Ես թռչում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճանապարհը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես թռչում եմ)

Վարդան Հակոբյան

Երկինքը մնաց
***

Ես թռչում եմ եւ իմ թեւին դու ես, -
Կան պահեր, որոնք խոսքի համար չեն,
Կան խոսքեր, որոնք շուրթի համար չեն,
Կան շուրթեր, որոնք հրից են ձոնված.
Գնամ՝ կռունկի երամին հասնեմ։

Կարոտը իմ մեջ չլռող զանգ է, -
Կա շունչ, որ քսան գարնան բույր ունի,
Կա բույր՝ գալար է մարմնածաղիկ,
Ծաղիկ՝ կեսլուսին բխած պարանոց,
Գնամ՝ երամին երանի հասնեմ։

Իմ թեւով երկնի անհունն է աճում, -
Կան վերքեր, որոնք երգի համար չեն,
Կան երգեր, որոնք ճամփի համար չեն,
Կամ ճամփեք, որոնք մոմեր են վառվող...
Գնամ՝ երամին երեւի հասնեմ։

Վաղուց ձուլվել ենք թռչող աստղերում, -
Կան աչքեր, որոնք ցավի համար չեն,
Կան ցավեր, որոնք սիրո համար չեն,
Եվ կա սեր, որ փակ դուռ է դրախտի.
Գնամ՝ կռունկի երազին հասնեմ։