Էջ:Անի.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնտեղ վայելություն և պատիվներ էին որոնում, թե վաճառականներին: Շատ լավ ուսումնասիրած լինելով հայ ֆեոդալների թույլ կողմերը Կ. Պոլսի արքունիքը սիստեմ էր դարձրել նրանց զանազան պատվավոր տիտղոսներով, ընծաներով սիրաշահելը: Այդ միջոցները իրենց արդյունքը տվին հունասեր նույնիսկ հունամոլ կուսակցություն էր կազմվում մանավանդ ազնվական դասակարգի մեջ:

Միակ արգելքը, որ կանգնած էր հայերի և հույների մեջ կրոնական տարբերությունն էր: Բայց դա չէր կարող այնքան անհաղթելի մի արգելք հանդիսանալ քաղաքական գործի մեջ: Բյուզանդականությունը նույնիսկ առժամանակ թողեց իր ֆանատիկոսական ատելությանը դեպի հայոց եկեղեցին, կրոնական վեճերը առժամանակ դադարեցին: Ճարպիկ ու ճարտար կերպով պատրաստվում էր խաղաղ նվաճման ծրագիրը: Հույները այնպես էին կարողանում զսպել իրանց, որ հայոց կաթողիկոսին նույնիսկ թույլ տվեցին ջրօրհնեքի արարողությունը կատարել իրանց բանակում:

Իսկ հայ ֆեոդալականությունը մեծ եռանդով նպաստում էր հունական կլանող ծրագրին: Գագիկ I-ից հետո Անիի թագավորությունը երկարատև օրհասի մեջ ընկավ: Նա նորից ճեղքվեց ժառանգական վեճերի պատճառով ավելի ևս մանրացավ:

Բագրատունիների և ամբողջ Շիրակի դժբախտությունն էր, որ Գագիկից ծնվել էր առաջ Հովհաննես Սմբատը, ապա Աշոտը: Սովորություն է, որ թագավորների անդրանիկն է գահը ժառանգում, ինչ էլ լինի նա: Հովհաննես Սմբատին, այդ դանդաղաշարժ անընդունակ, վախկոտ, բայց գրասեր և հոգեսեր մարդուն մենք ճանաչում ենք: Նրա եղբայր Աշոտը՝ կատարյալ հակապատկեր, մի քաջ ու եռանդոտ Բագրատունի: Նա չկարողացավ հաշտվել այն դառն իրողության հետ, որ լոկ ծնունդի իրավունքով պիտի թագավորե իր անընդունակ եղբայրը: Ժառանգական վեճ բացվեց, որ շատ սուր կերպարանք ստացավ: Աշոտը նույնիսկ աններելի միջոցների դիմեց, մինչև անգամ փորձեց սպանել իր եղբորը: Ոչինչ սակայն, չօգնեց: Անընդունակությունը չզիջեց երկրի օգտի համար: Եղբայրների մեջ, վերջապես կայացավ հաշտությունը,