Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջդ խեղկատակներ դուրս կգան։ Այն ծաղրածությունները, այն խաղերը կանեն, որ հարյուր տարվան մեռելն էլ կծիծաղի, բայց դու չպետք է ծիծաղես, եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն։ Կհասնես ապարանքի առաջը։ Այս ու այն կողմը կտեսնես կապած խոյն ու առյուծը։ Առյուծի առջևը խոտ է ածած, ոչխարի առջևը միս է դրած։ Միսը կվերցնես առյուծի առաջը կդնես, խոտը ոչխարի, ու կանցնես։ Կմոտենաս դռներին, կտեսնես դռան մի փեղկը փակ է, մյուսը բաց։ Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու կանցնես։ Վերև ապարանքում, ոսկի վանդակի մեջ երգում է Հազարաձայն սոխակը։ Նրա երգի հետ մշտադալար վարդի փունջեր է թափում բերանից և վարդերի անուշ բուրմունքից ու երգով արբեցած յուր լուսեղեն անկողնում քնած է նրա հրաշագեղ տիրուհին։ Սոխակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտքդ պահիր, հիշիր, որ աղջկան ձեռք չտաս, թե չէ կորած ես։ Դուրս գաս թե չէ, ծառ, քար, հող-ջուր ետևիցդ ձայն կտան՝ տարա՜վ, տարա՜վ, հողածինը տարա՜վ։ Դու ետ չպետք է նայես, թե չէ դարձյալ քո մահն է։

Շնորհքը Քամի ձիու խրատով առաջ գնաց։ Անցավ լեղի գետը, անցավ տատասկի անտառը, անցավ խեղկատակների միջից, առյուծի ու ոչխարի ուտելիքները տվեց իրանց, փակ դռները բաց արավ, լուսեղեն ապարանքը մտավ։ Ոսկեղեն վանդակում գեղգեղում էր Հազարաձայն սոխակը հազար խաղով ու կլկլոցով, բերանից վարդ էր թափում, և նրա դայլայլիկներով ու վարդի բուրմունքով իր անկողնում քնած էր տերը՝ մի հրաշագեղ, աննման աղջիկ։ Երջանկության բուրմունքով լցրել էին ապարանքը։ Հազարաձայն սոխակի թովչական ձայնից ու աղջկա երկնային գեղեցկության հրապուրանքից Շնորհքը ինքն իրան մոռացավ։ Մոտեցավ աղջկանը։ Տեսավ վերմակը ետ է ձգել կրծքից, դուրս է հանել մերկ հոլանի բազուկները, կուսական մարմինը շնչում է գերբնական գեղեցկությամբ ու թարմությամբ։ Սիրտը ճմլվեց, չդիմացավ, գլուխը խոնարհեց և համբուրեց, և համբույրի հետքբ դրոշմված մնաց քնքուշ թշի վրա։

Հանկարծ միտն ընկավ Աժդըհի խրատը, թե ձեռք չտաս այն աղջկանը, թե չէ կհաղթվես ու կկորչես։ Վեր առավ Հազարաձայն