Արտիստը (Եղիշե Չարենց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արտիստը

Եղիշե Չարենց


Արտիստը


(Պ. Ադամյանի հիշատակին)
«Իմ հոգին — որպես լույսերի տաճար
Իմ հոգին — որպես երազի խորան[1].
Բոցերի նման թե Բարի, թե Չար
Խանձեցի հոգիս — Արվեստի՜ համար...

Իմ արքայական երակների մեջ
Հոսում էր արյունն Համլետի, Լիրի.
Ես — հազարանուն, ես — թռիչք ու վեճ,
Ես — աստվածային խարո՜ւյկ կրքերի...

Երբ տրտմությունս էր մի գիշեր հոսում,
Երևաց տեսիլն Արվեստի՜ — իմ Հոր...
Եվ փնտրումների լաբիրինթոսում
Հեծկլտա՜ց հոգիս՝ երկընքի՜ պես խոր...

Խելագարության մղձավանջի մեջ
Ես արքայական Մավրի դղյակում
Խանձեցի՜ հոգիս, որի հուրն անշեջ
Եղավ ինձ համար, մարդի՛կ, ամոքո՛ւմ...

Եվ ես խելագա՛ր, երկնեցի՜ միայն,
Դեզդեմոնային — Արվեստի՜ն ծարավ...
— Ամբոխը, սակայն Յագոյի նման,
Իմ խաչվա՜ծ հոգին գերեզմա՜ն տարավ»...



  1. խորան — տաճար, եկեղեցի, տաճարի բեմ՝ սեղան՝ պատարագ մատուցելու համար, փոքրիկ վանք, մատուռ. (փխբ.) բնստ. մարդու ներաշխարհը, հոգու խորքը: