Գյուղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գյուղ

Ալեքսանդր Պուշկին

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Գյուղ


Ողջո՛ւյն քեզ, ո՛վ գյուղ, խաղա՜ղ ապաստան
Գործի, հանգըստի, ոգևորության,
Ու քաղցր մոռացման և բախտի գըրկում
Հոսանքն օրերիս իմ մենակ կյանքում
Անցնում է, սահում այնպես լուռ, անտես —
Մայրենի անկյո՛ւն, ողջունո՜ւմ եմ քեզ։
Ես քո՛նն եմ։ Եվ ճոխ խընջույք, խրախճանք,
Ե՛վ արքաների պալատներ շըքեղ,
Ե՛վ մոլություններ, խաղեր ու զբոսանք —
Ողջը մոռացել… Այժըմ նոցա տեղ,
Նո՛ր կյանք եմ, ո՛վ գյուղ, քո մեջ վայելում,
Քո լայն դաշտերում, թավ անտառներում,
Ինձ տված ազատ, պարապ ժամերին
Իմ բյուր խոհերիս այդ ընկերներին։
Քո՜նն եմ։ Սիրում եմ այս այգին ստվերոտ,
Յուր մեղմ զովանին, ծաղկի անուշ հոտ,
Այս մարգագետինն հոտեղ, դեզաշար,
Ուր աղմկում են առվակներ պայծառ,
Աղմկում, խաղում, թըփերի տակին։
     Այստեղ իմ աչքին.
Ուր էլ նայում եմ, հանդես են գալիս
Շարժո՜ւն պատկերներ։ Տեսնում եմ ահա
Երկու կապտափայլ, հարթ լըճի վերա
Մի բան է հանկարծ սպիտակին տալիս.
Այդ դո՛ւ ես, ձըկնորս, քո առագաստով.
Լըճերից այն կողմ տեսնում եմ շարքով
     Կանաչ բըլուրնե՜ր,
     Ծավալուն արտե՜ր,
Դես ու դեն փըռված խըրճիթնե՜ր հեռվում,
Թափառող հոտե՜ր խոնավ ափերում,
Մարագնե՜ր ծըխոտ, ջաղա՜ց թևավոր…
Ամե՛ն ինչ այստեղ՝ հեռո՜ւն, չորս բոլո՜ր,
Տեսնում եմ, ինչպես կըրում է վերան
Հետքեր վաստակի և առատության։
Եվ այստեղ, հեռու նանիր կապանքից,
Ես ուսանում եմ — գըտնել, ճաշակել
Ճշմարտության մեջ կյանք երջանկալից.
Ես ուսանում եմ — պաշտել օրենքի
Անաչառությունն անկապանք հոգով,
Ականջ չըդնել անկիրթ ամբոխի
Բողոք-տրտունջին։ Եվ կարեկցանքով
Լըսել ամոթխած, երկչոտ աղերսանք,
Աղերսին տալով միշտ ջերմ արձագանք։
Ես ուսանում եմ — այստեղ աննախանձ
Նայել հիմարի կամ չարագործի
Բախտին ու փառքին — բազմած սիգապանծ
Մեծության գահին անարդարացի՜…
Բա՛րձր է խընդաբեր ձեր ձայնը հընչում,
Ես ձե՛զ եմ այստեղ հիշում ու կոչում.
Այս վեհ մենության վայրումն առավել
Բարձր է խընդաբեր ձեր ձայնը հընչում.
Նա հալածում է նիրհը ծուլության,
Գործի հուր ու խանդ իմ մեջ բորբոքում,
Եվ ձեր խոկումներն ստեղծագործական
Ծըլում, հասնում են իմ սըրտի խորքում։
Բայց մի սև միտք է այստեղ իմ հոգին —
Արտում թե դաշտում այս դալարաշատ —
Սև ամպի նըման՝ ճընշում, պաշարում,
Ա՜խ, վիշտ է միայն աչքըս տխրագին
Եվ տըգիտության կործանիչ արատ
     Այստեղ նըշմարում…
Արցունքի առաջ իսպառ կուրացած,
Սառն ու խուլ վըկա դառն հառաչանքի,
Բիրտ աղայությունն կույր բախտից ընտրված,
Առանց ըզգացման, առանց օրենքի,
Այստեղ իշխում է ձեռքին գավազան,
Եվ բըռնի դարձնում իրան սեփական՝
Խեղճ երկրագործի թե՛ ինչք թե՛ վաստակ
Տուն-տեղ ու արդյունք ուժ ու ժամանակ։
Ե՜վ գործն օտարի, և՛ գութանն օտար,
Մեջքը կորացրած լախտին հընազանդ՝
Այստեղ հերկում է ճորտությունն անճար
Անողոք տիրոջ հողերն արգավանդ։
Այստեղ ա՛մենքն էլ ծանըր լըծի տակ,
Մինչև մահի դուռ տանում են կրծքում
Երկյուղից սպանված հույս, հակում, փափագ,
Այստեղ նորատի կույսերն են ծաղկում
Պիղծ չարագործի վավաշ ու մոլար հաճույքի
համար։
Մատաղահաս որդիք՝ օգնական գործում,
Միա՜կ նեցուկներ ծերուկ հայրերի,
Խըրճիթն հայրական թողած ակամա,
Այստեղ տանջվում են, որպես լուռ գերի,
Աղայի տան մեջ դարձած խեղճ ծառա։
Ո՞ւր է թե իմ ձայնն ընդունակ լիներ
Ցընցելու մըտքեր, հուզելու սըրտեր.
Ա՜խ, էլ ինչո՞ւ ես իմ մեջ շարունակ
Վառվում, բորբոքվում, ապարդյո՛ւն կրակ.
Ա՜խ. ինչո՞ւ չունեմ և՛ ես ահավոր
Պերճախոսության տաղանդ ու շընորհ,
Ընկերնե՛ր, արդյո՞ք կտեսնեմ աչքով
Ես մի օր իմ ազգն ազատ, անհալած,
Եվ արքայական քաջահաղթ բազկով
Անարգ ստրկությունն իսպառ տապալած.
Եվ քեզ, հայրենիք, վերջապես, մի օր
Կը շողա՞ արդյոք պայծառ, լուսավոր
Ա՛յնքան փափագած, ա՛յնքան տենչահույզ
Սուրբ Ազատության սիրո՜ւն արշալույս…