Էջ:Դոն Կիխոտ.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունենա։ Սամսոնը հանձնառու եղավ գտնելու, որովհետև տեղյակ էր, թե այդ տեսակ մի սաղավարտ ունի իր բարեկամներից մեկը։

Երեք օրից դոն Կիխոտն ու Սանչոն պատրաստել էին այն ամենը, ինչ որ նրանց անհրաժեշտ էր թվում։ Սանչոն հանգստացրեց իր կնոջը, դոն Կիխոտը՝ զարմուհուն ու տնտեսուհուն, և ահա, իրիկնապահին, բոլորից աննկատելի, բռնեցին Տոբոսո տանող ճամփան, դոն Կիխոտը՝ իր Ռոսինանտի, իսկ Սանչոն՝ իր էշի վրա, նախապես լցնելով ճամփորդական պայուսակները հազար ու մի ուտեստով, քսակն էլ փողով, որ համենայն դեպս հանձնել էր նրան դոն Կիխոտը։

ԳԼՈՒԽ XXXI
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅԱՄԲ
ՍԱՆՉՈՆ ԿԱԽԱՐԴԵՑ ԴՈՒԼՍԻՆԵԱՅԻՆ

Իրիկնապահին նրանց առջև բացվեց Տոբոսո մեծ քաղաքը։

Այդ տեսարանից դոն Կիխոտի ոգին ցնծաց, իսկ Սանչոյինը՝ տխրեց, որովհետև մեր զինակիրը չգիտեր, թե որտեղ է ապրում Դուլսինեան և իր օրում նրան տեսած չկար, ինչպես, ասենք, նաև իր տերը։ Այսպիսով նրանք երկուսով էլ հուզված էին՝ մեկը Դուլսինեային տեսնելու փափագից, մյուսը՝ նրան երբեք տեսած չլինելու պատճառով։ Սանչոն գլուխ չէր հանում՝ ինչ պիտի անի, երբ որ տերը իրեն Տոբոսո ուղարկի։

Դոն Կիխոտը վճռեց մինչև գիշեր քաղաք չմտնել և, սպասելով, որ մութը ընկնի, նրանք կանգ առան Տոբոսոյի մոտերքում գտնվող կաղնուտում։

Կեսգիշերին դոն Կիխոտն ու Սանչոն մտան Տոբոսո։

Քաղաքն ընկղմված էր խաղաղ լռության մեջ, որովհետև բոլոր բնակիչները, ինչպես ասում են, ոտքերը մեկնած՝ քնած էին։ Բացի շների հաչոցից, բան չէր լսվում։ Ժամանակ առ ժամանակ մի էշ էր զռռում, խոզ էր խանչում, կատու՝ մլավում, և այդ տեսակ-տեսակ ձայներից ավելի էր սաստկանում գիշերային լռությունը։

Սանչոն, տեսնելով, որ տերը մտատանջության մեջ է և դժգոհ, ասաց.

— Տեր իմ, շուտով լույսը կբացվի։ Անխոհեմություն կլիներ սպասել փողոցում, ավելի լավ չէ՛՛ր լինի դուրս գալ քաղաքից։ Ձերդ ողորմածությունը կթաքնվի մոտակա ծառաստանում, իսկ ես քաղաքում ցերեկով ման կգամ բոլոր ծակուծուկերը, մինչև որ գտնեմ ձեր տիրուհու տունը, ապարանքը կամ դղյակը։

— Սանչո՜,— բացականչեց դոն Կիխոտը,— դու սակավ ու կարճառոտ խոսքերով հազար ու մի միտք արտահայտեցիր։ Ես ջերմագին և մեծամեծ պատրաստակամությամբ ընդունում եմ քո խորհուրդը։

Դոն Կիխոտը մնաց ձիու վրա, ոտքերը ասպանդակների մեջ, հենված նիզակի վրա, տխուր ու տարտամ խոհերով լեցուն։ Սանչոն էլ թողեց իր տիրոջը նույնպես վհատ ու վշտոտ։ Դուրս գալով անտառից, նա շուռ եկավ և