Էջ:Դոն Կիխոտ.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե ինչ եմ ասում։ Իմացած եղեք, որ դոն Կիխոտը, որի մասին դուք պատմում եք, աշխարհիս երեսին իմ ամենալավ բարեկամս է, և մենք այնքան սերտ բարեկամներ ենք, որ կարելի է ասել, որ ես ու նա մեկ անձ ենք։ Ձեր թված նշանները այնքան ճշգրիտ են և անսխալ, որ հարկադրում են ինձ հավատալ, որ դուք հենց նրան եք հաղթել։ Սակայն, մյուս կողմից, իմ աչքերն ու շոշափելիքը համոզում են ինձ, որ դա չէր կարող լինել, եթե միայն իմ բազմաթիվ թշնամի-կախարդները (ամենից շուտ նրանցից մեկը, որ շարունակ հալածում է ինձ) չի ընդունել նրա կերպարանքը, որպեսզի հնարավորություն տա ձեզ հաղթելու և դրանով նրան զրկելու փառքից, որ նա վաստակել ու ձեռք է բերել մեզ ծանոթ բովանդակ աշխարհում իր վսեմ գործերով։ Վերջապես ձեզ համոզելու համար, որ իմ ասածները զուտ ճշմարտություն են, ահավասիկ ձեր առջև ինքը դոն Կիխոտը, որը՝ զենքը ձեռքին կապացուցի ձեզ, ձիով կամ ոտքով, մարտի միջոցով կամ առհասարակ ինչպես ձեզ հաճելի կլինի։

Այս խոսքերով նա վեր թռավ տեղից և բռնեց թուրը, սպասելով, թե ինչպես կվարվի ասպետը, սակայն վերջինս, ոչ պակաս հանգիստ, պատասխանեց.

— Լավ վճարողը երբեք գրավից չի վախենա, պարոն դոն Կիխոտ։ Նա, որ մեկ անգամ կարողացել է հաղթել ձեզ կերպարանափոխված վիճակում, ունի իրավունք հույս տածելու, որ կհաղթի նաև ձեր իսկական կերպարանքի մեջ։ Սակայն վայել չէ, որ ասպետները կռվեն խավարում, գողերի և քստմնելի ավազակների պես, ուստի համբերենք մինչև լույս, և թող արևը վկա լինի մեր քաջագործություններին։ Մենք կմտնենք մարտի մեջ մի պայմանով, որ հաղթվածը ճանաչի հաղթողի կամքը և հնազանդի նրա հրամանին, եթե միայն վերջինս ասպետի համար ստորացուցիչ չլինի։

— Ես միանգամայն բավարարված եմ նման պայմանից,— ասաց դոն Կիխոտը։

Այս խոսքերից հետո նրանք գնացին իրենց զինակիրների մոտ և գտան նրանց խռմփալիս նույն դիրքով, ինչ դրության մեջ նրանց վրա էր հասել քունը։ Ասպետները նրանց արթնացրին և պատվիրեցին պատրաստել ձիերին, որովհետև լուսաբացին նրանց միջև պիտի տեղի ունենար անլուր, արյունոտ և վտանգավոր մարտ։ Այդ լուրից Սանչոն վախեցավ ու նվաղեց, որովհետև Անտառի ասպետի զինակիրը նրան այնքան էր դուրս տվել իր տիրոջ արիության մասին, որ Սանչոն դոն Կիխոտի կյանքը վտանգված տեսավ։ Այնուհանդերձ, զինակիրներրը, առանց բառ անգամ արտասանելու, գնացին իրենց երամակի մոտ, որովհետև էշն ու երեք ձին, իրար հոտոտելուց հետո, միասին էին արածում։

Ճանապարհին Անտառի ասպետի զինակիրն ասաց Սանչոյին.

— Պետք է իմանաս, եղբայր, որ մեզ մոտ, Անդալուզիայում, սովորություն կա, որ մենամարտի ժամանակ վկաները ձեռքերը ծալած, պարապ չեն մնում, մինչ կողմերը կռվում են իրար դեմ։ Ասելս այն է, որ դուք նկատի ունանք մեր տերերի մենամարտության միջոցին մենք էլ պետք է իրար ջարդուբուրդ անենք։

— Այդ սովորութունը, պարոն զինակիր,— պատասխանեց Սանչոն,— կարելի է պահպանել ու պաշտպանել կռվարարների շրջանում և վկաների մոտ, որոնց մասին դուք ակնարկեցիք, սակայն ոչ մի դեպքում չի կարելի կիրառել