Դոն Կիխոտ/Գլուխ XXIV

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ XXIII, որ պատմում է Դորոթեայի սրամտության և այլ չափազանց հաճելի ու զվարճալի բաների մասին Դոն Կիխոտ

Միգել Սերվանտես

Գլուխ XXV, որ պատմում է դոն Կիխոտի դժնդակ և արտասովոր մարտի մասին կարմիր գինով լի տկերի դեմ
[99]
ԳԼՈՒԽ XXIV
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է
ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ԵՐԵՎԵԼԻ ԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
ԻՐ ԶԻՆԱԿԻՐ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ՀԵՏ

Դոն Կիխոտը առաջարկեց Սանչո Պանսային առաջ անցնել իր հետ, ասելով, թե պետք է նրան հարցուփորձ անի և խոսի շատ կարևոր բաներից։ Սանչոն հնազանդվեց, և երբ որ նրանք առաջ ընկան մնացածներից, դոն Կիխոտն ասաց.

— Քո վերադարձից հետո առիթ չեղավ, որ մանրամասն տեղեկանայի, թե հանձնարարությունս ինչպե՞ս ես կատարել և ի՞նչ պատասխան ես բերել։ Իսկ հիմա, երբ բախտը շնորհում է մեզ և՛ տեղ, և ժամանակ, մի՛ զրկիր ինձ Դուլսինեայից բարի լուր լսելու բախտից։

— Հարցրեք, ձերդ ողորմածություն, ամեն բան, ինչ որ կամենաք,— պատասխանեց Սանչոն։— Իմ բերանը հիմա կկրկնի այն, ինչ որ մտել է ականջս։

Նրանց խոսակցության միջոցին ճամփին երևաց էշ նստած մի մարդ։ Երբ որ նա մոտեցավ՝ գնչուի տեղ դրին նրան։ Սակայն Սանչոն, որի աչքերը էշ տեսնելուց քիչ էր մնում դուրս թռչեին, անծանոթին տեսավ թե չէ, իսկույն ճանաչեց Խինես Պասամոնտեին և, բռնելով թելից, այսինքն՝ գնչուից, կծիկը քակեց, այն է՝ գլխի ընկավ, որ էշը, որի վրա նստած էր Պասամոնտեն՝ իր սեփականն է։ Այսպես էլ դուրս եկավ։ Պասամոնտեն, որպեսզի իրեն չճանաչեն և չխանգարեն էշը ծախել, գնչուի պես էր հագնվել։ Նա խոսում էր գնչուների, ինչպես և շատ ուրիշ լեզուներով, ինչպես իր մայրենի լեզվով։ Տեսավ նրան Սանչոն և ճանաչեց, իսկ տեսնելուց ու ճանաչելուց հետո բարձրաձայն գոչեց.

[100]
— Խինեսիլյո, գող, ավազակ, ետ տուր իմ ապրանքը, վերադարձրու կյանքս, մի՛ խռովիր հանգիստս, թող ինձ մնա իմ էշը, ետ տուր իմ զվարճությունը։ Ճղի՛ր, սրիկա, կորի՛ր, գող, և թող այն, ինչ որ քոնը չէ։

Այդքան հիշոցի ու հայհոյանքի կարիք էլ չկար։ Առաջին իսկ խոսքից Խինեսը վայր թռավ էշից և, զոռ տալով ոտքերին, վազեց ու վայրկենապես անհետացավ։ Սանչոն մոտեցավ իր գորշուկին և, գրկելով, ասաց.

— Քեֆդ ինչպե՞ս է, ի՛մ գանձ, ի՛մ հոգու էշ, ի՛մ սրտագին բարեկամ։

Նա այնպես էր ասում ու համբուրում, ասես մարդու հետ լիներ։ Իսկ էշը լուռ էր։ Թույլ տալով, որ իրեն գրկեն ու համբուրեն, նա ոչ մի խոսք չէր արտասանում։

Հասան ետ մնացածներն ու սկսեցին շնորհավորել Սանչոյին գտածի համար, ամենից ջերմ՝ դոն Կիխոտը, որ հայտարարեց, թե չնայած դրան, նա չի փոխում իր խոստումը երեք քուռակի մասին։

Սանչոն շնորհակալ եղավ։

Երբ որ խումբը կրկին առաջ ընթացավ, դոն Կիխոտը շարունակեց իր ընդհատված զրույցը Սանչոյի հետ։

— Բարեկամս, դե ասա՝ որտե՞ղ, ե՞րբ և ինչպե՞ս տեսար դու Դուլսինեային։ Ի՞նչ էր անում նա, ի՞նչ ասացիր դու նրան, ի՞նչ պատասխանեց նա քեզ և դեմքի ի՞նչ արտահայտությամբ կարդաց իմ նամակը։ Ո՞վ արտագրեց նամակս։

— Պարոն,— պատասխանեց Սանչոն,— եթե ճշմարիտն ասեմ, ձեր նամակը ոչ ոք չի արտագրել, որովհետև ես հետս չէի վերցրել։

— Դու ճիշտ ես ասում,— վրա բերեց դոն Կիխոտը,— որովհետև հուշատետրը, որի մեջ ես գրել էի, քո գնալուց երկու օր անց գտա մոտս և դա ինձ չափազանց վշտացրեց, որովհետև ես չգիտեի, թե դու ինչ ես անելու, երբ նկատես մոռացածդ և կարծում էի, թե նկատելուն պես կվերադառնաս։

— Ես այդպես էլ կանեի,— պատասխանեց Սանչոն,— եթե անգիր արած չլինեի։

— Մինչև հիմա՞ էլ անգիր հիշում ես,— հարցրեց դոն Կիխոտը։

— Ոչ, պարոն,— պատասխանեց Սանչոն,— հենց որ նամակը հանձնեցի, իսկույն ևեթ, տեսնելով, որ այլևս բանի պետք չէ, մոռացության տվի։ Եթե մի բան միտս է մնացել դա՝ իշազոր, ասել կուզե՝ իշխանազոր տիրուհին է և վերջը՝ մինչև գերեզման ձերդ Վշտակերպ Ասպետը։

— Այդ ամենը վատ չէ, շարունակի՛ր,— ասաց դոն Կիխոտը։— Դու տեղ հասար։ Ի՞նչ գործի էր գեղեցկության թագուհին։ Երևի մարգարիտ էր շարում կամ ոսկի թելերով տոհմանշան էր գործում իր գերի ասպետի համար։

— Ո՛չ, պարոն,— պատասխանեց Սանչոն,— նա բակում երկու ֆանեգա[1] ցորեն էր մաղում։

— Այո՛, բայց նկատի առ,— առարկեց դոն Կիխոտը,— որ ցորենի հատիկները մարգարիտներ էին դառնում, դիպչելով նրա գեղեցիկ ձեռքերին։ Բայց, ասա ինձ, եթե դու ուշ ես դարձրել, հատիկները ճերմակ էին, թե սև։

— Դեղին,— պատասխանեց Սանչոն։
[101]

— Հավատացնում եմ,— ասաց դոն Կիխոտը,— նրա ձեռքով մաղած ցորենից անշուշտ ճերմակ հաց դուրս կգա։ Բայց շարունակիր՝ երբ որ դու հանձնեցիր նրան իմ նամակը, համբուրե՞ց նա նամակս։ Թե՞ գլխին գրեց։ Թե՞ ուրիշ արարողություններ կատարեց, որ արժանի են իմ նամակին։ Ի՞նչ ասաց։

— Երբ որ նրան մատուցեցի նամակը, նա ժրաջան թափահարում էր մաղը, որի մեջ բավական ցորեն կար։ Նա ասաց՝ դրեք, բարեկամս, այնտեղ, ջվալի վրա, ես կարդալու ժամանակ չունեմ, մինչև որ այս ամենը չմաղեմ։

— Օ՜, իմաստուն տիրուհի,— բացականչեց դոն Կիխոտը։— Նա կամեցել է կարդալ առանց շտապելու, որ լիուլի բավարարվի։ Շարունակիր, Սանչո, իսկ նրա այդչափ զբաղված միջոցին դուք ի՞նչ խոսակցություն ունեցաք։ Ինձնից հարցուփորձ արա՞վ։ Դու ի՞նչ պատասխանեցիր։ Ամեն բան պատմիր, տակին բան չմնա։

— Նա բան չհարցրեց,— ասաց Սանչոն,— բայց ես նրան պատմեցի, որ ձերդ ողորմածությունը, ծառայելով նրան, ինքն իր վրա ապաշխարանք է դրել՝ թափառում է լեռներում մինչև գոտին մերկ, վայրենու պես, քնում է կոշտ հողի վրա, հացը առանց սուփրի է ուտում, մորուքը չի սանրում և լալիս ու անիծում է իր բախտը։

— Լավ, իսկ երբ որ նա վերջացրեց ցորեն մաղելը և ջրաղաց ուղարկեց, ի՞նչ ասաց նամակս կարդալուց հետո։

— Նա չկարդաց էլ։ Նա հայտարարեց, որ ո՛չ կարդալ գիտե, ո՛չ գրել։ Նամակն առավ ու պատառոտեց, չկամենալով, որ մեկնումեկը կարդա և գյուղում իր գաղտնիքներն իմացվեն։ Ասաց թե՝ այն, ինչ ես իմ խոսքով պատմեցի ձերդ ողորմածության սիրո և զարմանալի ապաշխարանքի մասին, որ դուք նրա պատճառով դրել եք ձեզ վրա՝ հերիք է ու հերիք։ Վերջն էլ խնդրեց, որ ձերդ ողորմածությանն ասեմ, թե ինքը համբուրում է ձեր ձեռքը, թե իրեն համար ավելի ցանկալի կլիներ տեսնվել ձեզ հետ, քան ձեզ նամակ գրել։ Դրան ավելացրեց, որ աղաչում ու հրամայում է պատասխանն ստանալուն պես դուրս գաք այդ խորխորատներից, դադարեք հիմարություններ անելուց և շուտով դառնաք Տորոսո, եթե միայն ավելի կարևոր բան ձեզ պահելու չլինի, որովհետև ինքը շատ կկամենար տեսնել ձերդ ողորմածությանը։ Նա սաստիկ ծիծաղեց, երբ որ իրեն ասացի, թե ձերդ ողորմածությունը կոչվում է Վշտակերպ Ասպետ։

— Առայժմ ամեն ինչ լավ է,— ասաց դոն Կիխոտը։— Բայց ասա տեսնեմ՝ հրաժեշտ տալիս ի՞նչ թանկարժեք իր նվիրեց քեզ, բերածդ լուրերի համար։ Չէ՞ որ տիկինների և թափառական ասպետների միջև հնուց արմատացած սովորույթ կա՝ զինակիրներին, բարեկամուհիներին կամ թզուկներին, որ լուր են բերում տիկիններից կավալերներին կամ կավալերներից տիկիններին, սովորաբար թանկարժեք իրեր են նվիրում, իբրև պարգև առաքելության համար։

— Հնարավոր բան է։ Իմ կարծիքով, լավ սովորույթ էլ է։ Սակայն, ըստ երևույթին, հնում է այդպես եղել, իսկ հիմա ընդունված է մի կտոր հաց ու պանիր նվիրել, այն հացի կտորի պես, որ ցանկապատի վրայով ինձ մեկնեց տիրուհի Դուլսինեան, երբ որ ես մնաս բարով էի ասում։

[102]— Նա սովորաբար առատաձեռն է,— ասաց դոն Կիխոտը,— երևի այդ վայրկյանին ձեռքի տակ թանկագին իրեր չեն եղել, այդ պատճառով էլ չի տվել։ Ասենք, ձուն զատկից հետո էլ պետքական կլինի։ Ես կտեսնեմ նրան, և դու բավարարված կլինես։ Սակայն գիտե՞ս, ինչն է զարմացնում ինձ, Սանչո։ Ինձ թվում է, թե դու ոգով թռար այնտեղ և ետ դառար՝ չէ՞ որ դու երեք օրից քիչ ավել ժամանակամիջոցում գնացիր Տոբոսո և վերադարձար, մինչդեռ ճանապարհը երեսուն մղոնից ավել է։ Դրանից ես եզրակացնում եմ, որ այն իմաստուն մոգը, որ հոգ է տանում իմ մասին և հովանավորում ինձ (իսկ այդ տեսակ մեկը ես ունեմ և պետք է որ ունենամ, այլապես իսկական թափառական ասպետ չէի լինի), ահա այդ մոգը, երևի օգնել է, որ ճամփան կտրես, իսկ դու չես էլ նկատել։ Որովհետև երբեմն պատահում է, որ նույն միջոցին, երբ մեկը մարտնչում է Հայաստանի լեռներում որևիցե անդրիակի[2], դաժան մի հրեշի, կամ այլ մի ասպետի դեմ, հանկարծակի, կռվի ամենատաք միջոցին, մահացու վտանգի վայրկյանին, մեկ էլ տեսար ամպի վրա կամ հրեղեն կառքով հանդես է գալիս նրա բարեկամ ասպետը, որ մինչ այդ Անգլիայում էր և, օգնության հասնելով՝ փրկում է նրան մահից։ Իսկ իրիկնադեմին նա արդեն իր տանը հանգիստ ընթրում է։ Մինչդեռ մի տեղից մյուսը՝ երկու կամ երեք հազար մղոնից պակաս չէ։ Դա իմաստուն կախարդների շնորհքն է, նրանք հսկում են ասպետներին։ Ուստի, Սանչո, բարեկամս, ես չեմ դժվարանում հավատ ընծայել, որ դու կարող էիր այդքան կարճ ժամանակամիջոցում Տոբոսոյում եղած լինել և վերադառնալ, որովհետև, ինչպես արդեն ասացի, իմ իմաստուն հովանավորողներից մեկնումեկը փոխադրած կլինի քեզ օդով, իսկ դու այդ չես էլ նկատել։

Տողատակեր[խմբագրել]

  1. Ֆանեգա— չափ է, մոտ 52 լիտր։
  2. Անդրիակը հրեշ է, կես-մարդ, կես-գազան, որ ծնվել է Բանդագուիդո հսկայից ու նրա հարազատ աղջկանից։ Այդ պատկերը «Ամադիս Գաղիացի» ասպետական վեպից է։ Ծ. Թ.։