Էջ:Անի.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն բոլոր մութ հարցերի հետ, որ պահում է իր կրծքի տակ Անին կպարզվի և ստորերկրյա քաղաքի էությունը:

Թ

Նոր ենք դուրս եկել Ծաղկոցի ձորից, նոր ենք ոտք դրել Անիի մակերևույթի վրա: Բայց հեռանալ ձորի պռունգից դեռ չենք կարողանում: Բարձր ժայռերի գլխից մենք դեռ մի քանի րոպե էլ դիտում ենք արևմտյան շրջակաների տեսարանը: Մեր ձախ կողմին բարձրացած միջնաբերդը նույնպես նայում է ձորին, որի մեջ էինք մենք: Մի կես ժամ առաջ դա մի դարավոր անշարժ հայացք է և կարծում ես, թե նա միշտ դյութված է այն ամեհի վայրենի գեղեցկությունից, որ ներկայացնում է Ծաղկոցաձորը, այստեղ՝ նրա ոտների առաջ:

Բայց մեր ուշադրությունը գրավողը այնքան այդ մեծ, ամայի մոխրագույն ձորը չէ, որքան այն շինությունը, որ ուղիղ մեզ է նայում ձորի հանդիպակաց կողի ժայռոտ զառիվայրերից:

Շինությու՞ն: Բայց ո՞վ է նրան շինել: Երկու վարպետներ են երևում՝ բնությունը և մարդը: Ո՞վ է դրանցից շատ աշխատել այդ շինության վրա՝ մարդը: Բնությունը միայն նյութ է տվել, բնությունը այդ թեք լանջի վրա գցել է մի մեծ ժայռ, իսկ մարդը բարձրացել է այնտեղ, իր մուրճով ծակծկել է ժայռը, սենյակներ է փորել, մինչև իսկ պատուհաններ է բացել, և ահա այդ քարայրային ապարանքը լուռ մեզ է նայում իր բաց դռներով:

Մեր տեսած այն քարայրերի մեջ, որոնք մի ժամանակ մարդկանց էին ծառայում, այս մեկը առաջինն է թե՛ իր չափերով, թե՛ իր զարդարանքներով: Մենք իսկույն հատկացնում ենք նրան «ապարանք» անունը: Եվ իրավ, որքան կարելի է դատել հեռվից, նա սովորական տուն է:

Մոտիկից տեսնել նրան, մանավանդ նրա ներսը մտնել, հեշտ չէ, եթե չասենք, թե անհնարին է: Նրա ժայռը ցցված