Սև մազերովդ սիրե՛ զիս, գգվե զիս,
Անոնց խորհուրդը պատմե ինձ առանձին,
Որովհետև անոնք հոգիս կապեցին,
Իրենց ցանցին մեջ կապտեցին իմ հոգիս.
Սև մազերովդ սիրե՛ զիս, գըգվե՛ զիս:
Թաց աչքերդ վրա՛ս հառե տրտմապես,
Անոնց թո՛ւյնը ներարկե ինձ մեղնորեն,
Որովհետև քու աչքերդ աղվոր են,
Խորհրդավոր անտառներուն շուքին պես.
Թաց աչքերդ վրա՛ս հառե տրտմապես:
Տըղու մը պես հանգչեցուր զիս կուրծքիդ վրա,
Հանգչեցուր զիս, ու այտերս կրակե
Քու ձյունեղեն բազուկներուդ մեջ գրկե,
Ու թող մարմինդ մարմնիս վրա սարսռա.
Տղու մը պես հանգչեցուր զիս կուրծքիդ վրա:
Ահա շըրթնե՛րս կարոտովդ կ՚այրին,
Ու կլայննա արտասուքի շիթ մը տաք
Իմ մթաստվեր թարթիչներուս շուքին տակ.
Անոնց վրա դուն ցո՛ղը դիր համբույրին,
Ահա շըրթնե՛րս կարոտովդ կ՚այրին:
Ժամն է, աղվո՛ր, երանության ժամն է սա.
Շըրթներուս վրա դիր շրթունքնե՛րդ բոցե,
Մոռցի՛ր կյանքը, աղվոր աչքերդ ալ գոցե…
Ի՞նչ, կ՚արտասվե՞ս, ու հուզումեդ կդողա՞ս.
Ժամն է, աղվո՛ր, երանության ժամն է սա…