Էջ:Ընտրանի.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախ՝վիրավիճակային, կոնյունկտուրային լուծումների եւ քաղաքական կոմպրոմիսների մասին. գաղտնիք չէ, եւ այդ մասին երբեմն նույնիսկ բացահայտ խոսվում է, որ Սահմանադրության ընդունման ամենահեշտ ճանապարհը կլիներ հարմարվել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությանը եւ փորձել ինչ-որ փոխզիջումային տարբերակ գտնել։ Սա իսկապես կլիներ ամենահեշտ, բայց միաժամանակ՝ պետության համար ամենավտանգավոր ճանապարհը, որովհետեւ, նկատի ունենալով քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխականությունը, դժվար չէ գուշակել, թե հետագայում ինչպիսի ցնցումների պատճառ կարող էր դառնալ նման ձեւով ընդունված Սահմանադրությունը։ Յուրաքանչյուր նորընտիր խորհրդարանի առաջին գործը կլիներ Սահմանադրությունն անմիջապես հարմարեցնել քաղաքական ուժերի նոր հարաբերակցությանը, եւ այդպես շարունակ։ Այսինքն, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների՝ միմյանցից լիազորություններ կորզելու ներկա պայքարը, որ հատուկ է բոլոր նորանկախ պետություններին, կդառնար ապակայունացման մշտական գործոն՝ իր ակնհայտ բացասական հետեւանքներով։

Փոխզիջումը մինչդեռ խրախուսելի եւ անհրաժեշտ է հասարակական համակեցության, քաղաքական գործելակերպի եւ դիվանագիտության ոլորտներում, ապա միանգամայն խոտելի է գաղափարախոսության եւ մանավանդ իրավագիտության բնագավառներում, հետեւաբար Սահմանադրության համար, որ միանշանակ պատկանում է վերջին բնագավառին, քաղաքական կոմպրոմիսի հնարավորությունը եւ նպատակահարմարությունը բացառված պետք է համարել։

Մենք իրավունք չունենք, առաջնորդվելով առժամյա, թեկուզեւ հարմար նկատառումներով, վտանգել պետության ապագա կայունությունը։

Իրավագիտության բնագավառին պատկանելու հանգամանքը, մյուս կողմից, որեւէ Սահմանադրության համար գրեթե պարտադիր է դարձնում հաջորդ սկզբունքի՝ միջազգային փորձի յուրացման անհրաժեշտությունը, տրված լինելով, որ արդի իրավունքը պատմականորեն ձեւավորվել է որպես մարդկության հավաքական մտքի արգասիք։ Այս առումով, Սահմանադրական հանձնաժողովի նախագծում համարյա լիակատար կերպով արտացոլվել են պետական ինքնիշխանության