Էջ:Ընտրանի.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեսպաշտություն կամ իրական գործընթացները չհասկանալու արդյունք։ Ինձ համար նման թղթերը, որոշումները, օրենքները ոչ մի նշանակություն չունեն, քանի որ առաջնայինը, կարեւորը գործընթացներն են։ Մենք պետք է հետեւենք ոչ թե օրենսդրական ձեւականություններին, այլ գործընթացներին։ Իսկ գործընթացները, ինչպես ասացի, անկախ օրենսդրական կապանքներից, ակնհայտորեն տանում են հանրապետությունների անկախության անընդհատ աճին։ Սա է, ուրիշ գործընթաց Խորհրդային Միությունում գոյություն չունի։ Եւ եթե դա դանդաղ էր ընթանում մինչեւ հեղաշրջումը, այժմ դա անհամեմատ արագացել է։

Այժմ ես ամբողջ ժողովրդին եմ դիմում, եւ սա թող համարվի իմ քաղաքական պլատֆորմը. իմ նպատակն է Հայաստանը տեսնել եւրոպական տիպի ազատ պետությունների մի համագործակցության մեջ։ Այդպիսի համագործակցություն կարելի է ստեղծել երկու ճանապարհով։ Առաջին ճանապարհով ընթացավ Եւրոպան, երբ բացարձակ անկախ պետություններ, նկատի ունենալով իրենց փոխադարձ շահերը, աստիճանաբար ստեղծեցին մի կայուն համագործակցություն, ընդհանուր տնտեսական շուկա, որը միտումներ ունի ավելի ինտեգրացվելու։ Գուցե հեռավոր ապագայում հնարավոր լինի նույնիսկ ունիտար պետություն ստեղծել։ Բայց չպետք է մոռանալ, որ Եւրոպայում այս ճանապարհին նախորդել էր մի դժոխային շրջան։ Եւրոպան անցավ ահավոր ավերիչ պատերազմների ժամանակաշրջանով՝ մինչեւ հասավ ահա այդ մակարդակին։ Ես նկատի չունեմ նապոլեոնյան արշավանքները, դա դեռեւս միջնադար էր։ Նոր շրջանում Եւրոպայում տեղի ունեցավ երեք ավերիչ պատերազմ։ Նկատի ունեմ 1870 թվականը, Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները։ Այս պատերազմները բացատրվում են հենց ազգ-պետությունների ձեւավորման գործընթացով։ Երբ ազգ֊պետությունները վերջնականապես ձեւավորվեցին, երբ բոլոր հարցերը պատերազմներով լուծվեցին, դրանից հետո է, որ պետություններն ու ժողովուրդները նպատակահարմար գտան մտածել հարաբերությունների այլ ձեւերի մասին։

Արդյո՞ք մեզ համար էլ պարտադիր է նշված ճանապարհը, այսինքն՝ փշրել այս Միությունը, տեղավորվել սեփական տներում, սկսել պատերազմներ՝ թե՛ քաղաքացիական, եւ թե՛ քաղաքական, անցնել արյան, հրի ու սրի, դժոխքի միջով, որպեսզի մենք նորից մի օր հասնենք մի