Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք։ Չենք հասկանում, թե էդ չգիտենալով ինչքան բան չգիտենք։ Չէ՞ երկիրն է իր «առանձնահատկություններով», որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, ե գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի։ Նա է որոշում ազգերի ճակատագիրը, առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել։

Պատմություն ունենք—տգետ ենք։ Եվ դժբախտաբար դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք։ Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը։ Չգիտենք։ Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել։

Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կար համար հի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում սկսած իրենից։ Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստուծո ընտրյալ ժողովուրդ, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի՝ հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգ<ուցյալ> Ռ. Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից։

«Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար
Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար.