Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և գեղեցիկ դուրս գա և ժողովրդականի համն ու հոտը չկորցնի» (ԵԺ IV, 96)։ Միանգամայն իրավացի էր Պ. Մակինցյանը, երբ նույն աշխատանքում Թումանյանի մասին գրում էր, թե «վարիանտները լոկ աղբյուր են հանդիսանում, որտեղից նա, ըստ իր հայեցողության, իր մտահղացումին համեմատ նյութ ու ներկ է քաղում» («Գարուն», էջ 291)։

Նախ, Թումանյանը խիստ ընտրություն է կատարել օգտագործած պատումների բազմազան դրվագների մեջ։ Ելնելով մանուկների համար համեմատաբար ոչ մեծ պոեմ գրելու ծրագրից, նա կրճատել կամ փոփոխել է էպոսի շատ սյուժետային օղակներ, որոնք չէին ներդաշնակի մանկական ստեղծագործության ոգուն։ Դրանցից են՝ Դավթի ծնվելու հանգամանքները, նրա և Մսրա Մելիքի ազգակցական կապերի խճճված հանգույցը, Դավթի մանկական չարություններից մի քանիսը, Ձենով Օհանի կնոջ՝ Սառիայի գայթակղիչ փորձերը և այլն։ Թումանյանը բաց է թողել կռվի և աշխատանքի մի շարք դրվագներ, որոնց գեղարվեստական մշակումը կպահանջեր շատ ավելի մեծածավալ ստեղծագործություն։

Որոշ դեպքերում էլ, իր գաղափարական մտահղացման թելադրանքով, բանաստեղծը սրել ու զարգացրել է ժողովրդական պատումների մեջ միայն աղոտ կերպով ուրվագծված որոշ դրվագներ: Այստեղ առաջին հերթին պետք է հիշել Դավթի և ծերունի արաբ զինվորի խոսակցության տեսարանը և, մանավանդ, պարտված Մելիքի զորքի նկատմամբ Դավթի մարդասիրական վերաբերմունքի նկարագրությունը, զորքին ուղղված նրա դիմումը։ Այս և ուրիշ դեպքերում, ամենևին չխաթարելով ժողովրդական ստեղծագործության ոգին, Թումանյանը միաժամանակ ընդգծում է նրա արդիական հնչողությունը, դյուցազնական պատումի սերտ կապը իր աշխարհայացքի և ստեղծագործության ընդհանուր համակարգի հետ։

Սակայն ընդսմին ոչ մի պատկեր կամ բառ նա չի օգտագործել առանց հենվելու ժողովրդական սկզբնաղբյուրների վրա։ Դեռ պոեմի առաջին՝ ՄՃ տարբերակում Թումանյանը, բացի իր նշած չորս հիմնական պատումներից, որոշ չափով օգտվել է նաև Խ. Դադյանի «Սասունցի Դավիթ», Գ. Հովսեփյանի «Սասնա ծռեր» (Աբարանի բարբառով) և «Ռոստոմ Զալ»։ Արտ. Աբեղյանի «Թլվատ Դավիթ» վիպական տարբերակներից: Բանաստեղծը նկատի է ունեցել նաև Հ. Ճաղարբեգյանի արձակ վերապատումը («Սասունցի Դավիթ դյուցազն», Թիֆլիս, 1895), հատկապես պոեմի սկզբնամասում հերոսի ծննդյան պատմությունը շարադրելիս:

Հայ ժողովրդական էպոսի գրական մշակման փորձերն սկսվում են դեռ Թումանյանի պոեմից առաջ, անցյալ դարի վերջում (Մ. Մանդինյանի, Լեոյի, Հ. Ճաղարբեգյանի արձակ վերապատումները, Գ. Բալասանյանի «դյուցազներգական-պատմական պոեմները» և այլն)։ Թումանյանի պոեմից անմիջապես հետո հրապարակվեց Լ. Մանվելյանի «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք» դրամատիկական պոեմը, ավելի ուշ՝ Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի հայտնի երկերը, հայ խորհրդային և սփյուռքի գրողների չափածո և արձակ բազմաթիվ մշակումներ։ Այդ բոլոր գործերի շարքում Թումանյանի