Արիս Արսենիի տրիոլետներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայրեններ ՏՐԻՈԼԵՏՆԵՐ



Արիս Արսենի

Քառյակներ

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ[խմբագրել]

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ ՎԵՆԵՐԱ ԱՂԱՍՅԱՆԻՆ (7)[խմբագրել]

1

Իրար համար տենչանք էինք,
Իրար համար` երազ,
Երկու աստղ մի երկնքում
Ու միշտ իրար... անհաս:

Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար,
Թախի՜ծ էիր, կարո՜տ համառ,
Դու ինձ համար երա՜զ էիր:

Մի աստղ ու մի երկնակամար,
Բայց ինձ` դու միշտ...անհա՜ս էիր,
Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար...

1977, Դիլիջան


2

Ո՞վ ասաց` սերը չկա,
Ո՞ւր մնաց, ասե՜ք, սիրելը,
Իմ կորսված սերը վկա`
Աշխարհում սուրբ է սերը...

Դու միշտ էլ եղել ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ,
Իմ մասին դու, արդյո՞ք, թախծել ես,
Դու միշտ էլ եղել ես իմ հոգում:

Իզո՞ւր են տանջա՜նքս, սե՜րս, ե՜ս,
Թե՞ մի քիչ սիրե՜լ ես ինձ կյանքում,
Դու միշտ էլ եղե՜լ ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ:

1977, Դիլիջան


3

Աչքե՜ր, մի՜ նայեք անցնող զույգերին,
Ձեր երազ-սերը սպառա՜ծ աչքեր...

Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ` հմայում,
Ընթանար այնպես, ոնց դո՞ւ ես քայլում,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես:

Անցնող զույգերին ինչո՞ւ ես նայում,
Երբ քո սերն արդեն դու սպառել ես,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ... հմայում:

1977, Դիլիջան


4

Դու միշտ գողունի դեպ ինձ ես նայում,
Նայվածքով քո նուրբ` սիրտս հմայում,
Բայց ես ինչո՞ւ եմ անտարբեր այսպես`
Նայում եմ տխուր ու լուռ հեռանում:

Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում,
Այս ի՞նչ է, արդյոք, ինձ հետ կատարվում,
Դու ինձ ես նայում անվերջ, գողունի:

Սակայն քո մոտով միշտ լուռ եմ անցնում,
Կարծես մեր մեջ էլ ոչինչ չի լինի,
Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում:

1977, Դիլիջան


5

Ասա՜, ինչո՞ւ քեզ սիրեցի երազներով անսպառ,
Ես քեզ կյա՜նքս նվիրեցի ու ապրեցի քեզ համար,
Բայց անհաղորդ մնացիր դու սրտիս անհուն վշտերին,
Ես` անսահման սիրով լեցուն, ես` մշտապես քո գերին:

Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի,
Դրա՞ համար սեր-երազիս դու անհաղորդ մնացիր,
Դու ասում ես` զո՜ւր սիրեցիր, երազներով անսպառ:

Ինչո՞ւ թողիր դու ինձ շվար և ուրիշի սիրեցիր,
Մի՞թե, մի՞թե ուրիշ գրկում շոյանքներս մոռացար,
Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի:

1977, Դիլիջան


6

Դու նայեցիր աչքերիս մեջ ու անցար,
Աչքերիս մեջ ցավ, տխրություն դու տեսար,
Անհուն թախիծ, տանջանք-զղջում դու տեսար,
Կարո՜տ տեսար աչքերիս մեջ ու... անցա՜ր...

Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար,
Աչքերիդ մեջ տանջանք ու ցավ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ:

Աչքերիս մեջ` ցավ, տխրություն,
Զղջում, թախիծ` աչքերիդ մեջ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար...

1977, Դիլիջան


7

Դու ատելով ատում ես ի՜նձ,
Ես` սիրելով սիրում քե՜զ,
Եվ թախծում է քո կարոտից
Սիրտս` դառն ու վշտակեզ...

Դու ատելով ատո՞ւմ ես ինձ,
Ես սիրելով սիրում եմ քե՜զ,
Սիրտս դառն է ու վշտակեզ`
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ:

Ի՞նչ անեմ ես, ես ի՞նչ անեմ,
Ա՜խ, չգիտեմ ինչպես վարվել,
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ,
Ես` սիրելով սիրում եմ... քե՜զ:

1977, Դիլիջան

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ՝ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (2)[խմբագրել]

1

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային,
Պարետը <<գիտե՞>> այդ մասին,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է։

Քաղա՛ք իմ, քո օդը մաքուր
Տասը րոպեով <<շատ>> շնչեցի,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային։

2

Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում,
Կրծում է հոգիս ու խոցում,
Հիմա՛ր է հիմա գիշերը։

Կրծում են մարմինս ու անցնում,
Խոցո՛ւմ են հոգիս հուշերը,
Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում։

1991, Ստեփանակերտ


ՏՐԻՈԼԵՏ-ԱՆԿԱՄ[խմբագրել]

Մի ինքնագոհ «խայամամոլի»

Ինչո՞ւ գայթի նա՛ քեզ, ոմն` Օմար,
Թեկուզ հանճար լինի, Խայա՛մ անգամ,
Երբ մենք Չարե՛նց ունենք պայծառ այսքան,
Ինչո՞ւ գայթի նա՛ քեզ, ոմն` Օմար...

Թեկուզ անցնի միլիոն տարի անգամ,
Պիտի ապրի այսպես անհաս ու հար...
...Ինչո՞ւ գայթի նա՛ քեզ, ոմն` Օմար,
Թեկուզ հանճար լինի, թեկուզ` Խայամ։


ԷՊԻԳՐԱՄ-ՏՐԻՈԼԵՏ[խմբագրել]

Հուսով եմ` դու քեզ ճանաչեցիր...

Չէի՛ մեղանչի ես քո առաջ,
Թեկուզ լինեի՛ր դու գեներալ,
Եվ դեռ... կուզեիր ընկե՞ր մնալ`
Չէի՛ մեղանչի ես քո առաջ։

Դու նե՛նգ ես, ագահ ու ոխակա՛լ,
Գոռո՛զ ես, դաժա՛ն, բռի՛ ես` ա՛րջ,
Չէի՛ մեղանչի ես քո առաջ,
Թեկուզ լինեիր և... գեներա՛լ...

24.03.96, Ստեփանակերտ


ԱՆՀԱՅՐԵՆԻՔ Է ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԻՆՔԸ...[խմբագրել]

Անհայրենիք է Բաղրամյանն ինքը`
Քանի՜ հայրենիք ազատագրած,
Քանի՜ ազգ` ոստան իրենով գտած`
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը։

Իր հողն ու ջուրը քոչվորին թողած`
Թափառական է իր ընտանիքը,
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը`
Քանի՜ հայրենիք ազատագրած։

19.11.2023 թ. (ժ. 23:11)
Երևան, Շենգավիթ


ԵՍ ՉԵՄ ՉԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ...[խմբագրել]

Ես չեմ չարանում մարդկանց վրա,
Դե, չեն հասկանում` ինչ են անում,
Եվ` իրար համար ինչ են մանում,
Ես չեմ չարանում մարդկանց վրա։

Իրար տանել չեն կարողանում,
Ուտում են իրար հա´ անխնա,
Ես չեմ չարանում մարդկանց վրա,
Դե, չեն հասկանում` ինչ են անում։

06.02.2024 թ. (ժ. 5:13)
Երևան, Շենգավիթ

ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ԵՆՔ ԱՇԽԱՐՀ ԳԱԼԻՍ...[խմբագրել]

Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս,
Դատարկ էլ պիտի կյանքից գնանք,
Գոնե մի քիչ էլ թող մարդ մնանք,
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս։

Երբ կարող էինք օգնել իրար`
Ինչի՞ ենք իրար էլ ցավ տալիս,
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս,
Դատարկ էլ պիտի կյանքից գնանք։

06.02.2024 թ. (ժ. 5:45) Երևան, Շենգավիթ


ՀԵՐԹՈՎ ԳԱԼԻՍ ԵՆՔ...[խմբագրել]

Հերթով գալիս ենք` անհերթ գնում,
Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ,
(Հոգու պահանջ է ու հոգու ճիչ),
Հերթով գալիս ենք` անհերթ գնում։

Թե չենք տանելու մեզ հետ ոչինչ`
Ինչո՞ւ ենք այսպես իրար ուտում,
Հերթով գալիս ենք` անհերթ գնում,
Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ։

06.02.2024 թ. (ժ. 5:55)
Երևան, Շենգավիթ