Էջ:Ընտրանի.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրավապահ մարմինների ներքին կառույցները։ Ես ասում եմ կատարելագործել, բայց նշված մարմինները կարիք ունեն լուրջ կառուցվածքային փոփոխությունների։ Դրա մասին շատ է խոսվել։ Արդարադատության նախարարությունը, դատախազությունը, ՆԳ նախարարությունը պատրաստել են բազմաթիվ առաջարկներ՝ ընդհանրապես դատական համակարգի վերափոխման, դատախազության ֆունկցիաների վերանայման վերաբերյալ եւ այլն։ Բայց օրենսդրական աշխատանքը չափազանց դանդաղ է ընթանում, որի համար կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է ամենօրյա օպերատիվ աշխատանքով զբաղվենք։ Ահա այս բոլորի պատճառով է ստեղծվել ներկա վիճակը, գումարած ժողովրդավարության մասին այն թյուր պատկերացումները, երբ ժողովրդավարությունը դիտվում է որպես ամենաթողություն։ Գումարած նաեւ իշխանությունների նկատմամբ համապատասխան ճնշումը, որի մասին այստեղ նույնպես խոսվեց։ Սկզբում դրանք զինված ջոկատներն էին։ Մենք դա հաղթահարեցինք։ Այսօր գոնե դատարաններում զինված մարդիկ չեն հայտնվում, գուցե ինչ-որ բացառություններ կան։ Նման բացառություններից մեկն էլ վերջերս Եղեգնաձորում տեղի ունեցած դատն էր, որի մասին ես ստացել եմ համապատասխան ինֆորմացիա։ Բայց եթե ոչ զինված ջոկատները, այսօր արդեն քաղաքական ուժերը, ինչպես նաեւ մամուլն են փորձում ճնշում գործադրել իրավ ապահ մարմինների վրա, մասնավորապես դատարանների։ Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Մի կողմից՝ իշխանությունները, իրավապահ մարմինները ընդդիմության կողմից համատարած քննադատվում են անօրինականությունների, հանցագործությունների դեմ չպայքարելու համար, բայց երբ հանկարծ որեւէ հավակնոտ անձ է հայտնվում իրավապահ մարմինների տեսադաշտում, ինչպես, օրինակ, օդանավակայանի ղեկավարությունը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, Գուգարքի շրջխորհրդի գործկոմի նախագահը, անմիջապես այդ մարդիկ վերցվում են նույն քաղաքական ուժերի պաշտպանության տակ։ Ըստ այդմ՝ այդ քաղաքական ուժերի, կուսակցությունների մոտեցումները միանգամից սկսում են կասկած հարուցել։ Սա, իհարկե, չպետք է ազդի մեր աշխատանքի վրա, թեեւ, դժբախտաբար, ազդում է։