Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմից, և կուխնու կողքի սենյակն էլ մյուս կողմից՝ տուր հավատարիմ մարդկանց — թեկուզ ձրի, միայն թե մարդիկ լինեն և լավ մարդիկ, թե չէ հետո շատ կփոշմանես։

Գրեցեք ինչ կա, ինչ չկա, ինչ եք անում, ի՞նչ եք մտադիր: Ամենքս համբուրում ենք ձեզ։

261. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Պյատիգորսկ — Կոջոր

<1917, հուլիսի կեսեր> Հասցես–Пятигорск, Провал № 28

Սիրելի Ֆիլիպ,

Եկանք Ռազմավիրական սքանչելի ճանապարհով։ Եթե հարմարություն լիներ, հենց էդ ճամփին էլ կմնայի ամբողջ ամառը։

Պյատիգորսկ սկզբներում շատ թուլացա, մեկ՝ որ սկսել էի հանգստանալ՝ նրանից, մեկ էլ նրանից, որ վաննաներ էի ընդունում։ էսպես բացատրեցին բժիշկները, որոնք գտան, որ օրգանական հիվանդություն չունեմ, այլ սաստիկ հոգնած եմ ու գրեթե քայքայված վիճակի մեջ։

Այժմ լավ եմ, կազդուրվում եմ արդեն — նկատելի կերպով։

Եղա Լերմոնտովի տանը, դուելի տեղը, և նրա ման եկած տեղերը։ Նրա գրվածքների մեջ շատ կտորներ միայն էստեղ կարելի է հասկանալ։ Հետո կպատմեմ՝ թե ինչը և ինչպես։

Երեկ Գրեչանինովն էր մոտս։ «Անուշից» օպերա է գրում։ Եկել էր ինձ հետ խորհրդակցելու։ Գոհ գնաց։ Ինձ վրա էլ էն տպավորությունը թողեց, որ նրանից բան է դուրս գալու։

Հայ գրողների ընկերությանն արդեն մի տուն նվիրել են Կիսլովոդսկ, իսկ Հայկազյան ընկերության մասին խոսելու եմ մի քանիսի հետ։ Մի քանի անգամ հրավիրել են Կիսլովոդսկ։ Վերջին անգամն էլ Համբարձումի (Թումանյանի) մոտ էինք ճաշին։ Տիկինն ու ինքը եկել էին մեզ մոտ։ Շատ լավ մարդիկ են։