Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13 ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ


[1902 թ.] հուլիսի 29.

29/vii B, ключ

Սիրելի Ֆիլիպ.

Երբեմն, երբ պառկում եմ անկողնիս վրա կամ մի որևէ ծառի տակ ու մտածում, ասում եմ երբեմն այն էլ եմ մտածում, թե արդյոք այժմ ի՛նչ է մտածում Ֆիլիպը սեղանի վրա պառկած։ Խոստովանեմ — ես շատ եմ սիրում քո փիլիսոփայությունները — ավելի բանաստեղծական են լինում և բովանդակալի, իսկ բանաստեղծություններդ ընդհակառակը ավելի պրոգա և ջրալի։ Այս Վերջինը կարող էի թողնել, չասել, բայց — ասեցի էլի։ Դիտես, ես էլ հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում և բանաստեղծության մեջ էլ այն, որ ոչ արտասուք անի, ոչ հուզմունք, այլ մի վեհափառ խաղաղություն, մի վոլիմպիական, վսեմ, արհամարհոտ թռիչք դեպի լավագույն աշխարհները և ավելի ջինջ ու մաքուր մթնոլորտները։

Զարմանք. Հայնեն ասում է՝ բանաստեղծի սիրտը աշխարհի կենտրոնն է։ Վա՛յ մեր աշխարհի, բանաստեղծին ու նրա սրտին, և, հիրավի, իմ սրտի վրա չափազանց սաստիկ, ծանրանում են մեր աշխարքի ամեն ցավերը, գուցե այդ արդեն ապացույց, է, որ ես էլ եմ բանաստեղծ — բայց, ասում եմ, զարմանալու բան է, ես առանց երգելու հոգնած եմ այդ ցավերից ո. սիրում եմ բոլորովին ուրիշ ցավեր, ավելի անուշ, ավելի աստվտծային, երջանիկ ցավեր։

Չգիտեմ այսպես է, թե ինձ այսպես է թվում, թե կարող ես ջոկիր — այս ինչ կենտրոնախույս տրամադրության է, որ իմ մասային դարձնում է դավաճան ազգի առջև։

Սակայն քեզ ասեմ, որ միևնույն ժամանակ մի մեծ ազգային պոեմա եմ ձևում1, մի բան, որ վաղուց ներսս փոթորկում էր քաոսային դրության մեջ — և հոգի ասծոյ շրջեր ի վեր նորա —և անշուշտ մի օր ասելու է — եղիցի լոյս։ Ա՜խ, ինչ սքանչելի խոսք է. եղիցի լո՜յս,ստեղծագործոնթյան աստվածային