Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հակոբ Օրմանջյան

որոնք այնքան տառապանքներ են վերապրել հայ ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում։ Ընթերցողը կնկատի, որ ամենաբարդ իրավիճակներում անգամ Սարգսյանի հերոսները մարդասիրություն են ցուցաբերում իրենց թշնամիների հանդեպ։ Եվ դա պատահական չէ։ Այդ մարդասիրությունը հայ մարդուն բնորոշ գիծն է։ Տարբեր նվաճողների կողմից բնաջնջման ենթակա՝ հայ ժողովուրդը սովորել է թշնամուն հաղթել մարդկայնությամբ։ Սուրը գործի է դրվել միայն այն ժամանակ, երբ չի օգնել մարդկայնությունը եւ լցվել է համբերության բաժակը։ Դրա համար էլ Սարգսյանի ստեղծագործություններում շատ են պատմական համեմատությունները, որոնց միջոցով գրողն առաջադրում է իր բարոյա-էթիկական հայեցակարգը։

Մարդասիրություն, սեր տոհմի եւ հայրենիքի նկատմամբ եւ անկեղծ ինտերնացիոնալիզմ են բուրում Սարգսյանի գործերից։ Շատ հաջող է գրողի ստեղծագործությունը բնորոշում գրական քննադատ Հրանտ Թամրազյանը. «Նրա ստեղծագործությունների մեջ,- գրում է նա,- ուրույն հմայքով եւ ռեալիստական շնչով առանձնանում են պատերազմական թեմայով պատմվածքների եւ վիպակների մի զգալի մասը։ Նրանցում դուք զգում եք իրադարձությունների ռիթմը, կենդանի կյանքն ու մթնոլորտը, տեսնում մարդկանց բուն կենցաղը, փոխհարաբերությունները, բնական ապրումները։ Սարգսյանը մեր այն սակավաթիվ հեղինակներից է, որոնք կարողացել են հաղթահարել վերամբարձ խոսքը, անառարկա պաթոսը եւ պատերազմը պատկերել ռեալիստական արվեստի լրջությամբ, այսինքն՝ խորքով ու հարստությամբ»։

Ներկա գրքում զետեղված են նաեւ գրողի մի քանի պատմվածքները։ Սարգսյանը սիրում է երիտասարդությանը ու բարձրացնում է բարոյականության փափկանկատ խնդիրներ, հայրեր-որդիներ փոխհարաբերությունների այլեւայլ հիմնահարցեր։ Դժվար է գտնել մի պատմվածք, ուր այս կամ այն չափով, ուղղակի թե անուղղակիորեն չզգացվի պատերազմի արձագանքը։ Չենք կարող գրողին մեղադրել թեմայի հանդեպ հատուկ նախանձախնդրության մեջ, որովհետեւ խորհրդային, այդ թվում եւ հայ իրականության մեջ այսօր ամեն քայլափոխի զգացվում են այդ պատերազմի հետքերը։ Երեսունհինգ տարին, երեւում է, քիչ է մարդկանց հոգիներում վերքերը բուժելու համար։