Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։

61