Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարությունները ու առևանգումները–մի խոսքո՛վ նույն հին հայկական հարցը։

Եվ պարբերաբար եվրոպական պետությունների, շահերի դիմաց, լուսավոր մարդկության խղճմտանքի դիմաց, ամբողջ հայության մորմոքվող սրտի դիմաց ծառանում է էդ արյունոտ ու արցունքոտ հարցը։ Այժմ էլ ահա նորից բարձրացել է նա սրբազան ահավորությամբ։ Ի՞նչպես պետք է վճռվի նա և էդ մնացած մասում։

Առաջին պատասխանը, որ բխում է գործի հիմնավոր ծանոթությունից, ասում է.

— էս օրվան մնացածն էլ պետք է վճռվի էնպես, ինչպես որ վճռվել է մինչև այժմ։

Բայց էստեղ մի մեծ հարց։

— Ո՞վ կուզի դրա առաջն առնի և ո՞վ է կարող։

Եվ ահա, հարցի պատմությանն ու ընթացքին հետևելով, եկանք կանգնեցինք էնտեղ, որ հայկական հարցի մնացորդն էլ պետք է լուծի Ռուսաստանն էնպես, ինչպես լուծել է մինչև այժմ, կամ ուրիշ խոսքով, եկանք կանգնեցինք Խոյ ու Մակու։ Եվ ահա սահմանի մյուս կողմը թյուրք կառավարությունը, որ միշտ խաղացրել է եվրոպական պետություններին, լավ գիտենալով, որ նրանք ՛էլ են խաղ անում, աճապարանքով հրամանագրում է իր պաշտոնյաներին—խաղաղություն պահպանել հայկական նահանգներում, թե չէ ռուսը անց կկենա։

էսպեսով ամբողջ աշխարհքը գիտի, որ թե․․․ ռուսն անց կկենա։

Թուրքը երբեք չի կարողացել և այժմ էլ չի կարող առնել ռուսի առաջը։ Հապա ո՞վ կուզենա առնել ռուսի առաջը։

Եվրոպական մեծ պետությունները կուզենան։

Նրանք են միշտ պաշտպանել թուրքին ռուսի դեմ և կարող է պատահել, որ նորից նրանք պաշտպանեն։

— Արդյոք թուրքի սիրո՞ւց։

— Ո′չ։

Գուցե հայերիսն մարդավայել օր ու կյանք տալու՛ համար;

— Երբե՛ք