Էջ:Բարպա Խաչիկ.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կյուլենցի ամուսնությունն իր աղջկան անժխտելի առավելություններ կընծայեր իր՝ Դըրջանին դեմ, և անիկա որոշեր էր խորտակել բոլոր դիմադրությունները, որոնց գոյությունը կզգար։

Կինը՝ տիկին Մաքրինեն, և տղան՝ Արտակը, բացարձակ դեմ արտահայտվեր էին այդ ամուսնության, իսկ Արուսյակը կմնար կրավորական։ Երիտասարդ աղջիկը կյանքի վրա կնայեր անտարբերությամբ։ Անիկա չէր հետաքրքրվեր իր հորը գործերու վիճակով — այդ մասին հայրը խոսեր էր աղջկանը,– նյութական հարցերը համարելով անկարևոր։ Միշտ ունեցեր էր՝ ինչ որ փափագեր էր, և իր կարգին, փափագը չքացեր էր իր մեջ։ Մյուս կողմանե, ո՛չ տրամադիր էր և ո՛չ ալ ուժ ուներ որդեգրելու մորը և եղբորը դիմադրությունը։ Ինքը անձնական կարծիք չուներ այդ խնդրին մեջ, քանի որ համոզված էր, որ իր կարծիքը որևէ արժեք չի կրնար ունենալ այդ տեսակ խնդիրներու մեջ։ Թող մայրը և եղբայրը պայքարին հորը կամքին դեմ, և ինքը առաջուց համակերպած էր այդ պայքարի մեկ կամ մյուս ելքին։ Եթե ուզեին իր անկեղծ կարծիքը իմանալ, ինքը կըսեր, թե ոչ ոքի հետ կուզե ամուսնանալ։ Անիկա կնախընտրեր ապրիլ այդպես, ուշ ելլել անկողնեն, պարզ հագվիլ հետևելով հանդերձ նորաձևության, իջնել պարտեզ, քիչ մը կարդալ, կարճ պտույտներ ընել, թենիս խաղալ, և այդ բոլորին համար բավական էր եղբորը ընկերակցությունը, որ իր քրոջը սպասարկելու համար մանրակրկիտ և անխոնջ ուշադրություն ուներ։ Կային աղջիկներ, որ մեկը կսիրեին, ընտրյալ մը ունեին, այդ մասին լսեր էր և, մանավանդ, կարդացեր էր ֆրանսիական վեպերու մեջ, և այդ պատճառով անոնք կդիմադրեին իրենց ծնողքին։ Բայց ինքը այդպիսի սեր չուներ և չէր ալ կարող մտածել, թե երբևիցե կունենար։ Ճիշտ է, որ տեսակ մը խորշանք կզգար Կյուլենցի ֆիզիկական անձեն և չէր կարող պատկերացնել, որ այդ չեչոտ և մեծափոր մարդը իր ամուսինը պիտի ըլլար, և Արուսյակը ակամա սարսուռով կմտածեր ամուսնական կյանքի պարտադրած մտերմական դրություններու մասին, բայց տիկին Զարուհին ըսեր էր, թե այդ բաները կարևորություն չունին ամուսնության մեջ։