Էջ:Ընտրանի.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցնող տարում որոշակի նախադրյալներ են ստեղծվել նաեւ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման առումով։ Նկատելիորեն կարգավորվել է կենսաթոշակային հիմնադրամի գործունեությունը։ Հաջորդ տարվա բյուջեում նախատեսված է 30 տոկոսով բարձրացնել բյուջետային աշխատողների աշխատավարձը, այդ թվում՝ ուսուցիչներինը, սկսած հունվարի 1-ից, իսկ մյուսներինը՝ տարվա ընթացքում երկու հանգրվանով։ Առկա միջոցների արդյունավետ օգտագործման եւ սոցիալական արդարության ապահովման տեսակետից կարեւոր միջոցառում կհանդիսանա նաեւ հուլիսի 1-ից ներդրվող ընտանեկան նպաստների համակարգը, որի ձեւավորման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտական փուլին։

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, 1997 թվականին տնտեսության ոլորտում տեղ են գտել նաեւ մի շարք մտահոգիչ երեւույթներ, որոնց հաղթահարումն առաջիկա տարում դառնալու է կառավարության առաջնահերթ խնդիրը։ Դրանք են՝ տնտեսական աճի նախատեսվածից ցածր տոկոսը, արտահանման կրճատումը եւ բարձր սղաճը, որոնց խորքային բնույթը, ըստ երեւույթին, պահանջում է ոչ թե զուտ վարչարարական, այլ ռազմավարական, տնտեսագիտական լուծումներ։

1997 թվականը հարաբերաբար հաջողված կարելի է համարել նաեւ Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման տեսակետից։ Շարունակվել եւ խորացել է սերտ համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ Միջազգային արժութային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եւրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի հետ։ Պահպանվել են ամերիկյան օգնության հիմնական ծավալները, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվել է նաեւ ամերիկյան ուղղակի օգնություն Լեռնային Ղարաբաղին։ Օգնությունների գծով որոշ առաջընթաց է արձանագրվել նաեւ Եւրամիության, Ֆրանսիայի եւ Հոլանդիայի հետ հարաբերություններում։

Երկկողմ կապերի ամրապնդման առումով հիշատակելի են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Իրանի եւ մանավանդ Ռուսաստանի հետ զարգացող հարաբերությունները։ Արտաքին քաղաքականության ամենանշանակալից իրադարձությունն, անշուշտ, Ռուսաստանի հետ կնքված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության» պայմանագիրն էր, որը երկու երկրների միջեւ նախատե