Էջ:Դոն Կիխոտ.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են, անկասկած, կախարդներ են, որոնք ինչ-որ իշխանուհի են փախցրել և տանում են կառքով։ Ես պիտի լարեմ բոլոր ուժերս, որպեսզի այս չար գործը խափանեմ։

— Դա հո հողմաղացներից վատ կլինի,— պատասխանեց Սանչոն։— Մի՞թե չեք տեսնում, պարոն, որ ձեր առջև վարդապետներ են, իսկ կառքով, երևի, ճամփորդներ են գնում։

— Ես արդեն ասացի քեզ, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը,— որ դու արկածներից բան չես հասկանում։ Իմ ասածը ճիշտ է, և դու իսկույն կհամոզվես։

Այս խոսքերով նա առաջ անցավ և կանգ առավ ճամփի մեջտեղում, որտեղից պիտի անցնեին վարդապետները, և երբ նրանք այնքան մոտեցան, որ կարող էին լսել իր խոսքերը, բարձրաձայն աղաղակեց.

— Օհ, դո՜ւք, դժոխքի սերունդ, իսկույն ևեթ ազատեցեք իշխանուհիներին, որոնց բռնի տանում եք կառքով, թե չէ պատրաստվեցեք շուտափույթ մահվան, որպես ձեր եղեռնագործության արժանի պատիժ։

Վարդապետները ջորիների նոխտաները քաշեցին և կանգ առան, զարմացած դոն Կիխոտի թե տեսքից, թե խոսքից, և այսպիսի պատասխան տվին.

— Պարոն ասպետ, մենք բնավ դժոխքի սերունդ չենք, այլ վարդապետներ։ Մենք ճամփորդում ենք մեր գործերով և բան չգիտենք այս կառքով իշխանուհիներ փախցնելու մասին։

— Դուք ինձ անուշ խոսքերով չեք խաբի։ Ես ձեզ լավ եմ ճանաչում, ստոր սրիկաներ,— առարկեց դոն Կիխոտը։

Եվ, առանց պատասխանի սպասելու, նա խթանեց Ռոսինանտին և ցած թեքելով նիզակը, այնպիսի կատաղի արիությամբ հարձակվեց առաջին վարդապետի վրա, որ եթե վերջինս ինքն իրեն ջորուց գետին չնետեր, ապա դոն Կիխոտը նրան անշուշտ վայր կգցեր թամբից և ծանր վերք կհասցներ, կամ էլ նույնիսկ կսպաներ։

Երկրորդ վարդապետը, տեսնելով, թե ինչպես են վարվում իր ուղեկցի հետ, կրունկները խրեց իր գեր ջորու կողերը և քամուց արագ սլացավ դեպի դաշտ։

Սանչո Պանսան, նկատելով, որ վարդապետը պառկած է գետնին, թեթև թռավ էշից և վազեվազ մոտենալով նրան, սկսեց հանել շորերը։ Այդ միջոցին մոտ եկան վարդապետներին հետևող երկու ծառաները և հարցրեցին Սանչոյից, թե ինչո՞ւ է հանում նրա շորերը։ Սանչոն պատասխանեց, որ ըստ օրինաց ավարն իրեն է պատկանում, որովհետև իր տեր դոն Կիխոտը հաղթել է մարտում։

Ծառաները, որ կատակ չէին հասկանում և գաղափար չունեին, թե ավարս որն է, մարտս որը, նկատելով, որ դոն Կիխոտը ծռվեց մի կողմ և սկսեց խոսել կառքում նստածների հետ, վրա տվին, Սանչոյին գլորեցին գետին, փետտեցին նրա մորուքը և այնպես ջարդեցին, որ խեղճի շունչը կտրվեց։

Իսկ ահ ու սարսափով բռնված վարդապետը, առանց մի վայրկյան կորցնելու, հեծավ ջորուն և, մեռելի պես գունատ, քշեց իր չորքոտանուն դաշտ, որտեղ պատկառելի հեռավորության վրա սպասում էր ուղեկիցը, տարակուսանքի