Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ աշխատում էր լուծել կյանքի առեղծվածը, խորամուխ լինել, հասկանալ ու պատասխան գտնել, թե ինչո՛ւ է ապրում մարդը և փիլիսոփայական խաղաղությամբ նայելով մահվան պաղ ու խորունկ աչքերին՝ ուզում էր հաշտություն ստեղծի նրա ու նրա առջև սարսափող հոգիների մեջ։

Գերագույն ապավեն էր որոնում, Աստված էր որոնում տառապող ու դժբախտ մարդկության համար և գտնում էր նրան ոչ թե ուժի մեջ, այլ արդարության, ճշմարտության, ներքին, բարոյական մաքրության և այն սիրո մեջ, որ հավասարեցնում ու եղբայրացնում է մարդկանց, թշնամի չի ճանաչում աշխարհքում, չի հակառակում նույնիսկ չարին, և ազատությունն էլ հենց սրա մեջ էր դավանում։

Մահվան հանդեպ հաշվելով մարդու կարճօրյա կյանքի օրերը՝ իջեցնում է նրա արժեքը ու քարոզում է այն էլ նվիրել սիրո ու բարության Աստծուն։

Դեռ երիտասարդ հասակից նրա միտքը քաշում է դեպի բնությունն ու գյուղացին—մուժիկը։ Այնտեղից տարածվում է բոլոր արհամարհվածների ու զրկվածների վրա ու մի օր էլ բացականչում է. «Չեմ կարող չտեսնել մերկերին ու քաղցածներին»։ Իհարկե, այս այն տեսնելը չի, որ տեսնում են սովորական աչքեր ունեցողները։ Եվ այսպես տեսնելուց հետո ութսունական թվականներին գրում է. «Քաղաքային կյանքը, որ առանց այն էլ խորթ էր իմ հոգուն, զզվեցրել է արդեն և փարթամ կյանքի վայելքները, որ երբեմն հաճույք էին տալիս, այժմ տանջանք են դարձել ինձ համար»։ Եվ ահա նա վաղուց խորշում էր այս կյանքից ու սրա վայելքներից, որ հիմնված են ուրիշների տառապանքների վրա, վայելքներից» որ նա համարում է կեղծ քաղաքակրթության արդյունք ու ընդհանուր առումով կոչում է անառակություն։ Բայց խորշում էր շրջապատված այդ վայելքներով, ապրում էր իր համոզմունքներին հակառակ պայմաններում— մի ծանր դրամա, մի ՚ ներքին կռիվ, որ պետք է մի օր մի լուծում, մի ելք ունենար։

Այսպես առաջ գալով մենք գտնում ենք, որ նրա գործերից ամենամեծն ու բնորոշը, նրա գլուխ գործոցը եղավ վերջին փախուստը—ելքը Եգիպտոսից։