Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի արգավանդելու և ապրելու։ Վշտահար կյանքը մարդս ծուլության վարժեցնելով՝ յուր ստեղծող և գործող կարողությունքը կը ջլատե, և յուր թռիչքը խափանելով կը դատապարտե սողալու։ Սաստիկ վիշտը մեծ հաջողության կը նմանի․ երկուքն ալ զմեզ կը մոլորեցնեն, առաջինն անզգայության կը տանի, երկրորդն անհոգության։ Կ՚երկրորդեմ, Մայտա՛, վե՛րջ տուր կսկիծիդ․ անցյալդ արդեն խորասուզվեցավ մոռացության արագընթաց ջուրերուն մեջ․ իզուր անոր հետքը կ՚որոնես ներկային մեջ որ քեզ հանդեպ զարհուրելի և սպառնալից կը կանգնի։ Անցյալը վրադ գուրգուրաց ինչպես սիրեցյալ գողտրիկ որդեկի․ իսկ ներկան զքեզ կին պիտի հանդիսացնե ընդդեմ դժբախտությանց անձդ արիացնելով, և պիտի հարկադրե մտացդ և սրտիդ գանձերուն դիմել․ պիտի վարժեցնե վտանգը դիմագրավել, և կենաց նայիլ անվրդով և անահ աչոք․ կինը տղան չ՚ա՞րժեր արդյոք. առաջինը զորություն մ՚է, իսկ երկրորդը շնորհք։


Մայտա առ Տիկին Սիրա

Մի՛ այդչափ փութար դատապարտելու զիս․ չգիտես թե որչափ սիրտս թախիծով բեռնավորված է։ Ո՜վ արդյոք կրնա հասնիլ մինչև անոր խորության և ըմբռնել թե ի՜նչ բեռի ներքև կը հեծե այն։ Վիճակիս կրած փոփոխությունն ա՛յն աստիճանի կը զարմացնե զիս որ կը տարակուսիմ թե արթո՞ւն եմ արդյոք թե կ՚երազեմ։ Ի՜նչ անկում, ի՜նչ վհատություն․ խեղճ սի՜րտ, ոչ ոք գիտե թե որչափ կը հեծես լռին։


Տիկին Սիրա առ Մայտա

Մարդկային սիրտը բով մ՚է ուր կը ձուլվի մարդկության պատմությունը։ Ո՞վ կը ճանաչե անոր հատակը, և ո՜վ արդյոք կրնա հասնիլ մինչև անդ։ Կրնա՞ս ի հաշիվ առնուլ սրտին բոլոր բաբախումները. մեն մի բաբախում հետևանքն է արտասուքի՝ որ հոգվույն եթերական ծվեն մ՚է. կամ ժպտի մ՚որ իբրև

15