Դավիթ-բեկ/Երրորդ/Զ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ե Դավիթ-բեկ

Րաֆֆի

Է
[278]
Զ

Տաթևի վանքը կառուցված էր նույն անունով ավանի մոտ և սկսյալ 896 թվից գոյություն ուներ։ Շաղատա վանքից հետո Տաթևը աթոռանիստ եղավ Սյունյաց արքեպիսկոպոսների, որոնք այլ անունով կոչվում էին միտրոպոլիտներ։ Տաթևի միտրոպոլիտները թեև ճանաչում էին Էջմիածնի Հայրապետի գերիշխանությունը, բայց միևնույն ժամանակ իրանց առանձին հոգևոր կառավարությունն ունեին։

Վանքը շինված էր լեռնային դժվար մատչելի բարձրավանդակի վրա, շրջապատած աշտարակներով և ամուր պարիսպներով, որոնք դրսից նրան ավելի մի անառիկ բերդի նմանություն էին տալիս։ Նրա առջևից ընկած էին անդունդի նման խոր և մթին ձորեր, որոնց միջով գոռալով, որոտալով անցնում էր Որոտան գետը։ Շրջակա բոլորը լեռները, որոնց սուր գագաթները կորչում էին ամպերի մեջ, պատած էին խուլ, անանցանելի անտառներով։ Դեպի վանքը տանող ճանապարհները ընկած էին նեղ փապարների, սարսափելի կիրճերի միջով, որտեղից մի մարդ միայն կարող էր անց կենալ։ Մի հիսուն հրացանավոր բավական էր կանգնեցնել մի որևիցե բլուրի գլխին, որ թույլ չտային մի ամբողջ լեգեոնի մուտք գործել դեպի վանքը։ Գուցե վանքի այդ անառիկ դրությունը, որ պաշտպանված էր բնական ամրություններով, պատճառ տվեց տեղափոխել այնտեղ Սյունյաց աշխարհի արքեպիսկոպոսության մայր աթոռը, ժամանակի փոթորիկներից անվտանգ պահելու համար։

Դավիթ բեկի օրերում այստեղ կային՝ մի արքեպիսկոպոս, տասնևերկու եպիսկոպոսներ, քսանևչորս վարդապետներ։ Վանքը ուներ շատ գյուղեր, ագարակներ, ընդարձակ անտառներ, լայնատարած արոտամարգեր և ուրիշ շատ կալվածքներ, որոնք ընծայված

[279]
էին Սյունյաց թագավորներից, իշխաններից, իշխանուհիներից, կամ գնել էր ինքը միաբանությունը։

Վարդանանց տոնն էր։ Վանքի մեջ կատարվում էր Ավարայրի դաշտի նահատակների հոգեհանգիստը։ Տաճարի մեջ, սեղանի հանդեպ, դրած էր մի դագաղ, որ ծածկված էր ոսկեհուռ դիպակներով։ Երեք մոմեր արծաթե աշտանակների մեջ լուսավորում էին դագաղը։ Նրա վրա դրած էին՝ մի խաչ, մի Ավետարան և մի քանի հատ սրեր։

Սեղանի վրա մատուցվում էր սուրբ պատարագը։ Ինքը վանահայրը՝ Ներսես արքեպիսկոպոսը, պատարագիչ էր։ Վանքի ամբողջ միաբանությունը, զարդարված թանկագին զգեստներով, սպասավորություն էր անում սուրբ խորհրդին։

Նահատակի դագաղը շրջապատել էին Սյունյաց աշխարհի նշանավոր ավագները։ Նրանց մեջ կանգնած էր Դավիթ բեկը Մխիթար սպարապետի և իր մյուս ընկերների հետ։ Տաճարը լիքն էր բազմությունով։ Վանքի բակում նույնպես ասեղ գցելու տեղ չկար։ Վանքի դուրսը շրջապատված էր բազմաթիվ կամավոր զինվորներով և մերձակա գյուղացիների ամբոխով։

Պատարագի խորհուրդը ավարտվելուց հետո, եկեղեցական դասը կատարեց հոգեհանգիստ։ Երբ ամեն ինչ վերջացած էր, Ներսես արքեպիսկոպոսը խոսեց մի քարոզ։

«Այստեղ ձեր աչքի առջև դրած է մի դագաղ, — այսպես սկսեց իր քարոզը, — դա Վարդանի դագաղն է։ Ձեզանից ամեն մեկը գիտե, թե ով էր Վարդանը։ Բայց գուցե շատերը չգիտեն, թե ի՜նչ էր Վարդանը։ — Վարդանը մի ամբողջ ժողովուրդ էր․ Վարդանը այդ ժողովրդի մարմնացած բողոքն էր։ Բողոք՝ բռնության դեմ․ բողոք՝ անարդարության դեմ․ բողոք՝ անազատության դեմ։

Մեր պատմությունը տվել է մեզ շատ նշանավոր մարդիկ։ Մենք ունեցել ենք Հայկ, որ տիտանների հետ էր պատերամում։ Մենք ունեցել ենք Արամ, որ սպանեց ասորոց արևի որդուն[1]։ Մենք ունեցել ենք Տիգրան, որ ջնջեց վիշապները ցեղը։ Մենք ունեցել ենք մի ուրիշ Տիգրան, որ ջարդում էր Լուկուլլոսի ու Պոմպեոսի լեգեոնները։ Մենք ունեցել ենք ուրիշ շատ հերոսներ, բայց դրանցից և ոչ մեկը Վարդան չէ կարող լինել։

Այդ քաջերի հետ միացած էր զորքը, այսինքն վարձկանների
[280]
մի դասակարգ, որոնց գործ էին ածում շատ անգամ աննպատակ աշխարհակալությունների մեջ, միայն իրանց դրոշի փառքը բարձրացնելու համար։ Զորքը արյուն էր թափում, իսկ նրանք փառք էին վայելում։ Զորքը հողեր էր տիրում, բայց նրա որդիքը քաղցած էին մնում․ արդյունքը շռայլում էր զորքի տերը։

Բայց Վարդանի անձնավորության մեջ միացած էր ժողովուրդը։ Նրա փառքը ժողովրդին էր պատկանում։ Վարդանը — ինքը ժողովուրդն էր։

Նրա հետ միացած էր կղերը, մի ձեռքում խաչ, մյուս ձեռքում սուր բռնած։ Նրա հետ միացած էր շինականը, մի ձեռքում բահ, մյուս ձեռքում նիզակ բռնած։ Նրա հետ միացած էր ազնվականը, քաղաքացին, և որ ամենագլխավորն է՝ հայ կինը։

Սկսյալ նախարարների շքեղ դահլիճներից, մինչև գյուղական աղքատ խրճիթը, զարթնեց ազատասիրության վսեմ հոգին։ Զարթնեց և հայ կինը։ Նա իր հրեշտակային կենսատու շնչով ավելի վառեց, ավելի բորբոքեց ժողովրդի եռանդը։ Նա թողեց իր պաճուճանքը, մոռացավ իր փափկությունը և սովորեց տանել զինվորի կյանքի խստությունները։ Թանկագին բեհեզների, նուրբ կերպասների փոխարեն զգեցավ պատերազմող մարդու կոշտ հագուստը։ Ոսկեհուռ մարգարիտների փոխարեն նա իր կուրծքը զարդարեց երկաթե զրահով։ Գոհարեղեն պսակի փոխարեն նա իր գլխին դրեց պողովատյա սաղավարտը։ Ոսկի մատանիների փոխարեն կրեց սուր, վահան, նիզակ։ Ամեն ինչ տվեց նա, ամեն ինչ զոհեց հայրենիքը փրկելու համար։

Երբ կինը խառնվում է գործի մեջ, դա նրա հաջողության ամենապարզ նշանն է։ Հայ կինը շարժեց, ոգևորեց, ոտքի կանգնեցրեց ժողովրդի բոլոր դասակարգերը։ Իսկ Վարդանը այդ դասակարգերի միավորիչ հոդը, նրանց միմյանց հետ կապող օղակը դարձավ։

Վարդանը ժողովրդի հոգու արտահայտության ծնունդն էր։ Բայց ի՞նչ էր ժողովրդի պահանջը․ ի՞նչ նպատակ ունեին նրա հոգեկան ձգտումները։

Հայաստանը իր օրհասականի մեջ էր գտնվում։ Արշակունյաց հզոր պետությունը զոհ էր գնացել Տիսբոնի նենգությանը։ Օծյալ թագավորների գահը խորտակված էր․ նրանց փոխարեն տիրում էին պարսիկ մարզպանները։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրապետական օրհնյալ տան ներկայացուցիչները վերջացրած էին։ Պարսիկը իր պիղծ ձեռքը տարածել էր մինչև եկեղեցու սրբարանը։
[281]
Քրիստոսի հոտը մնացել էր առանց անձնանվեր հովվապետի։ Ներսես մեծի, Սահակ Պարթևի, Արիստակեսի և Վրթանեսի աթոռի վրա պարսիկները նստեցնում էին Սուրմակին, Շմուելին, Բրքիշոյին ու դրանց նման չարագործներին։

Կանգուն մնացել էին միայն հայոց նախարարները։ Դրանք, որպես հայրենիքի բոլոր ծանրությունը իրանց վրա կրող սյուներ, դեռ պահպանում էին կործանված Հայաստանի մնացած փշրանքները։ Պարսկական նենգությունը սկսեց այդ նեցուկները ևս տապալել, նրանց ևս խորտակել, որպեսզի ազգային շենքը միանգամայն քարուքանդ անե։ Հայաստանը թողնում էին հայ զինվորից թափուր, հայ նախարարից զուրկ, իսկ նրանց երկար տարիներով ուղարկում էին հեռավոր արևելքում, Խուժաստանի կամ Սագաստանի կողմերը, Քուշանաց հետ պատերազմելու։ Անսովոր կլիման, տաժանակիր կյանքը, հայրենիքի կարոտը հալում, մաշում էր պանդուխտ հայ զինվորին օտար, անծանոթ աշխարհում։ Նրանցից շատերը չէին վերադառնում։ Այդ անում էր պարսիկը, որ հայ ժողովուրդը անտեր, անգլուխ մնա, որպեսզի նրան կարողանա ավելի հեշտությամբ կլանել։ Ընդդիմություն գործել դժվար էր։ Ով որ փոքր ի շատե դժգոհություն էր հայտնում, նրան ցմահ թաղում էին անել բանտի մեջ։

Ժողովուրդը ավելի սարսափելի դրության մեջ էր։ Աղքատությունը, չքավորությունը պարսիկները ընդունել էին որպես գլխավոր պայման ամբոխը հնազանդության մեջ պահելու համար։ Այդ պատճառով ծանրաբեռնում էին նրան անտանելի հարկերով։ Բայց խորամանկ պարսիկը չէ բավականանում միայն նյութապես աղքատացնելով։ Նա աշխատում էր աղքատացնել և հոգեպես, և բարոյապես, և մտավորապես։ Հայոց սրբարանները, որոնց մեջ հայ մարդը համ աղոթում էր իր աստծուն, համ սովորում էր իր մայրենի լեզվի դպրությունը, — փակված էին։ Եկեղեցիների փոխարեն հիմնել էին կրակապաշտության ատրուշաններ։ Հայոց մանուկների դաստիարակությունը քահանաների ձեռքից անցել էր մոգերի ձեռքը։ Հայոց խոսքը, այն լեզուն, որով խոսում էին Ադամը և Նոյը, — արգելված էր։ Հայ մարդը պետք է պարսկերեն խոսեր, պարսկերեն գրեր և պարսկերեն աղոթեր։

Ամեն ինչ, որ թանկ և նվիրական էր հայի համար, ոչնչանալու վրա էր։ Նրա հայրենիքը պարսկական նահանգ էր դարձել։ Նրա եկեղեցին սրբապղծված էր։ Նրա լեզուն, այդ մայրենի սուրբ ավանդությունը, խլում էին նրանից։ Ազատության փոխարեն տիրում
[282]
էր բռնություն։ Արդարության փոխարեն տիրում էր անիրավություն։ Խաղաղության փոխարեն տիրում էր հալածանք, խռովություն, երկպառակություն։ Պարսիկը ինքն էր սերմանում խռովությունը։ Անարժաններին առաջ էր քաշում, իսկ արժանավորներին հետ մղում։ Վատերը, մատնիչները, ուրացողները ստանում էին փառք, պատիվ և բարձր պաշտոններ, իսկ ազնիվ մարդիկ անարգվում էին։ Ազգասիրությունը, հայրենասիրությունը, կրոնասիրությունը մի քրեական հանցանք էր, որ պատժվում էր ամենասաստիկ կերպով։ Պարսկաստանի բանտերը, Սագաստանի աքսորավայրերը լցված էին այս տեսակ զոհերով։ Ժողովրդի ընտիր, օգտակար, բարեմիտ անդամներին ոչնչացնում էին և թողնում էին վատերին, անպիտաններին միայն, որպեսզի ազգը, կորցնելով իր լավ ու կենդանի ուժերը, բոլորովին դիակնանա, որ կարողանան հեշտությամբ կլանել, հեշտությամբ մարսել նրան։

Տեսնելով այդ բոլոր չարիքները, ժողովուրդը այլևս չկարողացավ համբերել։ Նա անցավ Վարդանի դրոշի տակ, մտածեց ազատվել անտանելի դրությունից։ Մի քանի օրվա մեջ Արտաշատում կազմվեցավ 60 հազարից բաղկացած մի բանակ։ Այդ բանակի մեջ, որպես մի ամբողջ մարմին, միացած էին ժողովրդի բոլոր դասակարգերը։ Նրանց առաջնորդում էին՝ հոգևորականությունը և ազնվականությունը, երկուսն էլ ձեռք ձեռքի տված, երկուսն էլ մի սիրտ՝ մի հոգի դարձած։ — Այդ միությունն էր պատճառ, որ հայոց քաջերը Ավարայրի դաշտում կատարեցին այն փառավոր հաղթությունը, որը մեր պատմության մեջ մինչև դարերի վերջը կփայլի որպես մի պայծառ աստղ։ Թեև այդ հաղթությանը զոհ գնաց մի մեծ մարդ, որի դագաղը դրած է ձեր աչքի առջև, որի հոգեհանգիստը կատարում ենք այսօր։

Այժմ ես այդ դագաղից դուրս կկոչեմ Վարդանի հոգին, թող նա խոսե ձեզ, թող նա բացատրե ձեզ մեր աշխարհի այժմյան դրությունը։

Մեր վիճակը այժմ ինչո՞վ է տարբերվում Վարդանի ժամանակներից։ Մի՞թե օտարի դառն լուծը նույնքան ծանրացած չէ մեզ վրա, որպես Վարդանի օրերում։ Մի՞թե այսօր ևս մեզ վրա չէ տիրում նույն պարսիկը, նույն խորամանկ, նենգավոր և չարամիտ պարսիկը։ Ինչո՞վ են ապահովված մեր կյանքը, մեր ընտանիքը, մեր կայքը, մեր ազգային սրբությունները։ Մի՞թե մեր դրությունը չէ տանում մեզ դեպի արագ ոչնչություն, դեպի հավիտենական կորուստ։
[283]
Մի լավ մտածենք, թե ինչ էինք մենք առաջ, իսկ ինչ ենք այժմ։ Այդ երկու համեմատությունների մեջ երկնքից մինչև գետինք հեռավորություն կա։ Մեր ներկան ոչինչով չէ նմանում մեր անցյալին։

Մենք ապրում ենք Սյունյաց աշխարհում։ Այդ երկիրը իր բնական հատկանիշներով միշտ պահպանել է մի առանձնական, ինքնուրույն դրություն Հայաստանի մյուս նահանգների վերաբերությամբ։ Սկսյալ մեր Սիսակ նահապետի օրերից, հայոց իշխանությունը անպակաս է եղել մեր երկրից։ Հայաստանում երբեմն ընկել է հայոց թագավորությունը, երբեմն կանգնել է, երբեմն անիշխանություն է տիրել, երբեմն օտարներն են տիրել, — բայց Սյունյաց աշխարհը պահպանել է իր առնձին պատմությունը և խիստ սակավ անգամ ենթարկվել է Հայաստանում պատահած փոփոխություններին։ Մենք ունենք թագավորների ու իշխանների մի երկայն շարք, որոնք միմիայն մեր աշխարհին են պատկանում։ Բայց այժմ ո՞ւր են նրանք։ Ո՞ւր են այն քաջերը, որոնք պարսիկներին, հոներին, արաբներին, թաթարներին սարսափեցնում էին։ Ո՞ւր են մեր աշխարհի բազմամարդ քաղաքները, հազարավոր գյուղերը, անառիկ բերդերը։ Ո՞ւր է մեր անկախությունը։

Մի՞թե դուք չեք լսում Վարդանի դառն հանդիմանությունը․ մի՞թե նա չէ ասում մեզ․ «Անարի՛ և վա՛տ մարդիկ, դուք այնքան թույլ գտնվեցաք, որ կորցրիք բոլորը, ինչ որ ձեր նախնիքը գնել էին արյան գնով և թողել էին ձեզ որպես ժառանգություն»։

Այսօր հայը ամոթի, նախատինքի, ծաղրածության առարկա է դարձել։ Ով որ կամենում է մեկին վիրավորել, ով որ կամենում է ցույց տալ, որ նա ցած, անարգ և չնչին արարած է, ասում է՝ «դու հայ ես»։ Ինչո՞վ ժառանգեցինք մենք այդ նախատինքը, — իհարկե, մեր վատություններով։ Մենք մեր հայրերի անարժան, անհարազատ սերունդն ենք, այն հայրերի, դեպի որոնք հարգանք և պատկառանք էր զգում ամեն օտարազգի։ Ինչո՞վ կարող ենք վերականգնել մեր պատիվը։ — Ոչինչով, քանի որ մենք կմնանք ստրուկ, օտարի գերի, քանի որ մենք մեր երկի ու գլխի տերը չենք լինի։

Եթե մի օր հայոց աստվածը կխնդրե Հայաստանի կործանման ու նրա զավակների արյան վրեժը մեր ազգի թշնամիներից, — առաջին պատասխանատուն կլինեն մեր եկեղեցականները։ Դրանք թուլացրին ժողովրդի սիրտը, խլեցին նրա քաջությունը, մեռցրին նրա բոլոր կենսական ուժերը, և քրիստոնեական խոնարհության, քրիստոնեական համբերության անունով սովորեցրին նրան ստրուկ լինել։
[284]
Մարդկության գազանները իրանց բարբարոս հրոսակներով մինը մյուսի ետևից անդադար գալիս էին, և ոտնակոխ անելով Հայաստանը, անցնում էին։ Նրանք թողնում էին իրանց ետևից արյուն, կոտորած, ավերմունք և բոլորովին անապատ դարձրած մի երկիր։ Այսպիսի դեպքերում եկեղեցականները, որոնք առաջնորդում էին ժողովրդին, փոխանակ նրա մեջ կյանք և քաջություն ներշնչելու, փոխանակ նրան խրախուսելու, որ սուրը ձեռքում պաշտպանե իր հայրենիքը, ասում էին․ «Դու արժանի էիր այդ պատուհասին․ քո մեղքերի համար աստված պատժեց քեզ։ Նրա դատաստանը արդար է․ ինչ որ աստված է անում, նրա դեմ բողոքել հանցանք է․․․»։ Եվ այս տեսակ խոսքերով քարոզում էին ժողովրդին, որ ապաշխարհե, որ աղոթե, որպեսզի աստուծո բարկությունը անցնի։ Մեր պատմության մեջ խիստ փոքր է եղել այն եկեղեցականների թիվը, որոնք դրա հակառակն են քարոզել, և այդ մարդիկն են, որ պաշտելի անուն են թողել։ Մեր կրոնը անձնապաշտության դեմ չէ։ Նույն հնազանդություն քարոզող Հիսուս Քրիստոսը, որ ասում էր՝ «թե ձախ երեսիդ ապտակ տալու լինեն, աջն էլ շուռ տուր», — երբ իր անձի վրա փորձեց այդ պատվիրանքը, երբ Կայիփա քահանայապետի ծառայից մի ապտակ կերավ, ինքը առաջինը եղավ, որ բողոքեց այդ անիրավության դեմ։ Քրիստոնեությունը ազատության և մարդկային հավասարության կրոն է։ Ինչ որ ընդդեմ է ազատության, ինչ որ ընդդեմ է հավասարության, ընդդեմ է և քրիստոնեության։ Սեփականության իրավունքը սուրբ է աստուծո համար։ «Մի՜ գողանարը» նրա մեզ տված տասն պատվիրանքներից մեկն է։ Ինչ որ ունե մի անհատ, ինչ որ ունե մի ամբողջ ազգ, պետք է նրան պատկանի։ Իսկ երբ մի ուրիշը գողանում է, հափշտակում է, — հանցանք է գործում։ Այսպիսիներին ոչ միայն զրկված մարդը, այսինքն սեփականատերը, իրավունք ունի պատժելու և հափշտակությունը ետ խլելու, — այլ աստված ինքը օգնում է զրկվածին։ Մենք մի ազգ ենք։ Ազգը — մի մեծ անհատ է, որ ունե իր սեփականությունները։ Մենք էլ ունեինք մեր հայրենիքը, որ մեր հորերից մնացել էր մեզ որպես ժառանգություն։ Այդ հողի վրա, որպես մեր սեփական տան մեջ, մենք ազատ վարում էինք, ցանում էինք, հնձում էինք ու հանգիստ ապրում էինք։ Այստեղ մենք ունեինք մեր օրենքները և մեր կառավարությունը։ Մեր թագավորը, որպես ազգային մեծ ընտանիքի հայրը, իշխում էր մեզ
[285]
վրա։ Բայց թշնամին եկավ, բոլորը հափշտակեց, բոլորը ոչնչացրեց և մեզ իր ստրուկը դարձրեց։ — Այդ էլ գողություն է, մի ահագին գողություն։ Եվ աստված ինքը կօգնե մեզ, երբ մենք կպատժենք գողին և հետ կխլենք նրա հափշտակությունը։

Աստված իր սուրբ գրքի մեջ մեզ տվել է հազարավոր օրինակներ այդ մասին․ ես կհիշեմ մի քանիսը միայն։

Ահա ինչ է ասում Եհովան Մովսեսի բերանով Իսրայելի ժողովրդին․ «Երբ որ քո տեր աստվածը քեզ կտանե այն երկիրը (Քանանացոց երկիրը), ուր որ պիտի մտնես ժառանգելու համար, նա քո առջևիցդ շատ ազգեր պիտի հալածե, այսինքն՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հիրուսացիներին։ Այդ յոթը ազգերին, որոնք քեզնից մեծ ու զորավոր են, երբ որ քո տեր աստվածը դրանց քո ձեռքը կտա, պետք է դրանց կոտորես ու բոլորովին ոչնչացնես»[2]։

Աբրահամի, Իսահակի և Հակոբի հայրենիքին տիրում էին օտարազգիները։ Աստված կամենում էր, որ Իսրայելը կրկին տեր դառնար իր հայրենական ժառանգությանը և հրամայում էր նրանց կոտորել, եթե չհնազանդվեին։

Դարձյալ ասում է Եհովան Մովսեսի բերանով Իսրայելի ժողովրդին․ «Երբ որ մեկ քաղաքի մոտենալու լինես, նրա հետ պատերազմելու համար, նախ նրան խաղաղության հրավիրե։ Եվ եթե որ քեզ խաղաղության պատասխան կտա ու դռները քո առջև կբաց անե, այն ժամանակ քաղաքի մեջ գտնված բոլոր ժողովուրդը պետք է քեզ հարկատու լինի և քեզ ծառայություն անե։ Բայց թե որ քեզ հետ խաղաղություն անել չկամենա, և պատերազմ անե, այն ժամանակ պետք է քաղաքը պաշարես։ Եվ երբ որ քո տեր աստվածը քո ձեռքը կմատնե այդ քաղաքը, նրա բոլոր արուներին պետք է սրի բերնից անցկացնես։ Իսկ կնիկներին, տղաներին, անասուններին և ինչ որ կա այն քաղաքի մեջ, — նրա բոլոր ավարը քեզ համար պետք է վեր առնես, և քո տեր աստուծուդ քեզ մատնած քո թշնամիների ավարը պիտի ուտես։ Ահա այսպես պիտի անես քեզնից հեռու գտնվող բոլոր քաղաքների հետ։ Եվ քո տեր աստուծո քեզ ծառայության տված այս ազգերի (օտարների) քաղաքների մեջ մի որևիցե շունչ ունեցողին պետք է բնավ ողջ չթողնես»[3]։
[286]
Եվ աստված կատարեց իր խոստմունքները, օգնելով Իսրայելի ժողովրդին, որ նա տիրե իր հայրենական երկրին և ոչնչացնե այնտեղ բնակվող բոլոր օտարազգիներին, որ նույն երկրի տերն էին դարձել։ Իր հրեշտակներով նա մինչև անգամ միջամտություն էր գործում, միանում էր իսրայելացոց բանակի հետ։ Երբ Հեսուն ամորհացոց հինգ թագավորների հետ պատերազմ ուներ, աստված նրան օգնության հասավ, և Գաբավոնի ճակատամարտի ժամանակ, երկնքից քարե կարկուտ թափելով ամորհացիների վրա, բոլորին կոտորեց։ Իսկ Հեսուն նրանց հինգ թագավորներին բռնել տալով, հրամայեց կախ տալ հինգ ծառից[4]։

Երբ ասորոց Սենեքերիմ թագավորը Իսրայելի Եզեկիա թագավորի հետ կռիվ ուներ, աստված իր հրեշտակի ձեռքով մի գիշերվա մեջ կոտորեց Սենեքերիմի զորքերից հարյուր ութսուն և հինգ հազար հոգի։

Հազարավոր այսպիսի օրինակներ կարելի է բերել սուրբ գրքից, որոնք ցույց են տալիս, թե հայրենասիրությունը, ազգասիրությունը ամեն մի անհատի սուրբ պարտավորությունն է։ Եվ հայրենիքի ազատության, հայրենիքի պաշտպանության համար կատարված պատերազմը սուրբ պատերազմ է։ Այլևս չեմ խոսում Դավթի, Սողոմոնի պատերազմների մասին, որոնք միևնույն ժամանակ Իսրայելի թե մարգարեն և թե թագավորն էին։ Բայց կասեմ ձեզ մի փոքրիկ դեպք Մովսեսի կյանքից, որ ցույց է տալիս, թե ո՜ր աստիճան մոլեռանդության էր հասած ազգասիրությունը այդ մեծ մարգարեի և օրենսդրի մեջ։ Մի անգամ Մովսեսը տեսնում է մի եգիպտացու, որ նախատում էր մի իսրայելացու, այն րոպեում սպանում է նրան և նրա դիակը թաղում է Նեղոսի ավազների մեջ։ Այստեղից շատ պարզ է ազգային նախանձախնդրությունը։

Բայց մեր կույր, տգետ, անկիրթ եկեղեցականները, որոնք ամեն օր աստուծո տաճարի մեջ կարդում են ձեզ Մովսեսի, Հեսուի, Դավթի և Իսրայելի մարգարեների գործերը, — երբեք չբացատրեցին, երբեք չքարոզեցին ձեզ, թե աստուծո այդ ընտրյալները ո՜րքան միլիոնավոր մարդիկ են կոտորել, որքան ազգեր են ոչնչացրել, մինչև կարողացել են իրանց ազգը՝ Իսրայելը հաստատել իր հայրենական երկրում։

Եվ մենք տեսնում ենք Հայաստանի բարօրությունը այն դարերում
[287]
միայն, երբ նրա հոգևոր հովիվները Մովսեսի, Դավթի, Հեսուի հոգին ունեին։ Երբ նրանք խաչի հետ կրում էին և սուր։ Երբ նրանք քրիստոնեական առաքինության հետ քարոզում էին և՜ անձնապաշտպանության, և՜ հայրենիքի պաշտպանության առաքինությունը։ Երբ նրանք հայրապետական աթոռի պարտավորությունները միացրել էին թագավորի գահի պարտավորությունների հետ։ Երբ նրանք եկեղեցու շահերը հաշտեցրել էին պետության շահերի հետ։ Հայաստանը երջանիկ էր դրանց օրերում։ Բայց ցավելով պիտի խոստովանեմ, որ այսպիսիների թիվը այնքան սակավ է, որ նրանք ներկայացնում են փոքրիկ, կանաչազարդ օազիսներ մեր հասարակության տխուր, լայնատարած անապատի մեջ։ Ես կարող եմ մի քանիսի անունները միայն հիշել։ Ներսես մեծը, մի ոտքը Բյուզանդիա, մյուսը Տիսբոն դրած, անդադար բանակցությունների մեջ էր, երբեմն պարսից, երբեմն հունաց արքունիքի հետ։ Երբ դիվանագիտական բանակցությունները ցանկացած նպատակին չէին հասցնում, նա սկսում էր կռվել։ Ծիրավ դաշտի ճակատամարտի ժամանակ, երբ հայերը պարսիկների հետ պատերազմում էին, նա Նպատ լեռան գագաթի վրա, ձեռքերը դեպի երկինք բարձրացրած, հայոց քաջերի բազուկներին զորություն էր խնդրում։ Նրա որդին՝ Սահակ Պարթևը տվեց Հայաստանին գիր, դպրություն, գիտություն։ Որպես զոհ քաղաքական հալածանքների, նա շատ անգամ աքսորվեցավ, բանտարկվեցավ Պարսկաստանում։ Հովսեփ եպիսկոպոսը, Ղևոնդ երեցը այն հոգևորական-հերոսներն էին, որ միացան Վարդանի հետ և կատարեցին այն հրաշալի պատերազմը պարսից ահագին զորության դեմ։ Այսօր մենք կատարեցինք նույն պատերազմի մեջ ընկած քաջերի հոգեհանգիստը։ Այսօր Վարդանանց նահատակների առնախմբության օրն է։ Մեր առջև դրած է Վարդանի դագաղը, իսկ նրա վրա դրած են մեր սրերը։ Մենք հավաքվել ենք այս տաճարի մեջ մի մեծ ուխտագրության համար։ Մեր ուխտը նույն բնավորությունը, նույն նպատակն ունի, ինչ որ էր Վարդանի հետ միաբանված հոգևորականների, նախարարների և ժողովրդի ուխտը։ Այստեղ, այս տաճարի մեջ, նույնպես հավաքված է մեր աշխարհի հոգևորականությունը և իշխանավորները։ Իսկ ձեր մեջ կանգնած է մի նոր Վարդան, որ կամենում է հայրենիքի ազատության դրոշը բարձրացնել։ — Վերջին խոսքերի միջոցին քարոզիչը ձեռքը մեկնեց դեպի Դավիթ բեկը։ — Թող ձեզանից ամեն մեկը մոտենա այդ սուրբ դագաղին, թող համբուրե Խաչն ու Ավետարանը, և
[288]
ուխտ դնե, հավատարմության երդում տա, որ կհետևի այդ հերոսին, որը իր փառավոր հաղթություններով մեզ ցույց տվեց, որ ընդունակ է իր հանձն առած գործին։

Քարոզիչը ավարտեց իր խոսքը, և մինչև որ կկատարվեր ուխտադրության արարողությունը, նա կարդաց մի աղոթք․

«Ով տեր աստված, աստված Հայկի, Արամի և Տիգրանի, առաքիր մեզ Վարդանի ու նրա աջակից քահանաների՝ Հովսեփի ու Ղևոնդի հոգին։ Թող հայրենիքի այդ մեծ պաշտպանների հոգին ուժ և զորություն տա մեզ, թող նեշնչե մեր մեջ հայրենասիրության եռանդը, որ հետևենք այդ քաջերի օրինակին, որ նրանց պես մեր հայրենիքի ազատության համար պատերազմենք, որ նրանց պես փառավոր մահով մեռնենք; Ով տեր աստված, դու, որ առաջնորդեցիր Մովսեսին Իսրայելը դուրս բերել Եգիպտոսի գերությունից, դու, որ քո օգնական աջը տարածելով Աբրահամի զավակների վրա, ծովի և կրակի միջից անցկացրիր նրանց, և ահագին ազգեր նրանց առջևից ոչնչացնելով, Իսրայելը բնակեցրիր նրա հայրերին խոստացած երկրում, — նույն օգնական աջի հովանավորությունը տարածիր և Հայկի զավակների վրա, որոնք նախ քան բոլոր ազգերը, ընդունեցին քո սուրբ ավետարանի լույսը, որոնք ամեն ինչ զոհեցին, ամեն ինչ կորցրին քո տաճարների սրբությունը պահպանելու համար։ Ո՜վ տեր աստված, հիշի՜ր դրախտը, ուր բնակեցրիր մարդկության նախաստեղծ զույգը, հիշիր քո սուրբ Արարատը, ուր Նոյը առաջին անգամ զոհաբերության սեղան կազմեց քեզ համար, հիշի՜ր սուրբ Էջմիածինը, ուր քո միածին որդին երկնքից իջնելով, տեսնվեցավ Հայաստանի Լուսավորչի հետ և օրհնեց հայկական նորընծա հոտը, — հիշի՜ր աշխարհի սկզբից քեզ նվիրված երկիրը և նրա հավատարիմ ժողովուրդը, և մի՜ թող տուր, որ նա կորչի, ոչնչանա անօրենների ձեռքից։ Ով տեր աստված, մաքրիր մեր սրտերը, որ հավատով և անկեղծությամբ մոտենանք քո սուրբ Խաչին ու Ավետարանին, և ընդունիր մեր ուխտը որպես կրոնի, ազգության և հայրենիքի փրկության ուխտ, և առաքիր մեզ քո օրհնությունը, տուր զորություն քո ծառաներին, որ քաջությամբ կատարեն այն մեծ գործը, որ սկսած են քո անունով։ Եվ որի համար լինի քեզ փառք, հավիտյանս, ամեն»։

Աղոթքից հետո եկեղեցական ամբողջ դասը երգեց երկրորդ սաղմոսը․ Խզեսցուք զկապանս նոցա, և ընկեսցուք ի մէնջ զլուծ նոցա»։ Այդ սաղմոսերգության ժամանակ վանքի զանգակները
[289]
սկսեցին հնչել, և կարծես, երկնքի բոլոր անմահները ցած իջան և սկսեցին ձայնակցել հայոց ուխտավորների ոգևորությանը։

Հետո կատարվեցավ ուխտի խորհուրդը։ Ներսես արքեպիսկոպոսը նախ օրհնեց իշխանների սրերը, որ դրած էին Վարդանի դագաղի վրա, խաչի և Ավետարանի մոտ։ Իսկ հետո կարդացվեցավ երդման թուղթը։ Դա համարյա նույն բովանդակությունն ուներ, որ գրվեցավ Վարդանանց պատերազմի սկզբում․ փոփոխությունը մի քանի ավելվածների մեջ էր միայն։ Ահա նրա օրինակը։

«Հարազատ եղբոր սուրը իր մերձավորի վրա պիտի բարձրանա, երբ որ նա դավաճանություն կգործե ուխտի և միաբանության դեմ։ Հայրը պիտի չխնայե իր որդուն, և որդին ակնածություն չի պիտի անե հոր պատվին։ Կինը պետք է կռվե իր ամուսին այրի հետ և ծառան պիտի դառնա իր տիրոջ դեմ, երբ նրանում անհավատարմություն կնկատի։ Հայրենիքի սերը և նրա ազատության միտքը պետք է թագավոր լինի ամեն գործողությունների վրա, և ամեն ինչ պիտի զոհվի այդ ազատությունը գնելու նպատակին։ Անպայման հնազանդություն դեպի գործի գլխավորը, — պետք է լինի օրենք, և այդ օրենքի հակառակորդը կընդունի իր դատապարտության պատիժը նույն գլխավորից»։

Երբ երդման թղթի ընթերցումը վերջացավ, եպիսկոպոսը հրավիրեց Դավիթ բեկին կանգնել իր մոտ։ Օրվա հերոսի դեմքը չէր ցույց տալիս այն անսահման հոգեզմայլությունը, որ տիրում է ամեն մի մարդու սրտին այսպիսի հանդիսավոր րոպեներում։ Նրա ընթացքը, որով մոտեցավ նա սրբազանին, արտահայտում էր մի առանձին վեհություն, որ ծածկված էր համեստության քողի տակ։ Կանգնելով եպիսկոպոսի մոտ, խոսեց մի փոքր ճառ․

«Եղբայրնե՜ր, — ասաց նա իր սովորական ամուր ձայնով, — ես ինձ բախտավոր եմ համարում, որ ինձ վիճակվեցավ անցնել այն շարժման գլուխը, որին կարոտ էր մեր հայրենիքը, որին վաղուց սպասում էր նա։ Իմ հույսը մեծ է։ Ես հավատացած եմ, որ Հայաստանի աստվածը նույնպես կպսակե մեր գործը, որպես շատ անգամ ցույց է տվել իր աջակցությունը մեր հայրերին։ Մեր նպատակը սուրբ է․ մեր ձեռնարկությունը չէ կրում իր վրա անիրավության ոչ մի բիծ։ Մենք պիտի կռվենք բռնության, անարդարության և ստրկության դեմ։ Իսկ բռնությունը, անարդարությունը և ստրկությունը պիղծ են աստուծո առջև։ Ես իմ հույսը դրել եմ նեղված, տանջված, հարստահարված ժողովրդի վրա և ձեզ վրա,
[290]
եղբայրներ, որ ժողովրդի ներկայացուցիչներն եք։ Հավատքով, անկեղծությամբ, անձնազոհությամբ դիմենք մեր նպատակին, — և այդ նրա հաջողության ամենագլխավոր պայմանն է»։

Այնուհետև իշխաններից յուրաքանչյուրը սկսեցին հերթով մոտենալ Բեկին։ Նրանք նախ համբուրում էին Վարդանի դագաղի վրա դրած խաչն ու Ավետարանը, հետո հավատարմության ձեռք էին տալիս Բեկին։ Իսկ Բեկը վեր էր առնում դագաղի վրայից նրանց սրերը և իր ձեռքով հանձնում էր տերերին։

Ամենից առաջ մոտեցավ Չավնդուրի Թորոս իշխանը, հետ նրա քրոջ որդին՝ Գենվազի իշխան Ստեփաննոս Շահումյանը և Թորոսի ազգականը՝ Մելիք-Նուբարը։ Հետո մոտեցավ Հալիձորի Մելիք-Փարսադանը իր փեսա տեր Ավետիքի և իր որդի Բալի զորավարի հետ։ Դրանցից հետո մոտեցան հետևյալ անձինքը՝ Կալերից՝ Պապ զորավարը․ Սիսիանից՝ մելիք Կոջո սիսական զորավարը և տեր Գասպարը, որ կոչվում էր «Ավշար երեց»․ Բաղաբերդից՝ Ադամ զորավարը․ Գյուլ-բերդից՝ Ղազար զորավարը․ Շիրվանաձորից՝ Սարգիս զորավարը, Ջուղայից՝ Մազա մելիքի երկու որդիները՝ Աշոտ և Սմբատ, Տաթևից՝ Կիջի տանուտերը, իսկ Տաթևի շրջակայքից՝ Այտի, Եսայի և տիրացու Սիմեոն տանուտերերը․ Շընհերից՝ Մինաս և Ստեփան տանուտերերը․ Չավնդուրից՝ Վարդան, Թովմաս, Թուրինջ և Հովհաննես տանուտերները․ Մեղրիից՝ մելիք Կոնստանդինը, իսկ նրա շրջակայքից՝ Հովհաննես, Սարի և Առաքել տանուտերները։

Այնուհետև մոտեցան Դավիթ բեկի հետ Վրաստանից եկած քաջերը՝ Մխիթար սպարապետը, Բայինդուր իշխանը և մյուսները, որոնց անունները հայտնի էր մեզ։ Բոլորից հետո հավատարմության երդում տվեց Տաթևի վանքի միաբանությունը՝ վանահայր Ներսես արքեպիսկոպոսը, որ այնօր պատարագիչ էր, տասնևերկու եպիսկոպոսներ, և քսանևչորս վարդապետներ։

Վանքի մեծ դահլիճը, որ կոչվում էր «Թանաբի», այսօր սովորականից ավելի զարդարած էր։ Այնտեղ պատրաստված էր մի ճոխ սեղան ճաշի համար։ Տաճարից դուրս գալով, եկեղեցական դասը իշխանների ու երկրի ավագների հետ դիմեցին դեպի դահլիճը։ Բազմությունը այդ միջոցին լցրել էր վանքի բակը։ Երբ տեսան Բեկին, հազարավոր ձայներ ողջունեցին նրան «կեցցեներ» գոչելով։ Նա բոլորին գլուխ տվեց և անցավ։

Նույն օրը հավաքվեցան նրա շուրջը 6628 կամավոր զինվորներ։

Տողատակեր[խմբագրել]

  1. Ասորաց դյուցազնը, որին սպանեց Արամը, կոչվում էր Բար-շամ, նա համարվում էր արևի որդի և Բար-շան բառը ասորաց լեզվով այդ է նշանակում։
  2. Երկրորդ օրինաց Է․ գլ․ համար 1—5։
  3. Երկրորդ օրինաց Ի․ գլ․ համ․ 10—16։
  4. Հեսու Ժ․ գլ․ համար 11։