Էջ:Դոն Կիխոտ.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի բավական տանելի անկողին, նույն տեղը, որ նախընթաց անգամ գրավել էր նա։ Նա իսկույնևեթ պառկեց, որովհետև սաստիկ հոգնած էր և միտքը՝ մռայլ։

Հազիվ էր նա փակել իր սենյակի դուռը, որ իջևանատան տիրուհին մոտեցավ սափրիչին և, բռնելով նրա մորուքից, ասաց.

— Ազնիվ խոսք, ես թույլ չեմ տա, որ դուք իմ կովի պոչից ձեզ համար մորուք շինեք։ Իսկույն ետ տվեք, թե չէ մարդուս իքը․․․ ասել կուզե՝ սանրը, որ ես սովորաբար խրում էի այդ պոչի մազի մեջ, ամոթ է ասել, ընկած է հատակին։

Սափրիչը չէր ուզում վերադարձնել, իսկ տիրուհին քաշում-քաշքշում էր։ Սակայն լիցենցիատը կարգադրեց, որ տա, ասելով, թե նա այլևս կարիք չունի դիմակի և թե հիմա կարող է ցուցադրել իր իսկական կերպարանքը, իսկ դոն Կիխոտին կասվի, թե թիապարտների ձեռքով կողոպտվելուց հետո նա փախել-փրկվել է այս իջևանատանը։

Իսկ եթե դոն Կիխոտը հարցնելու լինի, թե որտե՞ղ է իշխանուհու զինակիրը, պետք է պատասխանել, թե նախապես ճամփա է գցված, որպեսզի թագավորության մեջ լուր տա, թե շուտով գալու է իշխանուհին իր փրկիչի հետ։ Դրանից հետո սափրիչը հոժարությամբ իջևանատան տիրուհուն վերադարձրեց եզան պոչը և բոլոր այլ առարկաները, որ վերցրել էր դոն Կիխոտին փրկելու համար։

Ճաշին իջևանատիրոջ, նրա կնոջ, աղջկա, Մարիտոռնեսի և բոլոր ճամփորդների ներկայությամբ խոսք բացվեց դոն Կիխոտի տարօրինակ խելագարության մասին և թե ինչպես նրան կարողացան գտնել։ Իջևանատիրոջ կինը պատմեց այն ամենը, ինչ որ տեղի էր ունեցել դոն Կիխոտի և ջորեպանների