Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց։ Աղջիկն սկսեց կրծել երկրորդ ծառը։ Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ծառի վրա։ Աղջիկն սկսեց կրծել երրորդ ծառը։

Այս միջոցին Թաթուխի հայրագիրն[1] ու մայրագիրը[2] նայեցին նշան դրած կաթին, տեսան, որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի-Զրանգին։ Մտերիմ գազաններն իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան, թե ո՛ր կողմն է գնացել և ի՛նչ ճամփով, հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը։ Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան։ Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վերևից.

― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի։

Նրանք էլ այնպես հախռեցին[3] աղջկանը և այնպես կուլ տվին, որ միայն մի պուտ արյուն կաթեց մի տերևի վրա։

Տղան իջավ ծառիցը, Զանգի-Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար։ Թաթուխն էլ նրանց գլխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը։ Հետո արյունոտ տերևը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկավ ճամփա։ Շատ գնացին թե քիչ՝ սրանք հանդիպեցին մի քարվանի։ Քարվանի տերը որ տեսավ Թաթուխի շները՝ շատ հավանեց և ասաց մտքումը. «Եթե այս առյուծանման շներն իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարվան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան»։

Հետո, դառնալով Թաթուխին, ասաց.

― Այ տղա, ե՛կ այդ շները տուր ինձ. քանի ջորի որ ուզես՝ իմ քարվանից վերցրո՛ւ իրանց բեռներով։

― Բոլոր քարվանդ էլ որ տաս, էլի չեմ տա,― ասաց Թաթուխը։

― Ուրեմն, դու քո երկու շանով ավելի՞ հարուստ ես, քան թե ես իմ ահագին քարվանով։

― Կարծեմ որ այդպես է,― պատասխանեց Թաթուխը։― Քո ահագին քարվանը քո կյանքը չի փրկիլ, դեռ կարող է քո մահվանդ էլ պատճառ լինել, որովհետև եթե հարամիքը գան՝ առաջ քեզ կսպանեն, հետո ապրանքդ կտանեն, իսկ իմ կյանքս ապահով է, քանի որ սրանք կան։ Ուզենամ՝ այս րոպեիս քո բոլոր քարվանդ ձեռիցդ կխլեմ սրանց օգնությամբ, բայց ես հարամի չեմ, որ այդպես անեմ։

Այսպես խոսելով բավական տեղ գնացին, հետո քարվանի տերն ասաց.

― Որովհետև շներդ ինձ չես տալիս ոչ մի գնով, ե՛կ ես քեզ մեկ հեշտ բան կասեմ, եթե իմանաս՝ իմ քարվանը քեզ, իսկ եթե ոչ՝ քո շներն ինձ։

Թաթուխն ասաց.

― Համաձայն եմ. ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ պիտի ասես։

― Ահա՛ տես իմ այս ձեռիս գավազանը․ եթե իմանաս, թե՝ սա ինչի՞ է, իմ քարվանը քեզ, իսկ եթե չիմանաս՝ քո շներն ինձ։

― Շատ բարի,― ասաց Թաթուխը և սկսեց իր գիտեցած բոլոր ծառերի անունը տալ, ասելով՝ հոնի է, զկռի է, սզնի է, բոխի է, աճարքի է, լորի է, թխկի է, տկողնի է, կաղնի է… և այսպես շատ ծառերի անուն տվավ, մինչև որ բոլոր գիտցածը հատավ, բայց ոչ մեկն էլ այն չէր։

  1. Հայրագիր - որդեգրի հայրացուն
  2. Մայրագիր - որդեգրի մայրացուն
  3. Հախռել - խժռել, լափել
28