Էջ:Բարպա Խաչիկ.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երաժշտախումբի առաջին ջութակահարը կնվագեր Դվորժակի «Հյումորեսկ»֊ը, և Բարպան կլսեր, թե ինչպես հնչյունները կարծես կաթիլ-կաթիլ կիյնային իր հոգվույն մեջ: «Թող Ճիզվիտը հոգ ընե, մեզի ինչ», կմտածեր անիկա, հաճախակի օղիի բաժակը պարպելով:

Եվ անիկա նոր ապսպրանքներ կըներ և կես ոսկի ղրկեց, իբր շնորհակալություն, իտալացի ջութակահարին։

Խմելով և ուտելով, արհեստավորները որոշեցին Ապոստոլին թաղումը կատարել մեծ շուքով, դարձնել բողոքի և սուգի ցույց։ Որոշեցին նաև, որ երկու արհեստանոցներու բանվորները միանան և ստեղծեն փոխադարձ օգնության սնդուկը: Անոնք որոշեցին ամեն միջոցներով ստիպել թե՛ Ճիզվիտը և թև՛ Դըրջանը, որ իրենց հավաքած դրամին չափ անոնք ալ դրամ հատկացուցեն։

— Եվ թող տեսնեն, թե ինչ բաներու կարող են աշխատավորները՝ երբ միանան։

— Եվ թող Դըրջանին ալ, Ճիզվիտին ալ հոգին դուրս գա․․․

— Անոնք կատուի պես յոթ հոգի ունին, մեկը առնես, նորեն վեցը կմնա իրենց․․․

— Կենդանաթյո՛ւն,— գոչեց Բարպան՝ օղիին բաժակը բարձրացնելով։

— Քու կենացդ, Բարպա՛, դուն մերն ես, մեր ամենուս Բարպան ես։

Մութը իջեր էր արդեն, և լապտերները վառված էին ծառերուն մեջ։ Երբ արհեստավորները ոտքի ելան և սկսան հառաջանալ, արբեցութենե մշուշված իրենց աչքերուն հանկարծ երևցավ Վոսփորի ասիական ակունքը՝ իր ծովեզերյա ապարանքներով, որոնց շրջագիծերը կանջատվեին աստղազարղ և կանանչորակ հորիզոնեն։

Դարձյալ Բարպան տեսավ գորշագույն զրահավորը, որ այս անգամ կվերադառնար՝ իր խցիկները լուսավորած, անիկա, կարծես թե, իր բազմաթիվ աչքերը քթթելով, խորհրդավոր և սոսկալի բան մը կուզեր ըսել Բարպային: