Էջ:Դոն Կիխոտ.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Այնինչ դոն Կիխոտը, հենց որ լեռներն ընկավ, լցվեց ցնծությամբ, որովհետև նրան այդ վայրերը շատ հարմար թվացին արկածներ որոնելու համար։ Նրա միտքն էին գալիս հրաշալի եղելություններ, որ պատահել են թափառական ասպետներին նման ամայի և խուլ վայրերում։ Նա գնում էր արբած ու հափշտակված այդ մտքերով, մոռանալով ամեն ինչ աշխարհիս երեսին։ Իսկ Սանչոն, վերջապես, իրեն անվտանգ զգալով, միայն այն էր խորհում, թե ինչպես հագեցնի իր ստամոքսը պաշարով, որ մնացել էր վանականների բեռներից։ Նա քարշ էր գալիս տիրոջ հետևից շալակած այն ամենը, ինչ որ պիտի իր գորշ ավանակը կրեր, և հա՛ հանում էր պարկից կտոր-կտորի հետևից ու բերանը կոխում։ Նա գրոշ չէր տա արկածի համար՝ հենց այդպես թափառելը թվում էր նրան ամենահաճելի բանը։

ԳԼՈՒԽ XX
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՄԱՆՉԱՑԻ ԱՐԻ ԱՍՊԵՏԻ ՀԵՏ
ՍՅԵՐՐԱ-ՄՈՐԵՆԱՅՈՒՄ ՊԱՏԱՀԱԾ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ
ԵՎ ԱՅՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ,
ՈՐ ՆԱ ԻՆՔԸ ԴՐԵՑ ԻՐ ՎՐԱ

Կամաց-կամաց նրանք մոտեցան ամենավայրի կիրճերին։ Սանչոն մեռնում էր, որ խոսի իր տիրոջ հետ, սակայն սպասում էր, որ առաջինը նա սկսի, որպեսզի նրա պատվերը խախտած չլինի։

Սակայն այդքան երկար լռությանը չդիմանալով, նա այնուամենայնիվ խոսեց.

— Պարոն դոն Կիխոտ, օրհնեցեք ինձ, ձերդ ողորմածություն, և արտոնություն շնորհեցեք, որ վերադառնամ տուն, կնոջս ու երեխաներիս մոտ, նրանց հետ ես, գոնե, կարող եմ խոսել և դատողություն անել, ինչքան սիրտս ուզի։ Իսկ ձերդ ողորմածությունը պատվիրում է ինձ թափառել գիշեր-ցերեկ այս անապատում, այն էլ առանց խոսելու, երբ որ սիրտս ուզենա։ Որ այդպես է, ինձ ողջ-ողջ թաղեցեք, պրծնի գնա։ Եթե բախտը կամենա, որ անասունները կարողանային խոսել, էլի մի բան է՝ ես կպատմեի իմ էշին այն ամենը, ինչ որ խելքիս փչեր և այդպիսով կկարճեի իմ տխուր օրերը։ Հե՞շտ բան է և կարո՞ղ է մարդկային համբերությունը բավել՝ դու ողջ կյանքդ արկածներ որոնիր, իսկ փոխարենը՝ քեզ ջարդուխուրդ անեն, վերմակի վրա վեր-վեր թռցնեն, քարկոծեն, բռունցքներով խփեն, իսկ այդ ամենի վրա ավելացրու՝ չհանդգնես բերանդ բաց անել, չհանդգնես արտահայտել այն ամենը, ինչ-որ դաղել է սիրտդ, ասես համր լինես։

— Ես հասկանում եմ քեզ, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը։— Դու մեռնում ես ցանկությունից, որ ես վերացնեմ քո լեզվի վրա դրածս արգելքը։ Է՛հ, թող այդպես լինի, վերացնում եմ, ասա ինչ որ կամենաս, բայց պայմանով, որ այս թույլտվությունն ուժ ունենա, քանի որ մենք լեռներում ենք գտնվում։