Jump to content

Դիմակներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դիմակներ

Դիմակներ


Եվ էլի նորից տխուր պատկերներ
Շարվում են իմ դեմ սրտացավ ընկեր,
Երբ հարցնում ես դու՝«ինչո՞ւ եմ մռայլ,
Կամ ինչո՞ւ եմ միշտ տխուր, վշտահար»։
Օ՜, մի՛ հարցնիլ, նորից մի՛ պեղիլ
Իմ հին վերքերը դառն ու լեղի։
Ունեի և ես քո սրտի նման
Կարեկից ու ջերմ սիրտ, պարզ ու մանկական,
Եվ ի՜նչ․․․ շահամոլ, եսական մարդիկ
Իրենց օձային նենգամտությամբ
Սողացին դեպի ինձ շողոքորթությամբ
Եվ սրտիս խորքում փնտրելով կարիք
Շահադիտական սև միտումներով,
Սիրտս լցրին կասկածի թույնով։
Եվ ամեն անգամ իմ մատաղ հոգին
Դառն զայրույթով սաստի՛կ է հուզվում,
Երբ ես տեսնում եմ, որ ադամորդին
Իր վատ արարքից երբեք չի զզվում․․․


Եվ այն ո՞վ գիտե,
Որ օձը ցրտից խնամած, գրկած՝
Մի օր նենգաբար ինձ պիտի խայթեր․
Գիտեի՞ միթե, որ ձեռք մեկնեի
Եղբորը ընկած ―
Առաջին հարվածն ինձ պիտի ուղղեր
Եվ ամեն անգամ դալար հույսերս
Ծաղկաթափ աներ, զգացմունք խլեր,
Տիրեր հավատիս, ծաղրեր ջերմ սերս,
Հարստահարեր։
Չէ՛ի իմանում, սիրելի ընկեր,
Որ կարեկցության, սիրո փոխանակ,
Թունալի մաղձով լկտի պարսավանք
Իբրև վարձ՝ գաղտուկ գլխիս պիտի ժայթքեր։
Եվ այս ապիկար դավաճանություն,
Հուդայի համբույր, խաբեբայություն,
Բացագանչում ես, ճշմարի՛տն աստված,
Ո՞ր մեղքիս համար էր ինձ ուղարկված։


Էլ չըհավատաս,
Անփո՛րձ իմ ընկեր․ ես դեռ մարդկանց մեջ
Բարեկամ հոգի չըգտա անկեղծ․
Այժմ բարեկամ անվան դիմակով
Նույն բարեկամն է ծածուկ անկյունից
Հարձակվում վերադ՝ սրած դանակով,
Աչքերն արնակոխ―կատաղած կրքից․․․
Ես ճանաչեցի նորա պատկերը․
Նա միշտ խոսում էր՝
Հանուն վեհ սիրո ու ճշմարտության․
Բայց միշտ կեղծում էր՝
Իբրև մի հրեշ շողոքորթության․
Եվ Ֆեմիդայի երդվում էր անվամբ,
Լոկ խոսքով աշխարհ թնդացնել ջանում,
Միամիտ, մաքուր ամբոխի որդուն
Օրորում, շոյում չարախնդությամբ
Եվ ստորաքարշ իրա գոյություն
Ամոթի ծաղրից նենգաբար ծածկում։
Ես ճանաչեցի նորա սև պատկեր․ ―
Ճանաչիր և դո՛ւ, սիրելի՛ ընկեր․
Ու թե կյանքի մեջ նա քեզ հանդիպի,
Զզվիր ու փախիր այդպիսիններից,
Որպես ճամփորդը՝ սոսկալի իժից․․․

1897