Էջ:Բարպա Խաչիկ.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ճամփորդության վերապահած վայելքներուն, անիկա կհրճվեր և գիշերները անքուն կմնար՝ մտաբերելով նախորդ անգամներու մանրամասնությունները, զգայացունց հիշողություններ։ Մորը հետ քալելով կիջներ Սկյուտարի նավամատույցը, քարքարուտ զառիվարներե և կողմնակի ճամփաներե, որովհետև կզգուշանային մեծ ճամփու թանձր փոշիեն։ Երբ կհասնեին վարի թրքական թաղերը՝ քնած փողոցները, կարծես անմարդաբնակ, իրենց վանդակապատ փակ տուներով, փոշիով գորշացված ծառերով, ճնշիչ տպավորություն կընեին․ անհարթ և քանդված սալահատակներուն վրա, ինչքան ալ զգույշ քալեին, իրենց քայլերը կհնչեին, կարծես թե վաղուց մարած ձայներ զարթեցնելով։ Նույնիսկ շուկային մեջ, մրափող վաճառողները և էնթարիով ու խըրխայով դուրս եկած փաթթոցավոր հաճախորդներր հազիվ թե կհաջողեին քիչ մը շարժում առաջ բերել։ Երբեմն, սակայն, ձիավոր մը կանցներ, սմբակներու արագ տրոփովը խանգարելով այդ դանդաղությունը, երբեմն ալ հույն կառապան մը կառքը կքշեր որոտումով և, մտրակը շաչեցնելով զույգ ձիերու վրա և բեխի ժայթքումներ սփռելով չորս դին, անընդհատ կգոռար ճամփան խափանող փաթթոցավոր ուրվականները հեռացնելու համար․

— Հա, վառտա՜, հա, վառտա՜․․․

Բայց ասոնք հազվադեպ երևույթներ էին։ Հրաշքը կսկսեր Միհրանին համար, երբ շոգենավ կնստեին և կանցնեին եվրոպական ափունքը․ կամուրջին վրա բերանաբաց կդիտեր անիկա խուռն բազմություններու երթևեկը, մինչ անընդհատ կառքերու շարաններ կանցնեին մեջտեղեն, փայտաշեն հատակին վրա խոլ որոտումներ հառաջ բերելով։ Զանազան և չնչին բաներ վաճառողներու զիլ կանչերը, շտապող անցորդներու հրմշտուկը, շարժումը, աղմուկը, ամեն ինչ պատանիին հրճվանք կպատճառեին, և անոր կթվեր, որ փոխադրված էր բոլորովին ուրիշ, հեքիաթունակ աշխարհի մը մեջ։

Անցնելով Ղալաթիա, կբռնեին Յուքսեք Կալդըրըմի ճամփան։ Երբ Միհրան հորը հետ կըլլար, թյունելը կնստեին, բայց մայրը կզգուշանար այդ ծախքը ընելու, ինքզինքը և