Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կրկնապատկեցեք ձեր ջանքը, ո՛վ Զարուհիդ իմ, հաջողելու աշխատեցեք։

— Վերջին օրերս իտալացի բարեկամին հորդորները կարողացան զինքը ցնցելու. և այդ նպատակին հասավ նա հաստատելով եղբորս թե ինքն անարժան պիտի հանդիսանա սիրույդ անշուք դիրք մ՚առնելով։

— Ուրեմն մտադի՞ր է Երվանդ ի Հռովմ վերադառնալու,— հարցուց Սիրանույշ դող ի սիրտ, մոռնալով թե առ այդ կը ձգտեր քիչ հառաջ։

– Այնպես կը կարծեմ։

— Ո՛հ, կը մեկնի դարձյալ ուրեմն։

– Լավագույնը չէ՞ արդյոք, և դու զայդ չէի՞ր բաղձար։

— Ուրեմն մոտե՞րս կերթա հոսկե․ ոհ, խոսե, Զարուհի, մի՛ ծածկեր ինձմե, կարող եմ այդ հարվածին դիմանալու։

— Գուցե քիչ օրեն կուղևորի. բայց յուր երազն զքեզ տեսնել է հառաջ քան հեռանալն հոսկե։

— Ա՜հ, ինչպե՜ս կը փափագեի որ մահվանս վայրկյանը մերձեցած ըլլար որպեսզի այս տեսությունը շնորհելու թույլտվությանն ունենայի։ Որչափ կենսավետ պիտի ըլլար այդ մահահրավեր վայրկյանս։

— Ուրեմն Երվանդ առա՞նց զքեզ տեսնելու պիտի ճամփա ելնե։

— Զարուհի՛ս, խնայե՛ ինձ, մի՛ հուսահատությունս առավել սաստկացներ, զի կը ճանաչես արդեն իմ դառն դաշինքս Դարեհյանի հետ։

— Խե՜ղճ Երվանդ։

— Հարե՛ և «խեղճ Սիրանույշ»:

— Իրավունք ունիս։

— Բայց խիստ մո՞տ է արդյոք Երվանդին մեկնելու օրը, խոսե՛, Զարուհի՛դ իմ, կը պաղատիմ քեզ։

— Գուցե։

— Ափսո՜ս:

Սիրանույշ գլուխը Զարուհվույն ուսին վրա դրավ, աչերը գոցեց, և երկու լեղի շիթեր հոսեցին այդ երկու ցավոց աղբյուրեն։