Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րունակ կռվել են միասին, միասին տառապել, միասին ուրախացել, միասին կերել ու միասին քնել։ Այժմ բերել են իրար դեմ ու դեմ կանգնեցրել իբրև երկու թշնամու, և հրացաններն ոտներին բռնած նրանք համառ նայում են իրար։ Մեկ էլ դիմում են իրենց կողքին գտնվող գյուղացիներին և խնդրում են տեսնել ու իրենց հայտնել, թե արդյոք իրենց մեծավորներիցդ մոտիկ կան, թե չէ, հսկում են իրենց, թե չէ։ Երբ իմանում են՝ որ չկան՝ վազում են, գալիս կամուրջի մեջտեղը, գըրկում, համբուրվում, նորից հետ վազում իրենց տեղերը կանգնում ու դարձյալ հրացաններն ուսներին համառ նայում են իրար։

էսպես է, իմ անգին Լևան Դավիդովիչ. թշնամությանը, որ ստեղծված է մեր ժսղովուրդների մեջ՝ արհեստական է, իսկ սերն ու եղբայրության զգացմունքը, բնական և շատ ավելի ուժեղ, քան թե կարծում են մեզանում։

ժողովուրդներին խորթ է կաբինետում նստած պոլիտիկոսի նեղսրտությունը ե վայրկյաններով ապրող կառավարիչների հիվանդ նյարդայնությանը։ Նրանք բնության մեջ ու բնության հետ ձուլված են ապրում, և դարերով ապրած կյանքն ու փորձն է նրանց առաջնորդում։ էդ է պատճառը, որ նրանք էսքան էլ կարողանում <են> դիմանալ էն բոլոր թույներին, որ ներարկում են նրանց տանջված մարմնի մեջ հազար ու մի տեսակ կառավարիչներ ու ղեկավարներ ամեն տեսակ բարձր գաղափարի անունով և կամ ուղղակի բարբարոսաբար։

Ես ձեզ ավելին կասեմ, ոչ միային մեր երկու ժողովրդի մեջ է ուժեղ ու կենդանի էդ փրկարար շունչն ու զգացմունքը, այլև առհասարակ ժողովուրդների մեջ։ Առեք հենց թուրքերին ու հայերին։ Ես ձեզ էն տեսակ սրտառուչ դեպքեր կպատմեմ, և շատ ու շատ դեպքեր թուրքերի ու հայերի հարաբերություններից, էն տեսակ սրտալի եղբայրական վերաբերմունք թե՛ թուրքի, թե՛ հայի կողմից, որ կզարմանաք։ Եվ էդ էլ էն ժամանակ, երբ վատությանն ու կոտորածը ամեն կողմից, քաջալերվում է ու բորբոքվում, իսկ լավության անելն արգելվում, նույնիսկ մահվան սպառնալիքով արգելվում։

Այո ժամանակն է, թանկագին ընկեր, որ հայտնվեն ու ավելի


305