Էջ:Բարպա Խաչիկ.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Ինչպե՞ս կրլլա,— ըսավ Վասիլը,- որ դուք, թուրք ըլլալով, կցանկաք օսմանյան բանակին պարտությունը։

—Բայց այդ պատերազմը պատրաստողները իմ թշնամիներս են, այդ հրամանատարական կազմը իմ մահացու թշնամիս է,— գոչեց Ռեմզին՝ հանկարծ շառագունելով։ - Ա՜հ, եթե,— ավելցուց անիկա,— այն անատոլցի գյուղացիները, որ իրենց արյունր կթափեն իզուր, իմ ատելութենես մեկ կայծ մը ունենային… ա՜հ, եթե կարելի ըլլար, որ իրենց զենքերը դարձնեին այդ հրամանատարներու վրա…

—Բայց չէ՞ որ,— ըսավ Վասիլը,— բալկանյան դաշնակիցները…

—Թող անոնց դեմ կռվին իրենց ռեմզիները, իրենց զինվորները, որ նույնպես բեխաբեր գյուղացիներ են և ոչինչ չունին շահելիք իրենց պետության հաղթանակեն, ընդհակառակը…

—է՛հ, այն ատեն ուրե՞մն,— ըսավ Վասիլը մտածկոտ:

—է՛հ, այն ատեն,— կրկնեց Ռեմզին և մեծ քրքիջով խնդաց, հետո, գրեթե շնչասպառ՝ ավելցուց,— և կուգա այդ ժամանակը։

Ռեմզիի ճակատ մեկնելեն հետո հոր և որդու հարաբերությունները սերտացան։ Յորկին արդեն չափահաս երիտասարդի պես կխոսեր և երբեմն կվիճեր հորը հետ։ Այդ նույն առավոտը Յորկին, վախնալով, որ փողոցը անակնկալ դեպքեր կրնան պատահիլ, գրքույկ մը տվավ հորը, որ պահե։

—Հայրի՛կ,— ըսավ ան,— ոչ ոքի ցույց չի տաս, խիստ գաղտնի է։

Յորկին մեկնելեն հետո Վասիլը թղթատեց գրքույկը, բայց բան չի հասկցավ, որովհետև ֆրանսերեն էր։ Վասիլը մտածեց, որ տղան ալ ֆրանսերեն չէր գիտեր. ուրեմն ընկերներ ուներ, որոնք կկարդային և կբացատրեին։ Քանի Վասիլը կթերթատեր գրքույկը, այնքան անոր հետաքրքրությունը կարծարծվեր։ Մտածեց, որ Միհրանը կարող էր կարդալ, և խորհեցավ Յորկիին հավանությունը առնել, որպեսզի իրիկուն մը Բարպան և Միհրանը գային, Միհրանր կարդար գրքույկը թարգմանելով և ամենքն ալ հասկնային անոր