Էջ:Դոն Կիխոտ.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ չի իմացել և չի կարողացել ըստ արժանվույն գնահատել, և ահա, տեսնելով, որ սաղավարտը զուտ ոսկուց է, առանց հասկանալու իր արածը, նա կեսը հալել, փող է դարձրել, իսկ մյուս կեսից շինել է այն, ինչ որ քո ասելով՝ լագան է։ Միևնույն է՝ ինչ էլ լինի, ես հո գիտեմ, թե ինչ բան է, և ինձ համար այդ կերպարանափոխությունը նշանակություն չունի։ Իսկ մինչ այդ ես կկրեմ սա ինչպես որ կա, որովհետև ավելի լավ է մի բան, քան ոչինչ։ Սա հո կարող է ինձ լիովին պաշտպանել քարերի կարկուտից։

— Այո, իհարկե,— պատասխանեց Սանչոն,— եթե միայն թշնամին քարը պարսատիկից նետելու չլինի, ինչպես այն անգամ, երկու զորքերի բախման միջոցին, երբ որ նա ձերդ ողորմածության ատամները ջարդեց և կոտրեց ամանը այն օրհնած խմիչքի, որից քիչ էր մնում բոլոր փորոտիքս դուրս թափեր։

Այստեղ նրանք նախաճաշեցին, կերան գիշերային թափորից Սանչոյի ավար առած մթերքների մնացորդը և ջուր խմեցին մահուդի գործարանի մոտով հոսող առվից։ Նրանք անգամ գլուխները շուռ չտվին գործարանի կողմը՝ այնքան էին լցվել ատելությամբ գիշերն իրենց ահուդողի մեջ գցելու համար։

Վերջապես, դոն Կիխոտը հեծավ իր ձին, Սանչոն նստեց էշի վրա և առանց որոշակի ուղղության (որովհետև գնալ, ուր որ աչքը տեսնի՝ միանգամայն թափառական ասպետների սովորույթն է) նրանք շարժվեցին ճամփով, որ ընտրեց Ռոսինանտը, որի կամքին հնազանդեց ոչ միայն նրա տերը, այլև էշը, որ եղբայրաբար և բարեկամաբար միշտ հետևում էր նրան։ Այնուհանդերձ նրանց հաջողվեց բանուկ ճամփա ելնել, որով նրանք, առանց որոշակի նպատակի, շարունակեցին իրենց ճանապարհը։

Եվ ահա, հանկարծ, Սանչոն ասաց տիրոջը․

— Ահա քանի օր է, ինչ ես միտք եմ անում, թե ի՛նչ քիչ օգուտ և շահ բերին մեզ այս թափառումները։ Ձերդ ողորմածությունը արկածներ է որոնում ճամփաբաժիններում և ամայի վայրերում, որտեղ ձեր բոլոր հաղթանակներն ու քաջագործությոլնները, միևնույն է, ոչ ոք չի տեսնի։

Ինձ թվում է, թե ավելի լավ կլիներ, եթե մենք ծառայության մտնեինք որևէ կայսեր կամ թագավորի մոտ, որ պատերազմ է մղում մեկնումեկի դեմ։ Ահա թե որտեղ ձերդ ողորմածությունը կարող կլիներ երևան բերել իր բոլոր արժանիքները՝ մեծ ուժը ու առավել ևս մեծ խելքը։

— Դու վատ չես դատում, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը։— Բայց նախքան այդպիսի ծառայություն գտնելը, ասպետը պետք է իբրև փորձություն թափառի աշխարհիս երեսին և արկածներ որոնի, որպեսզի այդ գործում աչքի ընկնելուց հետո հռչակ ու փառք վայելի, այնպես որ այդ ասպետին բոլորն էլ ճանաչեն իր գործերով։ Եվ ահա հենց որ նա որևէ մեծ միապետի արքունիքը գնալու լինի, և մանուկները տեսնեն, որ նա է ներս մըտնում դարպասով, իսկույն հավաքվեն, շրջապատեն նրան և ճչան՝ «Ահա Արևի Ասպետը» կամ «Օձի Ասպետը», կոչելով նրան այն մականունով, որ նա հռչակել է իր մեծամեծ գործերով։

«Ահա նա,— կասեն,— որ մենամարտում հաղթեց մեծ ուժի տեր հսկա Բրոկաբրունոյին, ահա նա, որ ցրեց սոսկալի կախարդանքը, որի կապանքներում Պարսկաստանի մեծ մամելյուկը ամբողջ ինը հարյուր տարի տառապեց»։