս ինձնից,
Որ թողի քեզ մենակ,
Ես դեռ կգա՜մ մի օր,
Ես դեռ կգա՜մ։

Դու սպասի՛ր հույսով,
Դու սպասի՛ր, մայրի՛կ,
Հաղթանակի՛ն մեր մեծ
Ու քո որդուն։

Ես դեռ կգա՜մ մի օր,
Ես դեռ կգա՜մ։
Իսկ թե հանկարծ...
Հանկարծ եթե... չգամ՝

Դու չլացե՜ս, մայրի՛կ,
Դու կսպասես հույսո՛վ,
Ես դեռ կգա՜մ,

Կգա՜մ,
Կգա՜մ,
Կգա՜մ...


...ՈՒ ԵՍ ԱՅԼԵՎՍ ՉՀԱՄԲԵՐԵՑԻ.

- «Կգա՜մ»... Չեկա՛ր սակայն։
Բայց նեղացա՞նք քեզնից,
Խռովեցի՞նք քեզնից, եղբա՜յր, զինվո՛ր...
Ո՛չ, սիրեցի՜նք մենք քեզ,
Սպասեցի՜նք միշտ քեզ՝
Հուշաքարի տեսքով եկար մի օր։

Եկար ու կանգնեցի՜ր։
Եկար ու... հառնեցի՛ր։
Եկար ու մնացի՜ր երազիս մեջ։
Եկար՝ անխոս ու լուռ,
Դու՝ իմ ցավի մրմուռ,
Որ տառապեմ երկա՜ր, անհո՜ւյս, անվե՜րջ...
Եկա՜ր, դու, իմ կարո՛տ,
Չգալ չէիր կարող,
(Չգա՞լ՝ ինչպե՜ս եմ ես... համարձակվում)...
Դու կե՛սն ես իմ սրտի,
Իմ մեջ ապրե՜ս պիտի,
Ինձ հետ քայլե՜ս պիտի իմ օրերում...


ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

...Եվ դադարում են «ընդհատումները»,
Տղաները էլ ոչինչ չեն «ասում»,
Իմաստազուրկ են թվում բառերը,
Որ... նահանջում են, քաշվում, նվազում։

Ու տղաները գնում են նորից,
Որ ամուր պահեն իրենց... դիրքերը,
Իսկ անդառնալի կորստյան ցավից
Դեռ մղկտում են հարազատները։

«Կանգնած են» տղերքն՝ անհողդողդ, անքեն,
Որ կայուն լինի խաղաղությունը...
...Եվ ավարտված է լռության րոպեն,
Բայց լռությունը շարունակվում է։

2000, Ստեփանակերտ