Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տյուսաբը այստեղ անշուշտ վրիպել է՝ շրջանցելով իրական հարաբերությունները։ Նա մարդկանց դարձրել է իր բարոյախոսական սենտենցիաների ստրուկը, գրչի թեթև շարժումով համահարթել կյանքի աններդաշնակություններն ու հակասությունները և հորինել մի գեղեցիկ հեքիաթ։

«Արաքսիա» վեպն իր գեղարվեստական և ճանաչողական արժեքով զիջում է «Մայտա» և ,Սիրանույշ» վեպերին։ Այստեղ առավել ակնհայտ են դրսևորվել հեղինակի կիրառած ռոմանտիկական մեթոդի թուլությունները։ Ամենից առաջ նկատենք, որ կերպարների բնութագրության մեջ հեղինակը ընթացել է ռոմանտիկներին յուրահատուկ միտումնավոր բևեռացման, մարդկանց ծայրահեղ և անխառն հատկանիշներով պատկերելու ուղիով։ Ամենուրեք մարդիկ Տյուսաբի վեպերում բաժանվում են երկու խմբի՝ բարի և չար, և այդ հատկանիշները տրվում են նրանց իբրև անփոփոխ, բնածին իրավունք։ Սա մի կողմից զրկել է հեղինակին՝ կերպարների հոգեբանական հարուստ ներքնաշխարհ ստեղծելու հնարավորությունից, մյուս կողմից կանխորոշել վիպական կոնֆլիկտը, դեպքերի ընթացքն ու հերոսների ճակատագիրը։

Տյուսաբը շատ է տուրք տվել պայմանականությանն ու դեպքերի արհեստական հարմարեցմանը։ Հանգույցների լուծումներն ամենուրեք ենթարկված են պատահական զուգադիպության և արհեստական հարմարեցման եղանակին, որը և խախտում է պատկերների գեղարվեստական պատճառականությունը։

Հեղինակը մարդկանց գործելակերպի և դեպքերի հաջորդականության հանդեպ չափազանց ազատ է և նույնիսկ կամայական։ Հանգամանքները նա դասավորում է իր ցանկացած ձևով, առանց մտահոգվելու դրանց հավանականությամբ։ Մարդիկ նրա վեպերում մահանում են կամ հասնում երջանկության, թշվառությունից հասնում են բարեկեցիկ վիճակի, բարերարների օգնությամբ փրկվում են առանց սոցիալապես իմաստավորվելու, հոգեբանորեն պատճառաբանվելու։

ժամանակին Հ․ Պարոնյանը քննադատեց Տյուսաբի վեպերի այս գեղարվեստական թերությունները։ Ռեալիզմի տեսարանը չէր կարող անտեսել արդեն մայրամուտ ապրող ռոմանտիզմի գեղարվեստական սահմանափակությունները, մասնավորապես Տյուսաբի՝ իրականությունը գունազարդող սենտիմենտալ բարոյախոսությունը, որն այնպե՜ս անհարիր էր կյանքի ճշմարիտ պատկերացմանը։ «Վեպերու մեջ,― գրում Է Պարոնյանը,― մարդս որքան շուտ բույժ կստանա յուր ցավոց։ Լումայե կարոտ աղքատն մեկ վայրկյանի մեջ կհարստանա անակնկալ ժառանգություն մը ձեռք բերելով յուր հորեղբորեն, զոր չէր ճանչնար առաջ, կամ միլիոնատերի մը համակրությունն գրավելով։ Վեպերու մեջ ավազներն դալարագեղ մարգագիտիններու, անապատներն հանկարծ մշտաբուխ վտակներու կը դառնան։ Ուստի զարմանալու չէ շատ, Այտամն (Մայտա) փողոցի մեջ կմարի, կիյնա և կը հյուրընկալվի իրեն անծանոթ կոմսե մ՝որ չճանչնար Այտամն․․․ •Քառասուն անգամ տեսած եմ փողոցի մեջ ինկած և մարած խեղճ էակներ, որ անցորդներուն մեկ անտարբեր նայվածքին իսկ չէին արժանանար․ հանդիպած եմ իրիկվան հացն մտմտացող ընտանյաց հայրերուն,

XV