Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրեթե ամենից ընդունակն է կամ, ինչպես ժողովուրդն է ասում, իմաստուն կենդանի է, միշտ ազդվում է, կրթվում է, սովորում է և յուրացնում է իր տիրոջ բնավորության առանձնահատկությունները։ Առանց մանրամասնությունների մեջ մտնելու՝ նկատված է ընդհանրապես, որ գյուղացու շունը կոպիտ ու անճոռնի է լինում, բայց հավատարիմ. հովվի գամփռը ժիր ու մտացի է լինում, որսկանի շունը ճարպիկ ու հնարագետ, անբան, պարապ-սարապ պարոնի շունը՝ ծույլ ու քմապաշտ և գյուղացու անկիրթ շանից էլ ավելի կոպիտ, փակ, անհյուրասեր մարդու շունը՝ տխուր ու մռայլ։

Մեր հովիվների մեջ սովորություն է՝ հաճախ իրենց հոտը թողնել շների հսկողությանը։ Ամեն մի հովիվ հաստատ գիտի, որ իր շունը միանգամայն կփոխարինի իրեն։ Պատահում է, որ մթնագիշերով գելը կամ գողը վրա է տալիս, հարձակվում է, հոտը ցրվում է, կարկան է անում ոչխարի մի մասն ու քշում։ Աակայն հովիվը չի հուսահատվում, նա լավ գիտի, որ իր շները կփրկեն։ Միմիայն շներն են իր հույսը և միմիայն նրանց է աղաղակում։ Էդ ժամանակ շների մի մասը ցրված ոչխարն է հավաքում, մյուս մասը կամ մինը ընկնում է թշնամու տարածի, կարկանի ետևից՝ անդադար բարձր հաչելով ու կլանչելով, որ տերն իմանա որ կողմն է գնում և ազատում է թշնամու ճանկից, հավաքում ու պահում, չորս կողմը պտտում, մինչև տերը վրա է հասնում։ Եվ էդպես ժամանակը ոչ մի սպառնալիքով ու ոչ մի զենքով չի կարելի ետ դարձնել հովվի շանը։

Իսկ սովորական գիշերը հո նա անշարժ նստած է իր տեղը, իր թևում, հոտի կողքին և ոչ մի բանով, ոչ մի ուտելիքով չի կարելի նրան հրապուրել, տեղահան անել, մինչև վտանգ չլինի, կամ տերը չկանչի։ Կպատահի, որ հոտի մի կողմը մի որևէ կասկածելի շարժում նկատի, էն ժամանակ էլ թաքուն կերթա, կստուգի, կրկին կգա իր թևը։ Հովվի շունը հովիվն ինքն է որ կա, և դրա համար էլ հովիվը իր շանը սիրում է իր անձի նման։

139