Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չես գրում, թե երբ եք գալու։ Մենք էլ ամեն օր սպասում ենք։ Ուզում էի քեզ երկար նամակ գրեմ, բայց միշտ ասում ենք — էսօր կգան։

Գիգան գնացել է Երևան — մի քանի օրով — գործով։ Նրա առուտուրը վերջնականապես փչացավ։

Եկողն սպասում է․ շտապում եմ։

էստեղ շատ լավ են եղանակները և շատ էլ միրգ կա։ Հովիկն ի՞նչ է անում, Թամարն ի՞նչ է անում, չեք գրում։ Ասում են Սեդիկը շատ է չաղացել, իսկ Արփիկն էլ շատ է չարացել։ Ափսոս — չեմ կարող գամ։

Համբույրներ ամենքիդ։
Հայրիկ

Ձաղվեր

Տ. Աշխեն Խատիսյանին

381. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս–Ձաղվեր
<1921>, սեպտեմբերի 2, <Թիֆլիս>
Աշխեն ջան,

Հույս ունեմ, որ վերջին կես միլիոնն ստանալուց հետո դրություններդ մի քիչ լավացավ։ Երեկ էլ դարձյալ ուղարկեցի կես միլիոն, որ, իսկապես, էսօր են բերելու, էնպես որ նամակիս հետ միաժամանակ կստանաք։ Եվ, կարծում եմ, էս երկու օրս կգաք։

Հենց էստեղ Անուշն ու Համլիկը ղալմաղալով ներս բերին քու նամակը։ Կարդամ, հետո շարունակեմ1։

Աշխեն ջան, նամակդ կարդացի։ Գլխավորը ուզածդ կես միլիոնն էր, որ արդեն կստանաս։ Ուզում էի ձեզ համար ձրի գալու թուղթ առնեմ—ղրկեմ, բայց ասի՝ չարժե դրա համար դիմել։