Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարկում եմ քեզ.
Որ էշ կտրես։

էս անգամ էլ ինձ շինեցին ավանակ։ Առավոտը մի աղքատ մարդ կանչեցին, ինձ տվին նրան, որ տանի բանեցնի։ Պատվիրեցին, որ ո՛չ մեջքս վեր ունի, ո՛չ գարի տա, ո՛չ բաց թողնի, բարձի, ծեծի, գլխիցս մինչև ոտներս պլոկի։ էս մարդն էլ ասաց լավ, շնորհակալություն արավ ու ինձ քշեց տարավ։ Տարավ էս անխիղճ մարդը ինձ էնքան տանջեց, էնպես անիրավ բանացրեց, որ ուժս հատավ, աչքերիս լուսը թռավ, ամբողջ մեջքս վերքերով լցվեց։ Ցավս զգում եմ, դրությունս հասկանում եմ, բանականություն ունեմ, միայն լեզու չունեմ, որ գանգատ անեմ։

էդ քաղաքում ինձանից հետո մի ուրիշ թագավոր էին նստեցրել։ Նա իր պալատից մոտիկ մի զանգակ էր կախել տվել ու հրամայել, որ ինչ գանգատավորի իրան մոտ չթողնեն, գնա, զանգակը քաշի, թագավորին իմացնի։

էս աղքատը մի օր էլ ինձ բարձած տանում էր, ճանապարհին ինձ կանգնեցրեց, ինքը մտավ մի խանութ, որ բան առնի։ Նա մտավ թե չէ, ես փախա։ Փախա, գնացի, ուզեցի մտնեմ թագավորի մոտ, գանգատ անեմ, դռնապաններս չթողեցին, մի-մի փայտ առան, սկսեցին ծեծել, չո՛շ հա չո՛շ, ետ տվին: Գնացի, գլուխս գցեցի զանգակի թոկը, ժաժ տվի, զնգզնգացրի։

Էստեղ էլ պահապաններն եկան ծեծեցին, չո՛շ հա չո՛շ անելով քշեցին։ Զանգակի ձայնը թագավորն իմանում է, հարցնում է, թե՝ էդ ի՞նչ գանգատավոր է, որ չեք թողնում ինձ մոտ մտնի։ Ասում են, թագավորն ապրած կենա, գանգատավոր չկա, մի ավանակ էր, գլուխը գցել էր զանզակի թոկի մեջը, զնղզնգացնում էր։ Թե՝ գնացեք, ավանակ է, ինչ որ է, բերեք, էստեղ կապեցեք, մինչև դրա տերը կհայտնվի, տեսնենք էդ ինչ բան է։ Տարան, ինձ թագավորի դռանը կապեցին։

Տերս խանութից դուրս է գալիս, տեսնում է չկամ, ընկնում է փողոցեփողոց, ձայն տալով ման է գալիս,— Ա՛յ ավանակ տեսնող, ա՛յ ավանակ տեսնող։ Ասում են՝ քո ավանակը թագավորի դռանը կապած է։ Եկավ թագավորի մոտ։ Թագավորը