Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Կյանք խընդրենք դըրանց…
Ջահել ժամանակ ի՜նչքան եմ ես էլ
Էդ ճամփի վըրա անքուն երազել,
Ի՜նչքան եմ ուզել թե փախչեմ ծածուկ…
Հիմի դըրանցն եք թարիֆ անում դուք…
Ուր գընան՝ աստված բանները աջի,
Չարը խափանի, բարին առաջի…
Ածում են կոնծում ընկեր ծերերը,
160 Բայց հեռու է դեռ պատմության ծերը։

— Շընորհակալ եմ, ողջ կենաք, ախպե՛ր,
Էս տեսակ մի բան չեմ տեսել ես դեռ.
Տեղ ունես թե չէ՝ մըտիկ չեն տալիս,
Տասը գընում են՝ քըսանը գալիս,
Ինչ որ ճանկում են՝ ուտում են, թափում,
Ամբողջ գիշերը վիճում, աղմըկում,
Ամպի պես ծըխով սենյակը լըցնում…
Էլ ոչ մահճակալ, ոչ տեղ են հարցնում.—
Մինը բարձրանում՝ սեղանին պառկում,
170 Մյուսը հատակին լեն-արձակ ձըգվում…
Ոչ աղբ են նայում, ոչ փոշի, ոչ ցեխ,
Պառկում են էստեղ, պառկում են էնտեղ…
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՜.
Թամաշա է հա՜…
Դե բաժակըդ բե՛ր,
Մարտիրոս ախպեր,
Արի՛, մի սըրտանց
Կյանք խընդրենք դըրանց.
Շատ լավ տըղերք են, ես ու իմ հոգին.
180 Հավան եմ կենում դըրանց արարքին,—
Մարդը նա հո չի՝ հենց իրեն նայի,
Մարդը նա է, որ աշխարհքը շահի…
Տեր աստված պահի իրեն խընամում…
Ածում են՝ վերջին բաժակն էլ քամում,
Չեն հասնում սակայն պատմության ծերը,
Ու միշտ ընկնում է էգուց գիշերը։