Նվեր Ն-ին
Խաղա՜ղ է․․․ թովիչ․․․ նավակն է լողում Ջրի երեսին։
Թիերից փախչող կոհակը դողում Զեփյուռի ուսին․․․
Նիրհում է Դոնը․․․ քնած են դալար, Սիզավետ ափեր․
Բոսյակն է երգում տխուր միալար Որ՝ «շատ է արբեր»․․․
Ես վախենում եմ․․․ առաջին անգամ Նավակ եմ նստել․
Անհայտ երկյուղից սաստիկ կդողամ Կուզեմ արտասվել․․․
Սակայն իմ դիմաց գգվող ժպիտով Ափն է երևում․
Նրան եմ ձգտում անզուսպ փափագով Եվ սրտապնդվում։
Այլանդակ տիպար․․․ ես ինձ զզվանքով Ասում եմ լռիկ,
Թիերը խլում և հոխորտանքով Պատառում ալիք․․․
Ափ եմ դուրս գալիս․․․ թվում եմ ես ինձ Չնչին, փոքրոգի
Դեմքիս է նայում ծեր Դոնը հեռվից Ծաղրում անհոգի․․․