Էջ:Բարպա Խաչիկ.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտցնե երկու եղբոր, երկու սրտակից ընկերներու մեջ… է՛հ, հայդե՜… — բացականչեց անիկա և դեպի դուռը պիտի երթար, երբ Վիկտորյան ներս մտավ ափսեն բռնած, որուն վրա երեք բաժակ խահվե կար։


Վասիլը քույրը տեսնելով՝ վարանեցավ. Վիկտորյային կարմրած աչքերուն մեջ երազկոտ ժպիտ մը կդողդղար։ Անիկա սկսեր էր մտահոգվիլ, մտածելով, որ իր հարուցած վեճի պատճառով. երկու ընկերները կրնան իրար ծանր խոսք ընել։


Բարպան, սթափված, գլուխը խոնարհած՝ լուռ կմնար։


-Ուր կշտապես, Վասի՛լ,— ըսավ Վիկտորյան, եկուր խահվե մը խմենք, ես ալ ձեզի հետ կխմեմ։


Վասիլը աթոռ մը առավ և նստեցավ սեղանին առաջ։ Մեկ րոպե լսվեցավ միայն երկու տղամարդոց ծանր շնչառութունը, հետո շրթներու ձայնը, որով խահվեն ներս կքաշեին:


Բարպան բաժակը դրավ սեղանին վրա և թաշկինակը հանեց ճակատը և քունքերը սրբելու։ Անոր մեջ, կարծես թե, ամեն ինչ տակնուվրա եղեր էր, և ինչ որ տաժանելի էր՝ այն էր, որ անիկա կզգար, որ թե՛ Վիկտորյան և թե՛ Վասիլը իրավացի են, և իր ներքին էության մեջ կենսական բան մը կխախտվեր իր հիմունքեն։


Բարպան, վերջապես, իր տխուր աչքերը բարձրացուց Վասիլին վրա և, հաղթահարելով իր հուզմունքը, ըսավ սովորական ձայնով.


—Այս առտու սրճարանը հանդիպեցա, դուն հոն չէիր Ղուկասը տեսա, բերանը չէր բացվեր կոր, ամենուն վիճակն ալ նեղ է… շատ գեշ եղավ։


Վասիլը խոր հառաչեց. կարծես ծանր բեռ ինկավ իր սրտին վրայեն, և անիկա անկեղծ և հաշտ տրամադրությամբ սկսավ խոսիլ Բարպային հետ։ Երկար խոսակցեցան երկու ընկերները, կարծես բաժանումե մը հետո անոնք վերստին իրար գտեր էին:


Ժամը երեքին մոտ անոնք միասին վար իջան: Բարպան Վիկտորյային, որ խոհանոցի սեմին վրա կեցեր Էր, ըսավ մեղմ ձայնով.