Էջ:Դոն Կիխոտ.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պարոններ,— պատասխանեց մանկլավիկը,— ես իսկական դեսպան եմ, պարոն Սանչո Պանսան իրոք վարչապետ է, իմ պարոնները՝ դուքսն ու դքսուհին, ի վիճակի են շնորհելու և շնորհել են նրան վարչապետություն և, ըստ լուրերի, Սանչոն իր գործը ամենալավ կերպով է կատարում։ Կա՞ այստեղ կախարդանք, թե ոչ՝ ինքներդ դատեցեք։ Իմ ասածը զուտ ճշմարտություն է, եթե չեք հավատում թող ձեզանից մեկնումեկը, պարոններ, հետս գա և նրա աչքերը կտեսնեն այն, ինչին չեն հավատում ականջները։

Կարրասկոն առաջարկեց Թերեսային ստացած նամակներին պատասխան գրել։ Սակայն Թերեսան չկամեցավ, որ բակալավրը խառնվի իր գործերին։ Նա երկու ձու և հաց տվեց տիրացուին, որը երկու նամակն էլ գրեց, մեկը՝ ամուսնուն, մյուսը՝ դքսուհուն։

ԳԼՈՒԽ XL
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՇՏԱԼԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ

Իր վարչապետության յոթերորդ գիշերը Սանչոն պառկած էր անկողնում, կուշտ՝ ոչ թե հաց ու գինով, այլ դատ ու դատավճիռներով, իր հրապարակած հրովարտակներով ու օրենքներով, և արդեն նինջն սկսել էր փակել նրա աչքերը, երբ մի այնպիսի խլացուցիչ աղաղակ բարձրացավ ու զանգերի ղողանջ, որ նրան թվաց, թե ողջ կղզին խորտակվում է։

Նա նստեց մահճակալին և սկսեց ուշի-ուշով ականջ դնել, աշխատելով գլխի ընկնել, թե ի՞նչը կարող է այս մեծ իրարանցումի պատճառը լինել։ Սակայն նա բան չէր կարողանում հասկանալ, որովհետև զանգերի ղողանջին և աղաղակներին շուտով խառնվեցին անթիվ փողերի և թմբուկների ձայներ, որ ավելի ևս շփոթեցրին Սանչոյին և ահ ու սարսափով պատեցին նրան։

Նա վեր կացավ տեղից, հողաթափերը հագավ (որովհետև հատակը խոնավ էր) և, առանց վրան խալաթ կամ նման բան գցելու, մոտեցավ իր ննջարանի դռանը այն իսկ վայրկյանին, երբ սրահ խուժեցին մոտ քսան մարդ, վառ ջահերն ու մերկ թրերը ձեռքներին, ու գոռացին.

— Զինվեցե՛ք շուտով, տեր, եթե չեք կամենում կործանել ողջ կղզին։

— Ինչի՞ համար զինվեմ,— պատասխանեց Սանչոն։— Մի՞թե ես զենքից ու պաշտպանությունից բան եմ հասկանում։ Այդ գործը ավելի լավ կլիներ հանձնել իմ տիրոջը՝ դոն Կիխոտին։ Նա մեկ հարվածով վերջ կտար, և դուք անվտանգ կլինեիք։ Իսկ ես, ինչ մեղքս թաքցնեմ, այդ խառնաշփոթությունից գլուխ չեմ հանում։

— Օ, տեր վարչապետ, այդ ի՞նչ անտարբերություն է։ Զինվեցեք, ձերդ ողորմածություն, մենք ձեզ համար և հարձակվելու, և պաշտպանելու զենքեր ենք բերել։ Դուրս եկեք հրապարակ, եղեք մեր առաջնորդն ու զորավարը, որովհետև իրավամբ ձեզ է վայելում այդ կոչումը, քանի որ դուք մեր վարչապետն եք։

— Շատ բարի, զինեցեք,— պատասխանեց Սանչոն։